Կրկնակի զրկվածները. «բարձրաստիճան» կոռուպցիայից տուժում է մանկատան շրջանավարտների բնակարանային ծրագիրը
Առնվազն 25 բնակարան, որ պետությունը Եվրամիության դրամաշնորհով գնել է մանկատան շրջանավարտների համար, անպիտան են բնակության համար:
Բնակարաններն այցելել են «ԱրմենիաՆաուի» թղթակիցները։ Մի քանի բնակարան կոյուղաջրերով մշտապես ողողվում են, և այնտեղ նույնիսկ անասուն չեն պահի։ Մանկուց ծնողազուրկ երիտասարդների ու նրանց զավակների համար բնակարանամուտը բերել է խոնավությունից առաջացած հիվանդություններ։ Մի քանիսը հեռացել են բնակարաններից՝ կոյուղու հեղեղների տակ չմնալու համար։ Բոլոր բնակարանները կամ առաջին, կամ վերջին հարկերում են, որի պատճառով կամ վերևից է խոնավություն գալիս, կամ` ներքևից։ Բնակարանները ձեռք են բերվել շուկայականից մի քանի անգամ ավելի գներով, և որբերին հարմարավետությունից զրկելու հաշվին հարստացել են որոշ պաշտոնյաներ։ «Բնակության համար պիտանի» պայմանը գրեթե ոչ մի բնակարան չի բավարարում։ Բնակարանները հատկացվել են Եվրահանձնաժողովի պարենային ծրագրի հիման վրա Կառավարության 2003 թվականին ընդունած «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրով։ Կառավարության հետ կնքած հուշագրի համաձայն` Եվրահանձնաժողովը 10 միլիոն եվրո է հատկացրել հանրապետության բյուջեին, որով պետք է իրականացվեին գյուղատնտեսական և սոցիալական ծրագրեր։ Reply |