Երաժշտություն և ճաշակ. շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչներ քննադատում են ցածրորակ երաժշտությունը
«Հեռուստատեսությունը դաստիարակող մեծ ուժ ունի»,- ասում է Մանուկյանը՝ հեռուստաընկերություններին հորդորելով այդ ուժն ավելի լավ նպատակների ծառայեցնել: Մատնացույց անելով այսօր հեռուստաընկերությունների եթերում ամենաշատ հնչող երգերը, որոնք, մեղմ ասած, բավական պարզունակ են, «Էմփիռեյ» ռոք խմբի մենակատար Սարգիս Մանուկյանն ասաց, որ եթերով հնչող անորակ երաժշտությունը պատվիրատուների, այսինքն` տեսահոլովակի համար գումար ներդնողների ճաշակի արտացոլումն է: (1993-ին ստեղծված «Էմփիռեյ» խումբը Հայաստանի ամենաճանաչված ու սիրված ռոք խմբերից է: Վերջերս հեռուստատեսությամբ ու համերգներին համեմատաբար քիչ երևացող խումբն այժմ աշխատում է երկու երգի ձայնագրման վրա, որոնցից մեկը գրվել է հայտնի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի համար: Իր հաջորդ մարտի ժամանակ Դարչինյանը ռինգ դուրս կգա այդ երգի ներքո: «Էմփիռեյի» երգերն են հնչում նաև տեղական «Շանթ» հեռուստաընկերությամբ ցուցադրվող երկու սերիալներում:) «Այսօրվա մեր ունեցած երաժշտությունն ուղիղ համեմատական է փող դնողների ինտելեկտուալ մակարդակին: Այսօր պատվիրատուն ստեղծում է այնպիսի երաժշտություն, որը մարդուն զրկում է մտածելու ունակությունից»,- կարծում է Մանուկյանը: Ըստ նրա` Հայաստանում կա երգիչների մի խումբ, որը պարտադիր ներկա է լինում բոլոր համերգներին, ու նրանց մեծ մասը մտածում է ստեղծել մի այնպիսի երգ, որը հետագայում հնարավոր կլինի օգտագործել խնջույքների ժամանակ: Երգահան Էդգար Գյանջումյանը ևս հիացած չէ ժամանակակից հայ երաժշտությամբ: (Գյանջումյանի հայրենասիրական և սիրային բազմաթիվ երգեր, որ գրվել են մոտ տասը տարի առաջ, այժմ էլ շատ սիրված են ժողովրդի կողմից: Թեև երգահանն ասում է, որ ներկայումս էլ շատ է ստեղծագործում, բայց այժմ եթերով անընդհատ հայտնվելն իրեն այնքան էլ չի հետաքրքրում): Գյանջումյանի խոսքով` իրականությունն այսօր թելադրում է «շատ լուրջ մոտենալ երաժշտությանը»: Ըստ երգահանի` այժմ մեծ թիվ են կազմում վտանգավոր անհոգություն սերմանող երգերը: «Դրանք մարդուն այնպիսի տրամադրության մեջ են դնում, ասես կյանքը քեֆ-ուրախություն է, և չեն ստիպում, որ նա նայի իր հոգու խորքը»,- ասում է երգահանը: «Էմփիռեյի» մեներգիչ Մանուկյանը կարծում է, որ երաժշտություն տարածող հաստատությունները, մասնավորապես` հեռուստաընկերությունները, իրենց եթերն անորակ երաժշտությամբ չլցնելու հստակ քաղաքականություն պետք է ունենան: «Վատ երաժշտությունը հեռուստաընկերություններին այնքան փող է բերում, որ լավ երաժշտություն չեն հեռարձակում, որպեսզի վատ երաժշտությունը լավ երաժշտությամբ չծածկվի և «իրենց կլիենտներին չկորցնեն»,- ասում է Մանուկյանը, որը կոչ է անում հեռուստաընկերություններին` մտածել իրենց հասարակական դերակատարության մասին, քանի որ «հեռուստատեսությունը դաստիարակող մեծ ուժ ունի»:
Other Articles in Մշակույթ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.