Վտանգված մասունքներ. մասնագետները մտահոգված են Մատենադարանի ձեռագրերն արտասահման ուղարկելու ծրագրերովՁեռագրերը, որոնք պետք է տարվեն Ֆրանսիա փետրվար-մարտ ամիսներին Լուվրում կայանալիք «Սուրբ Հայաստան» խորագրով ցուցահանդեսի համար, պահվում են Մատենադարանի պահոցներում, հատուկ ջերմաստիճանային պայմաններում, և նույնիսկ ընդգրկված չեն մշտական ցուցադրության մեջ: «Կան գանձեր, որոնք անձեռնմխելի են. դրանք չի կարելի ոչ մի դեպքում տեղաշարժել, ենթարկել ջերմաստիճանի տատանումների, չպետք է դիմել անհիմն ռիսկերի: Նույնիսկ ՀՀ կառավարությունն իրավասու չէ նման որոշում կայացնելու, քանի որ սրանք համայն հայության գանձերն են, և հանել Հայաստանից` նշանակում է վտանգել դրանց գոյությունը»,- ասում է Երևանի պետական համալսարանի հայ արվեստի պատմության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի տնօրեն Լևոն Չուգասզյանը: Նախատեսվում է ցուցահանդեսում ներկայացնել հետևյալ ձեռագրերը. 989 թ. Էջմիածնի Ավետարանը, որի վերջում կարված են 6-7-րդ դարերի հայկական ամենահին հայտնի մանրանկարները, Էջմիածնի Ավետարանի 6-րդ դարի փղոսկրյա կազմը, Անիի քաղաքացիներին իրենց տարազներով պատկերած, իր տեսակի մեջ միակ, Մարգարե նկարչի ծաղկած 1211 թ. Ավետարանը, Հայաստանում գտնվող արծաթե կազմով ամենահին` 1255 թվականի Ավետարանը, Հեթում Բ թագավորի պատվիրած 1286 թվականին Ճաշոցը` 200 մանրանկարներով, Ութ մանրանկարիչների Ավետարանը, որի ձևավորումներն ավարտել է Սարգիս Պիծակը 1320-ին, Թորոս Ռոսլինի ծաղկած 1267-68 թթ. Մալաթիայի Ավետարանը և այլ ձեռագրեր: «Այս ձեռագրերը մեր սրբություն սրբոցն են, ինչպե՞ս կարել է ազգային սրբությունները հանել երկրից և այն էլ` օդանավով: Ամեն ինչ կարող է պատահել, ոչ միայն օդանավի հետ, նույնիսկ ցուցադրության ընթացքում: Բացի այդ, ձեռագրերը պահվում են հատուկ ջերմային ռեժիմով, 20 աստիճանից հանել և տանել 0 աստիճանի` անթույլատրելի է»,- ասում է Չուգասզյանը: Վերոհիշյալ ձեռագրերից երկուսն ընդգրկված են կառավարության որոշմամբ հաստատված առանձնակի մշակութային արժեքների ցանկի մեջ, որոնց արտահանումն արգելվում է: «Ես չգիտեմ` ինչպես են դրանք տանելու, այդ ձեռագրերի արտահանումն օրենքով արգելված է` լինի Լուվր, թե Մետրոպոլիտեն, արգելվում է, քանի որ դրանք բացառիկ արժեքներ են ոչ միայն հայ, այլև համաշխարհային մշակույթի համար»,- ասում է Մշակութային արժեքների պահպանման գործակալության տնօրեն Շողիկ Ասոյանը: Մատենադարանի տնօրեն Սեն Արևշատյանը հավաստիացնում է, որ ձեռագրերի տեղափոխումը վտանգավոր չէ: «Կառավարության որոշմամբ ժամանակավորապես կասեցվել է օրենքը, որն արգելում է մի քանի ձեռագրեր տանել ցուցադրության, և ես այդ որոշման համաձայն թույլատրում եմ մեր ձեռագրերը ցուցադրել Լուվրում, քանզի նման հնարավորություն մենք ամեն օր չունենք»,- ասում է Արևշատյանը: Ըստ նրա` Մատենադարանն ունի հատուկ սեյֆ-արկղեր, որոնցով արդեն մի քանի անգամ ձեռագրերը տարվել են տարբեր ցուցահանդեսներ, և որևէ խնդիր չի առաջացել: Սակայն մտահոգ մտավորականներն այլ կարծիքի են: Նախագահին ուղղված նամակում նրանք նշում են. «Այս բացառիկ ձեռագրերը միաժամանակ Ֆրանսիա տեղափոխելը, մանավանդ օդային ճանապարհով, հղի է անդառնալի և աղետալի հետևանքներով»: Նամակում հիշեցվում է օդանավային աղետի ժամանակ Արշիլ Գորկու մի շարք նկարների ոչնչանալու և Ֆրանսիայում նավի վրա ծագած հրդեհի ժամանակ Մարտիրոս Սարյանի կտավների այրվելու մասին: Ֆրանսիայում Հայաստանի տարվա հանձնակատար, ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը հայտնեց «ԱրմենիաՆաուին», որ ձեռագրերն ապահովագրված են, և Մատենադարանը երաշխավորել է, որ հատուկ արկղերում դրանց վտանգ չի սպառնում: «Որևէ մեկը չի կարող ասել, թե տեղափոխելը հարյուր տոկոսով անվտանգ է, ռիսկ ցանկացած դեպքում կա, անգամ Մատենադարանը դրանից ապահովագրված չէ, բայց այլ խնդիր է, թե որքանով ես կառավարում ռիսկը: Այս պահին մենք բոլոր հնարավոր միջոցառումներն իրականացնում ենք, որպեսզի բացառենք որևէ պատահար»: «Եթե անգամ կա չկառավարվող ռիսկի գործոն, միևնույն է` ցուցահանդեսից ակնկալիքներն ավելի մեծ են : Մեզ ամեն օր հնարավորություն չի ընձեռվում ցուցադրվելու Լուվրում»,- ասում է Սարգսյանը: Սակայն Չուգասզյանն ասում է, որ մագաղաթյա ձեռագրերն այնքան նուրբ են, որ ջերմաստիճանի տատանումը կարող է լուրջ վնաս հասցնել դրանց: «Այդ ձեռագրերը հրաշքով են 1700 տարի պահպանվել ու հասել մեզ: Դրանք վտանգելու իրավունք մենք չունենք»,- ասում նա:
Other Articles in Մշակույթ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.