Ամոքիչ երաժշտություն. բժիշկների համաշխարհային նվագախումբը հանդես կգա Հայաստանում
Բժիշկների համաշխարհային նվագախումբը, որում ընդգրկված են 80 բժիշկ-երաժիշտներ, այս շաբաթ եկան Երևան: Նրանցից շատերն առաջին անգամ էին Հայաստանում: Նվագախումբը 2007 թ. հիմնադրել է դիրիժոր Շտեֆան Վիլիխը, որը Բեռլինի Շարիտե (Charite university medical center) համալսարանի բժշկական կենտրոնի բժշկագիտության պրոֆեսոր է: «Մեր նպատակը երաժշտության միջոցով բուժօգնության մատչելիության ապահովումն է և առողջապահական քաղաքականության զարգացումը ողջ աշխարհում»,- ասում է Վիլիխը: Վիլիխի խոսքով` նվագախումբն արդեն 400 անդամ ունի աշխարհի քսան երկրներից, որոնց նա հավաքագրել է բժշկական հանդեսներում հայտարարություն տեղադրելով ու նվագախմբի կայքի միջոցով (www.world-doctors-orchestra.org): Երևանյան համերգի բոլոր 1300 տոմսերի վաճառքից ստացված հասույթը կհատկացվի «Փրկություն» հաշմանդամ երեխաների կենտրոն» հասարակական կազմակերպությանը: Երևանյան համերգին մասնակցող բոլոր ութսուն երաժիշտներն աշխարհի 12 երկրներից ճամփորդում են իրենց սեփական միջոցներով: Նվագախմբի 6 երաժիշտները հայ են, որոնցից երեքը` Հայաստանից: Բարեգործական համերգից մեկ օր առաջ` շաբաթ, 16:00-ին ևս մեկ համերգ է կազմակերպվելու, որի մուտքն ազատ կլինի: Բժիշկների համաշխարհային նվագախմբի հայաստանյան ներկայացուցիչ Արմինե Մաժինյանը, որի ջանքերով էլ կազմակերպվել է այս համերգը, ատամնաբույժ-ջութակահար է և արդեն երկրորդ անգամ է նվագում նվագախմբում: Համերգի մենակատարն է գերմանաբնակ հայտնի ջութակահար, մի քանի հեղինակավոր մրցույթների դափնեկիր 25-ամյա Սերգեյ Խաչատրյանը, որը նվագում է 1708 թ. «Հագինս» Ստրադիվարիուս («Haggins» Stradivarius) ջութակ: Նա, Մաժինյանի խոսքով, հինգշաբթի Փարիզի իր համերգից հետո կժամանի Հայաստան և կմիանա նվագախմբի փորձերին:
Other Articles in Մշակույթ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.