Նպատակային կատարում. Ղարաբաղի կամերային նվագախումբը հաստատում է պետականությունը երաժշտությամբ

Կամերային նվագախումբը պետականության նոր դեմքն է
Դիրիժորի խոսքերով` երաժշտությունն առաքելություն ունի
2 տարի առաջ ստեղծված Արցախի պետական կամերային նվագախումբը, ինչպես նշում են երաժիշտները, դարձավ Արցախի պետականությունը հաստատող ևս մեկ ուժ:

Մինչև 2004 թվականը Ղարաբաղը սեփական կամերային նվագախումբ չէր ունեցել: Սակայն երկու տարի առաջ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) նախաձեռնեց կամերային նվագախմբի ստեղծումը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր նշանակելով Գևորգ Մուրադյանին:

«Դեռ 90-ականներին երազում էի կամերային նվագախումբ ստեղծել Արցախում,- ասում է 36 տարվա աշխատանքային փորձ ունեցող Մուրադյանը,- բայց պատերազմի տարիներ էին ու, ինչպես ռուսն է ասում` «նե դո էտովո բիլո»: Բայց արի ու տես, որ անգամ 15 տարի անց երազանքս իրականացավ ՀԲԸՄ շնորհիվ»:

«Շատերն ասում էին` Մուրադյան ջան, ո՞ւր ես գնում, այնտեղ ունկնդիր չկա: Ոչ մեկի ասածին ուշադրություն չդարձրի, հավատում էի մեր սկսած գործին»,- նշում է Մուրադյանը:

Մուրադյանը եղել է Երևանի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, հետո` ֆիլհարմոնիկ երգչախմբի ղեկավար և դիրիժոր: Նվագախմբի 23 երաժիշտներից 12-ը Հայաստանից են, 11-ը` Արցախից: Հայաստանցի երաժիշտներն ապրում են Ստեփանակերտում` վարձակալած բնակարաններում, որոնց համար վճարում է ՀԲԸՄ-ը, որից երաժիշտները նաև ամսական աշխատավարձ են ստանում:

«Այս կամերային նվագախմբում աշխատելն ինձ համար ոչ միայն մասնագիտական առավելություն է ենթադրում, այլև ինչ-որ իմաստով առաքելության կատարում,- ասում է Հայաստանից եկած թավջութակահար Հարություն Գևորգյանը: - Աշխարհում ազգերին ճանաչում են նրանց մշակույթով: Մեր գործով փորձում ենք ճանաչել տալ այս երկիրը: Ու, վստահաբար, ստացվում է»:

Նվագախմբի առաջին համերգը տեղի ունեցավ 2004 թ. հոկտեմբերի 8-ին` ՀԲԸՄ 83-րդ համագումարի առթիվ:

«Երբ առաջին անգամ բեմ դուրս եկա, հպարտությունս հասել էր իր բարձրակետին: Ու նաև շատ հուզված էի այդ զգացումից: Ես ղեկավարել եմ շատ նվագախմբեր տարբեր եվրոպական երկրներում, բայց միանշանակ պիտի ասեմ, որ Արցախում ավելի մեծ պատասխանատվությամբ եմ բեմ դուրս գալիս»,- ասում է Մուրադյանը, ում ադրբեջանական թերթերը համերգներից հետո անվանեցին «անջատողական և դիրիժոր-նվաճող»:

Դիրիժորը շեշտում է, որ իր արմատները Արևմտյան Հայաստանից են` թուրքի յաթաղան տեսած ընտանիքից, սակայն նա իր կռիվն այսօր տանում է ոչ թե զենքով, այլ երաժշտությամբ:

Նվագախումբը ամիսը մեկ անգամ մեկ ու կես ժամանոց համերգ է տալիս Ստեփանակերտում: Ելույթներ է ունեցել նաև Շուշիում, Մարտակերտում, Քաշաթաղում: Նախատեսվում են համերգներ Հադրութում ու Մարտունիում: Մինչև այսօր Արցախում տվել է 28 համերգ` կատարելով հայ և օտարերկրյա կոմպոզիտորների ստեղծագործություններ:

«Արցախի հանդիսատեսը շատ խստապահանջ է ու գնահատող: Նրան չես կարող խաբել կամ անորակ երաժշտություն հրամցնել: Դա նշանակում է, որ մեր գործը շատ ավելի է լրջանում ու պարտավորեցնող դառնում»,- ասում է նվագախմբի տնօրեն ու դաշնակահար արցախցի Սիմոն Սարգսյանը, ով հիշում է, թե սկզբում որքան դժվար էր աշխատանքը հունի մեջ գցել:

«Ժամանակի ընթացքում զարգացում ապրեց ոչ միայն նվագախումբը, այլև համերգների մատուցման ձևը: Սկզբում անգամ ազդագրերը ձեռագիր էինք կազմում, բուկլետներ չկային: Իսկ հիմա աշխատում ենք նույնիսկ գեղեցիկ, ժամանակակից դիզայնի վրա»,- ասում է Սարգսյանը:

300 դրամ արժողությամբ տոմսերը գրեթե միշտ սպառվում են, և 500 տեղանոց դահլիճը որպես կանոն լեփ-լեցուն է լինում:

Նվագախմբի գործունեության շնորհիվ Ստեփանակերտի երաժշտական քոլեջին կից վերջերս ստեղծվեց լարային ամբիոն:

«Արցախցի ծնողները շատ ոգևորված են, որ իրենց երեխաները հնարավորություն ունեն զբաղվելու երաժշտությամբ, հատկապես` լարային գործիքներով: Իսկ դա մեզ հույս է ներշնչում, որ կկարողանանք դաստիարակել մի սերունդ, որը մեր գործի շարունակողը կդառնա, և Արցախը կունենա սեփական երաժիշտներից ձևավորված նվագախումբ»,- ասում է Մուրադյանը:

ԱրմենիաՆաուի էջերում