Վտանգված ժառանգություն. տաղանդավոր նկարչի որմնանկարները մոռացության են մատնվելՀայաստանի ամենապայծառ նկարիչներից մեկը` Մինասը (1928-1975 թթ.), հայտնի էր որպես տաղանդավոր գեղանկարիչ, գրաֆիկ և բեմանկարիչ: Նա ձևավորել է «Ալմաստ» օպերան, «Գայանե» բալետը և այլ բեմադրություններ: Նրա ամենամեծ որմնանկարները ստեղծվել են Գյումրում: 1970-1974 թթ. Մինասը մի շարք որմնանկարներ է ստեղծել Գյումրու գործարաններում ու մշակույթի կենտրոններում: Այդ որմնանկարները Մինասի առ այսօր հարատևող ժառանգությունն են: Վարպետի աշխատանքների մի մասն այրվեց նրա երևանյան արվեստանոցի հրդեհի ժամանակ և ոչնչացավ 1988-ի երկրաշարժի հետևանքով` նրա հայրենի Ջաջուռ գյուղի (Շիրակի մարզ) թանգարանում: Այսօր նրա 14 մեծ որմնանկարներից միայն 5-ն են ամբողջությամբ կամ հարաբերականորեն պահպանվել, մինչդեռ մյուսները կամ վնասվել են երկրաշարժի ժամանակ, կամ էլ չվերականգնվելու պատճառով աստիճանաբար քայքայվում են: Նրա որմնանկարների ճակատագիրը կանխորոշված էր գործարանների սեփականաշնորհումից հետո, քանի որ որմնանկարների պահպանման կամ վերականգնման հարցը մասնավոր ներդրողներն ու իշխանությունները երբեք չեն քննարկել: Սեփականաշնորհումից հետո գործարանները սովորաբար կամ մաս-մաս վաճառվում են, կամ էլ օգտագործվում այլ նպատակով` որպես ռեստորան կամ գրասենյակ: Գյումրու հղկող հաստոցների գործարանի սեփականաշնորհումից շատ չանցած ոչնչացել են այնտեղ գտնվող Մինասի երեք որմնանկարները: «Տասը տարի առաջ մեկ այլ գործարանում փրկվեց երկու որմնանկար,- ասում է «Կայունություն և առաջընթաց» ՀԿ նախագահ Սերգեյ Նազարեթյանը: - Որմնանկարները վերականգնել էին բուլղարացի մասնագետները, որոնք էլ հոգացել էին վերականգնման ծախսը` 100.000 դոլար: Այսօր մենք պետք է լուծենք մյուս 9 որմնանկարների խնդիրը»,- ավելացնում է նա: Անցյալ տարի կառավարությունը 5,8 միլիոն դրամ է հատկացրել (20.000 դոլար) գործարաններից մեկում գտնվող «Թորոս Ռոսլինի ծնունդը» հսկա որմնանկարի տեղափոխման ու վերականգնման համար: «Գումարը հատկացվել է, սակայն ոչ մի աշխատանք չի արվել,- ասում է Նազարեթյանը: - Պաշտոնյաները նախընտրում են չխոսել այդ մասին: Այդ գումարը բավական չէ եզակի գլուխգործոցը փրկելու համար»: Արդեն երկու տարի Նազարեթյանի ղեկավարած ՀԿ-ն աշխատանքներ է տանում, որոնք ուղղված են որմնանկարների պահպանմանը: Նրանք լուսանկարում են պահպանված որմնանկարները, համակարգչային ծրագրի միջոցով վերականգնում վնասված մասերը` աշխատանքների ամբողջական պատկերը վերականգնելու նպատակով: «Կա Մինասի որմնանկարների ճակատագրին առչնվող մեկ այլ լուրջ խնդիր: Լսել ենք, որ նախատեսում են դրանք Գյումրուց տեղափոխել Երևան, բայց մենք թույլ չենք տա: Մինասի արմատները Շիրակում են, և նա իր պատճառներն ուներ` որմնանկարները Գյումրում ստեղծելու»: Նազարեթյանն ասում է, որ ամենավատ վիճակում է 1973-ին Վահրամաբերդ գյուղի մշակույթի պալատում ստեղծված «Հայաստան» որմնանկարը: Երկրաշարժի ժամանակ պալատը քանդվել է, կանգուն է մնացել միայն որմնանկարով պատը: Գյուղի բնակիչները մետաղյա ծածկ են սարքել` որմնանկարն արևից ու անձրևից գոնե ինչ-որ կերպ պաշտպանելու համար, բայց դա հարցի լուծում չէ: Անցյալ տարի մամուլի ասուլիսներից մեկում Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ասել է, որ խորապես մտահոգված է Մինասի ժառանգության պահպանման հարցով` նշելով, որ կառավարության անգործության հիմնական պատճառներից մեկը որակյալ վերականգնող մասնագետների բացակայությունն է: Նախարարն ավելացրել է, որ 2008-ին միջոցներ կհատկացվեն Մինասի որմնանկարների վերականգնման համար, և որ մի քանի երիտասարդներ են գործուղվել Իտալիա` համապատասխան հմտություններ ձեռքբերելու նպատակով: Քանի դեռ այդ մասնագետները չեն վերադարձել, Նազարեթյանի ՀԿ-ն նախատեսում է տեղափոխել որմնանկարներից մեկը քաղաքապետարանի նորակառույց շենք, մյուսը` Գյումրու եկեղեցիներից մեկը, իսկ մեկն էլ` Մինաս Ավետիսյանի խննդավայր Ջաջուռում գտնվող տուն-թանգարան (թանգարանը վերականգնվել և վերաբացվել է 2004-ին «Լինսի» հիմնադրամի միջոցներով):
Other Articles in Մշակույթ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.