Բոլիվուդ-Հայֆիլմ. հնդկական կինոընկերությունը մտադիր է Հայաստանում ֆիլմ նկարահանելՄուքեշ Բհաթն այնքան հիացած է Հայաստանի գեղատեսիլ կիրճերով ու բարձրադիր մարգագետիններով, որ ուզում է այստեղ ֆիլմ նկարահանել: Նա ժամանել է Հայաստան հնդիկ գործարարների խմբի հետ՝ մասնակցելու հայ-հնդկական գործարար կլոր սեղանին: Բհաթն ասում է, որ Հայաստան է այցելել բարեկամների ու գործընկերների խորհրդով և անկրկնելի մթնոլորտ է գտել այստեղ: «Ես այստեղ գտա շատ արժեքավոր բան՝ հավատարմություն ավանդույթներին և բարի կամք մյուս ազգերի նկատմամբ»,- այս շաբաթ կայացած մամուլի ասուլիսում ասաց Բհաթը: Բհաթը, որը 45 ֆիլմ է նկարահանել Բոլիվուդում՝ Հնդկաստանի Հոլիվուդում, ծրագրում է նկարահանումները Հայաստանում սկսել հաջորդ տարի: Նա ասում է, որ դա կլինի սիրո պատմություն՝ Բոլիվուդի սիրած թեման: Նա չի բացառում հայ դերասանների մասնակցությունը ֆիլմին, ինչը, նրա հավաստմամբ, առաջ կբերի զբոսաշրջիկների ներհոսք Հայաստան: Նա ներկաներին հիշեցրեց Հնդկաստանում տարածված մի ասույթ՝ որտեղ Բոլիվուդ, այնտեղ զբոսաշրջիկներ: Խորհրդային տարիներին հնդկական ֆիլմերը շատ սիրված էին Հայաստանում, երբ լայնորեն ներկայացված էին ԽՍՀՄ-ում Հնդկաստանի հետ քաղաքական և մշակութային լավ հարաբերությունների շնորհիվ: Այժմ Բոլիվուդը տարեկան արտադրում է մոտ 1000 ֆիլմ, որոնց մի մասը ժողովրդականություն է վայելում նաև Արևմուտքում: Հայաստանի փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանը համակարծիք է հնդիկ կինոգործչին, որ Բոլիվուդը կարող է խթանել տուրիզմը Հայաստանում: Հաշվի առնելով, որ Հնդկաստանի բնակչությունը 1,1 միլիարդ է, և աշխարհում կա հնդկական ֆիլմերի ևս մեկ միլիարդ երկրպագու, նրա կարծիքով, միանգամայն իրատեսական է, որ Հայաստանում նկարահանված ֆիլմը հրապուրի զբոսաշրջիկներին, և նրանք ցանկանան անձամբ տեսնել երկիրը: Հայաստանում կինոյի միջոցով տուրիզմի զարգացման հնարավորությանն անդրադարձել էին անցյալ ամիս «Հայֆիլմի» նոր սեփականատերերը և տնօրենները: Կինոստուդիան սեփականաշնորհվել է անցյալ տարի Գաֆեսճյան հիմնադրամի կողմից, որը խոստացել է առաջիկա 10 տարում 20 միլիոն դոլար հատկացնել կինոարտադրության վերականգնմանը: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ և «Հայֆիլմի» նորանշանակ նախագահ Ռուբեն Գևորգյանցը ողջունում է իր հնդիկ գործընկերոջ նախաձեռնությունը: «Մենք հնդիկ գործընկերների հետ քննարկեցինք Հայաստանում ֆիլմ նկարահանելու նրանց ծրագիրը: Այլ երկրներում ֆիլմ նկարահանելը լայնորեն տարածված է ամբողջ աշխարհում, և մենք շատ ուրախ կլինենք, եթե մեր ստուդիան և երկիրը գրավիչ լինեն այլազգի ռեժիսորների համար»,- ասաց Գևորգյանցը «ԱրմենիաՆաուին»: «Հայֆիլմն» արդեն համագործակցել է ռուսաստանցի և իրանցի կինոռեժիսորների հետ, որոնք ֆիլմ են նկարահանել Հայաստանում»: Անցյալ տարի «Հայֆիլմի» նոր տերերը հայտնել էին լրագրողներին, որ բանակցում են գերմանացի ներդրողների հետ «Մուսա լեռան քառասուն օրը» ֆիլմի համատեղ նկարահանման մասին՝ ըստ ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի համանուն վեպի, որը նվիրված է Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությանը: Ֆիլմի բյուջեն պետք է կազմեր մոտ 35 միլիոն դոլար: Սակայն Գևորգյանցը հայտնեց «ԱրմենիաՆաուին», որ այդ ծրագիրն առայժմ չի իրականացվելու, և, հնարավոր է, որ Բոլիվուդը դառնա առաջին արտասահմանյան կինոընկերությունը, որը կհամագործակցի վերածնված «Հայֆիլմի» հետ: Հայ-հնդկական գործարար կլոր սեղանը կազմակերպել էին Հայաստանի արտգործնախարարությունը և Զարգացման հայկական գործակալությունը: Կլոր սեղանը Հայաստան էր բերել հնդկական առաջատար ընկերությունների 17 ներկայացուցիչների, այդ թվում՝ ադամանդագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործական ու մետալուրգիական՝ նպատակ ունենալով սերտ հարաբերություններ հաստատել հայ և հնդիկ գործարարների միջև: Տնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցերը կքննարկվեն հայ-հնդկական տնտեսական զարգացման միջկառավարական հանձնաժողովի նիստերի ընթացքում, որոնք կանցկացվեն Երևանում այս տարի: Իսկ առայժմ հնդիկ գործարարներին մտահոգում է միայն Հնդկաստանից Հայաստան ուղիղ չվերթի բացակայությունը: Հայաստանի իշխանությունները խոստացել են պայմաններ ստեղծել մոտ ժամանակներում Դելիի և Երևանի միջև օդային կապ հաստատելու համար:
Other Articles in Մշակույթ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.