Իէն Գիլանը և Թոնի Այոմին գործիքներ են նվիրել Գյումրիի դպրոցին
Երեւան են բերվել պրոֆեսիոնալ գործիքները Fender Musical Instruments Corporation-ից. ճապոնական Takamine ֆիրմայի 4 ակուստիկ կիթառներ եւ ամերիկյան Gretsch Drums ընկերության Blackhawk հարվածային սարք: Երաժիշտները դպրոցին նվիրել են նաեւ Paiste կիմբալներ եւ Vic Firth թմբուկի փայտիկներ` տրամադրված John Henrys Ltd ընկերության կողմից: 2009թ. հոկտեմբերի 1-ին Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի և ավստրալիական Do Something ընկերության կողմից իրականացված Armenia Grateful 2 Rock նախագծի շրջանակներում այցելել էին Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց: Դպրոցի տնօրեն Հարություն Ասատրյանը ռոք աստղերի հետ զրույցում ասել էր, որ իր աշակերտները շատ կցանկանային ունենալ լավ կիթառներ ու հարվածային գործիքներ: Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցն ավերվել էր 1988թ. երկրաշարժի ընթացքում եւ մինչ օրս տեղակայված է ժամանակավոր կացարաններում: «Մենք խորին շնորհակալություն ենք հայտնում մեծն երաժիշտներին բարդ պայմաններում երաժշտություն սովորող հայ երեխաների նկատմամբ նրանց ուշադրության համար: Գիլանի եւ Այոմիի Հայաստան այցից անցել է գրեթե 5 ամիս, սակայն այս նվերը վկայում է այն մասին, որ հայկական դպրոցին օգնելու նրանց ցանկությունը չի նվազել: Կցանկանայի նաեւ անկեղծ շնորհակալություն հայտնել երաժիշտների մենեջերներին` Ռալֆ Բեյքերին եւ Ֆիլ Բենֆիլդին, ովքեր անմիջապես զբաղվել են գործիքների ձեռք բերմամբ», - ասել է «Մեդիամաքս»-ի տնօրեն Արա Թադեւոսյանը: Մարտի 26-ին եւ 27-ին Երեւանում կկայանան Իէն Գիլանի համերգները Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որոնցից ստացված ողջ հասույթը կուղղվի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնմանը: «Դա եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ ի դեմս այդ մեծ երաժիշտների` Հայաստանն ունի մեծ ընկերներ», - ընդգծել է Արա Թադեւոսյանը: Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանին երաժշտական գործիքները Երեւան տեղափոխելուն աջակցելու համար: Իէն Գիլանի եւ Թոնի Այոմիի նվերը Երեւան է հասել ՀՀ նախագահի ինքնաթիռով, ով նախորդ շաբաթ այցելել էր Լոնդոն: «Դա շատ խորհրդանշական է, քանի որ Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock նախագիծն իրականացվում է երկրի ղեկավարի հովանու ներքո»,- նկատել է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի տնօրենը: Ակնկալվում է, որ գործիքները դպրոցի ներկայացուցիչներին կհանձնվեն մարտին` Իէն Գիլանի Հայաստան այցի շրջանակներում: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը Իէն Գիլանի` մարտի 26-ին եւ 27-ին կայանալիք համերգների գլխավոր հովանավորն է: Համերգների գործընկերը bmi ավիաընկերությունն է: Ի գիտություն. Այս նյութը, ինչպես նաև այս խորագրի ներքո ներկայացվող «ԱրմենիաՆաուիե մյուս նյութերը հրապարակվում են անփոփոխ: «ԱրմենիաՆաունե պատասխանատվություն չի կրում ճշգրտության և թարգմանության համար:
Other Articles in Մշակույթ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.