Աստղաբույլ հայկական գիշեր Լոս Անջելեսում. 2009 թ. հայկական երաժշտության մրցանակաբաշխությունը
Դեկտեմբերի 13-ի մրցանակաբաշխությանն իրենց մասնակցությունը բերեցին հարյուրից ավելի հայ երգիչ-երգչուհիներ աշխարհի տարբեր երկրներից` մասնակցելու 23 անվանակարգերում ընթացող պայքարին: Մրցանակաբաշխության պրոդյուսերներն այս տարի Լոս Անջելեսի «Նոկիա» թատրոնում համատեղել էին ԱՄՆ-ի երկու հայկական մրցանակաբաշխությունները` Armenian Music Awards-ը և M Club Music Video Awards-ը: Մրցանակաբաշխության պրոդյուսերներից մեկը` Արթուր Կոկոզյանը, «ԱրմենիաՆաուին» հայտնեց, որ մրցանակաբաշխությանը ներկա է եղել մոտ 7000 հանդիսատես: Տոմսերի արժեքն էր 50-200 դոլար: Հայաստանից 23-ամյա Սիլվա Հակոբյանը, որը 2006 թ. BBC երաժշտական մրցանակաբաշխության հաղթող էր ճանաչվել, արժանացավ «Լավագույն երգչուհի» մրցանակին, իսկ Լոս Անջելեսից 29-ամյա Արմենչիկը (Արմեն Գոնդրաչյան)` «Լավագույն երգիչ» մրցանակին: Արամեն և Նունե Եսայանն արժանացան «Լավագույն զուգերգ» մրցանակին իրենց «Երկուսով» տեսահոլովակի համար: Մրցանակաբաշխության ժամանակ կազմակերպիչները Շառլ Ազնավուրին շնորհեցին մրցանակ` կյանքում ունեցած մեծ նվաճումների համար: Հայկական երաժշտության մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվել է 1998-ին Լոս Անջելեսի 1381-տեղանոց «Ալեքս» թատրոնում: Մրցանակաբաշխությունն առաջին ութ տարիների ընթացքում կազմակերպում էր ռեժիսոր Փիթեր Բահլավանյանը, որի նպատակն էր աջակցել հայ երգիչներին և նպաստել հայկական երաժշտության տարածմանն ԱՄՆ-ում: Ըստ Կոկոզյանի` մրցանակաբաշխությանը կարող է մասնակցել ցանկացած երգիչ, որը նախորդ տարում ալբոմ է թողարկել: «Նույնիսկ ոչ հայ երաժիշտներ կարող են մասնակցել մրցույթին, եթե նրանց ստեղծագործությունը համարվում է հայկական կամ հայկական մոտիվներով: Ժյուրիի կազմում ընդգրկված են երաժիշտներ, երգահաններ, արվեստագետներ, ձայնագրման ստուդիաների ղեկավարներ և երգարվեստի այլ ներկայացուցիչներ, որոնց կազմը պարբերաբար փոխվել է»,- ասում է Կոկոզյանը: Ակնկալվում է, որ միջոցառումների, մասնակիցների և հաղթողների մասին լրացուցիչ տեղեկություններ կլինեն www.armenianmusicaward.com կայքում:
Other Articles in Մշակույթ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.