Երիտասարդության պալատ. յոթ տարվա ամայություն Երևանի նախկին հայտնի շենքերից մեկի տեղում
«Երիտասարդության պալատը» երեկ և այսօր Պալատը (որն իր արտաքին տեսքի պատճառով Կուկուռուզնիկ էր կոչվում) կառուցվել է 1960-ականներին և դարձել Երևանի այցեքարտերից մեկը: Այն քանդվել է 2003 թ.` տեղ բացելով հյուրանոցի համար, որն այդպես էլ չկառուցվեց: Շենքն օտարվել էր պարտքի դիմաց և վաճառվել 1 մլն դոլարով «Ավանգարդ մոթորս» ընկերության սեփականատեր Էդիկ Ավետիսյանին: (Պալատի վաճառքին ընդդիմանում էր շենքի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը` Անահիտ Թարխանյանը, ըստ որի` շենքն արժեր 30 մլն դոլար): Սեփականատերը պարտավորվել էր մինչև 2006 թ. կատարել 5 մլն դոլարի ներդրում: Թեև տարածքը մաքրվել է, այդուհանդերձ նոր շենք չի կառուցվել: Թարխանյանի ենթադրությամբ` քանդված շենքից նվազագույնը 3 մլն դոլար են ստացել: Այս տարվա հունվարին անցկացվել է շենքի նոր նախագծի մրցույթ, որին ներկայացվել էր 350 նախագիծ 70 երկրներից: Սրանցից ոչ մեկը չի ընտրվել: «Նոր սեփականատերն ուզում է կառուցել աշխարհի 8-րդ հրաշալիքներից մեկը, այն դեպքում, երբ մրցույթին ներկայացված էին քառակուսի հատակագծով բարձրահարկ շենքերի նախագծեր: Բացի այդ, նման նախագիծն ընդհանրապես չի համապատասխանում հայկական ճարտարապետությանը»,- ասաց Թարխանյանը: Նա պատմեց, որ այնպիսի տպավորություն էր, թե նախագիծն արվել էր Չիկագոյի կամ Նյու Յորքի համար, այնտեղ հավանության չի արժանացել, և բերել են ներկայացնելու այս մրցույթին: Անահիտ Թարխանյանն իր գործընկերների հետ պատրաստվում է Երևանին նոր նախագիծ տրամադրել (անվճար), որտեղ կփոխվի միայն շենքի բարձրությունը, և վերևի հատվածում շենքը մի փոքր կլայնանա: Բայց շենքը կառուցելու համար անհրաժեշտ կլինեն նոր ներդրողներ, քանի որ դրա համար կպահանջվի նվազագույնը 30 մլն դոլար: «Մենք կարծում ենք, որ ՀՀ կառավարությունը լիովին իրավունք ունի տարածքը վերցնել և ընթացք տալ մեր առաջարկությանը, քանի որ սեփականատերը չի իրականացրել պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները, ու նոր նախագիծ դեռ չկա»,- ասում է Անահիտ Թարխանյանը: Ըստ «Ավանգարդ մոթորս» ընկերության տնօրեն Գևորգ Գևորգյանի` այս հարցի վերաբերյալ ոչ ոք չի կարող մեկնաբանություններ տալ, քանի որ սեփականատեր Էդիկ Ավետիսյանն արտասահմանում է:
Other Articles in Մշակույթ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 3 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.