Այցելություն Ղրիմ. նախագահ Սարգսյանն ասում է, որ թերակղզու հայերը «Հայաստանում տուն ունեն»
Այս շաբաթվա սկզբին այցելելով Ուկրաինայի հարավում բնակվող հայկական համայնք` նախագահ Սերժ Սարգսյանը կոչ է արել ամենահին հայկական գաղութներից մեկի հայությանը «ուղղել իր հայացքը դեպի Հայաստան»:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն ու կառավարության մի քանի անդամներ երեքշաբթի մասնակցել են նաև տեղի հայերի ուժերով վերանորոգված հին հայկական Սուրբ Խաչ վանական համալիրի հիմնադրման 650-ամյակին նվիրված միջոցառմանը: Եկեղեցու վերանորոգման գործում իր պետական աջակցությունն է ցուցաբերել Ուկրաինան: «Հայաստանի Հանրապետությունը որոշակի պատասխանատվություն է կրում հայ համայնքի առջև: Հայաստանն իր հերթին ձեր կարիքն ունի: Ցանկանում ենք, որ ձեր հայացքն ուղղված լինի դեպի Հայաստան, վստահեցնում ենք, որ ձեզնից յուրաքանչյուրը Հայաստանում տեղ և անելիք ունի: Հայաստանում դուք տուն ունեք»,- նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ` ասել է Սարգսյանը` դիմելով ղրիմահայերին: Reply |