Նոր ամսագիր, հին բանավեճ. գրական հանդեսն իր նախորդի նման արժանանում է գրաքննության

Երևանի երեք գրախանութներ հրաժարվել են «Ինքնագիր» գրական հանդեսի 2-րդ համարը վաճառելուց և վերադարձրել են ամսագրերը «Առէջ» դիստրիբյուտորին, այսպես կոչված, ոչ նորմատիվային բառապաշարի պատճառով:

Հանդեսի հրատարակիչը զգուշացրել է դիստրիբյուտորին, որ Երևանի խոշոր հինգ գրախանութներից երկուսը նախկինում հրաժարվել էին ընդունել «Բնագիր» հանդեսը, և «Ինքնագիրը» նրանց չի առաքվել:

«Ինքնագիր» հանդեսը հիմնադրել է բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանը, որը եղել է փակված «Բնագիր» հանդեսի երկու խմբագիրներից մեկը: «Բնագիրը» նույնպես դուրս է եղել ավանդական շրջանակներից բաց սեռական տեսարանների պատճառով (տես հարակից հոդվածը):

«Ինքնագրի» երկրորդ համարը, որը տպվել է 250 տպաքանակով և վաճառվում է 1000 դրամով, լույս է տեսել երեք շաբաթ առաջ` 2005 թ. նոյեմբերին հրատարակված առաջին համարից ավելի քան մեկ տարի անց:

Դիստրիբյուտորի հավաստմամբ` գրախանութները հրաժարվում են ընդունել 160 էջանոց «Ինքնագիրը» 38-րդ էջում տպագրված երգերի տեքստի պատճառով:

Երգերում, որոնք ներկայացնում են «պանկ» ուղղության մոտեցումները, օգտագործված է ամերիկյան «այլընտրանքային» պոեզիային հատուկ լեզու, որը, ինչպես և Ամերիկայում, չի համապատասխանում լեզվի ընդունված նորմերին:

Երգերի հեղինակներն են 23-ամյա Արեգ Առաքելյանն ու 22-ամյա Արման Մարտիրոսյանը: Արմանն իրեն վատ է զգում, որ իր տեքստը խնդիրներ է առաջ բերել «Ինքնագրի» համար, իսկ մյուս հեղինակն ուրախ է, որ նման ուշադրության են արժանացել:

Երևանի ամենամեծ գրախանութը` «Բուկինիստը», որն աչքի է ընկնում գրականության բազմազանությամբ, և որտեղ հնարավոր է գտնել ռուս և արևմտյան հեղինակների բաց սեռական նկարագրություններով ու ավելի «ոչ նորմատիվային» բառապաշարով գրքեր, նույնպես մերժել էր «Ինքնագիրը»:

Գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանն ասում է, որ հրաժարվել է հանդեսից երգերի տեքստերը կարդալուց հետո. «Դա ինչպե՞ս վաճառքի հանես»:

Այն հարցին, թե ինչպե՞ս են գրախանութում վաճառվում ռուսերեն ավելի բաց ու ավելի «հարուստ» բառապաշարով գրքեր, նա ծիծաղելով պատասխանեց. «Գուցե 10 տարի հետո նայեմ «Ինքնագիրը», ու ինձ ծիծաղելի թվա, որ անցյալում չեմ ընդունել, չգիտեմ»:

«Ինքնագրին» նախորդած «Բնագիրն» առաջինն էր, որ մարտահրավեր նետեց հայկական գրական բարքերին ու մշակութային զգայուն ավանդույթներին: Գրաքննադատներն ու երկու գրախանութներ մերժեցին այն որպես փողոցային, սեքսուալ թեման արծարծած, իսկ գրախանութներից մեկը հրաժարվեց վաճառել այդ հանդեսների խմբագիր Վիոլետ Գրիգորյանի բանաստեղծական ժողովածուն, որը տպվել էր դեռ խորհրդային տարիներին և 1991 թվականին արժանացել Գրողների միության ամենամյա մրցանակին:

«Երբ երեք տարի առաջ երկու գրախանութ մերժեցին «Բնագրի» 4-րդ համարը, մտածեցինք` նրանց ճաշակի խնդիրն է, բայց այսօր, երբ Երևանի բոլոր գրախանութներն են մերժում, արդեն զգում եմ հասարակական գրաքննության ճնշումը, որ շատ տհաճ է,- ասում է Գրիգորյանը: - Սա ցույց է տալիս, որ մեր հասարակությունն ավելի անհանդուրժող է դառնում, որը շատ մտահոգիչ է»:

Այսուհանդերձ, հանդեսը վաճառվում են «Արթբրիջ» և «Ակումբ» սրճարանների գրքի բաժնում: «Այս սրճարանները դարձան այն կղզյակները, որոնց շնորհիվ մենք մեզ դեռ օտար չենք զգում այս երկրում»,- ասում է Գրիգորյանը:

ԱրմենիաՆաուի էջերում