Հետհաշվարկ. Կովկասի երգչուհիները «Եվրատեսիլում» թեժ պայքարի մեջ են

Հետհաշվարկ. Կովկասի երգչուհիները «Եվրատեսիլում» թեժ պայքարի մեջ են

Courtesy Eurovision.tv/ By Respective Broadcaster in Studio and Nicola Chessa

Եվա Ռիվասն ընդդեմ Սաֆուրայի

Պարզունակ երգի բառեր, պսպղուն զգեստով, ֆոտոխցիկների առջև ժպտուն փոփ աստղերը գարնան այս շրջանում միայն մեկ բան են նշանակում` «Եվրատեսիլ» է:


Այո´, 39 երկրների լավագույն և վատագույն (միգուցե պարզապես վատագույն) երգիչ-երգչուհիներն այս տարի ևս հուզումնալի պայքարի մեջ կմտնեն: Նրանց թվում են նաև Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը և Ադրբեջանից Սաֆուրան: Երգչուհիները կպայքարեն երգի մրցույթում, որը կանցկացվի երկու կիսաեզրափակիչ և մայիսի 29-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում կայանալիք եզրափակիչ համերգներով:

Երկու երկրներն էլ մրցույթի ֆավորիտների շարքում են, սակայն ադրբեջանուհի Սաֆուրան առջևում է:

«Ծիրանի կորիզ» երգով Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը ծնվել է Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում և ութ տարի հանդես է եկել «Արևիկ» համույթում: Երգչուհին այժմ աշխատում է իր նոր ձայնասկավառակի վրա, որում կընդգրկվեն Սայաթ-Նովայի երգերը: «Հայաստանի Անջելինա Ջոլի» մականունը ստացած Ռիվասի երգի երաժշտության հեղինակը Արմեն Մարտիրոսյանն է` Անդրեի «Առանց քո սիրո» երգի հեղինակը, որով Հայաստանն առաջին անգամ մասնակցեց «Եվրատեսիլին»: Երգի բառերի հեղինակը Կարեն Կավալերյանն է, որի` տարբեր երկրների ներկայացուցիչների համար գրած բառերով երգերը վեց անգամ մասնակցել են մրցույթին:

Թեև «Ծիրանի կորիզը» հնչելու է անգլերեն, նրա խորհրդանշական բառերը ներկայացնում են Հայաստանը: Այն բավական տարբերվում է անցյալ տարվա երկու լեզվով (հայերեն և անգլերեն) ներկայացված «Ջան-ջան» երգից, որը կատարեցին Ինգա և Անուշ քույրերը:

Ծիրանի կորիզ`
Բռիս մեջ պահած,
Հայրենի երկրից
Նվեր ինձ տրված,
Ես քեզ կդնեմ
Պաղած հողի մեջ,
Որ դու վերսկսես
Քո պտույտն անվերջ…

Թեև Ռիվասն ունի ուժեղ ձայնային տվյալներ և նույնիսկ ավելի աչքի ընկնող արտաքին, երգի ներկայացման ամենահետաքրքիր պահը կապված է հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ, որը «քարին» նստած դուդուկ է նվագելու: Բեմում նրա հայտնվելը հետաքրքիր նորություն է «Եվրատեսիլի» համար, քանի որ Գասպարյանը կլինի մրցույթի ամենատարեց մասնակիցը:
Իր ելույթից առաջ Ռիվասը շրջել է Եվրոպայով` տառացիորեն սփռելով ծիրանի կորիզներ: Դեռևս անցյալ շաբաթ նա այցելել էր Ֆրանսիա, որտեղ Լիոն քաղաքի «Շամբովե» զբոսայգում տնկել է ծիրանենի:
Ռիվասն ու իր թիմակիցները ծիրանենիներ են տնկել նաև Հունաստանի Սալոնիկ քաղաքում և Կիպրոսում:
«Եվրատեսիլում» Ռիվասին թեժ մրցակցություն է սպասում` ի դեմս Սաֆուրա Ալիզադեի, որը «Drip Drop» («Կաթ-կաթ») երգով կներկայացնի Ադրբեջանը: «Կաթ-կաթն» արևմտյան ռիթմերով գրված սիրային բալլադ է, որի բեմադրող պարուսույցը ՋաՔվել Նայթն է, ով բեմադրել է նաև Բիյոնսի հիթերից մեկի` «Single Ladies» («Ամուրի կանայք») տեսահոլովակը (ռեժիսոր` անգլիացի Ռուպերտ Ուայնրայթ): Ուշագրավ է, որ վերջինիս «The Fog» («Մառախուղ») ֆիլմը, Rotten Tomatoes («Փտած լոլիկ») կայքի դասակարգմամբ, ընդգրկվել է անցյալ տասնամյակի 100 ամենավատ կինոնկարների շարքում:

Ի տարբերություն Ռիվասի` ազգային մոտիվներ պարունակող երգի, «Կաթ-կաթը», որի հեղինակներն են Անդերս Բեգը, Ստեֆան Եորնը և Սանդրա Բյուրմանը, փոփ ոճին բնորոշ երգ է` սկսած պարողներից մինչև նրա փայլփլուն հանդերձը, չմոռանանք նաև նրա տեսահոլովակի թռչող ադամանդները, անձրևը և ստորջրյա տեսարանները: Երգահան Բեգը երգեր է գրել հայտնի երգիչների, այդ թվում` Սելին Դիոնի, Մադոննայի և Ջենիֆեր Լոպեսի համար, սակայն «Կաթ-կաթն» այդ նշաձողին չի հասնում:

Ասա ո՞ւր էիր,
Ինչո՞ւ ես ուշանում,
Քեզնից ասես կրկին շրթներկի հոտ է բուրում,
Դե, պատասխանի´ր հարցիս,
Ասա ինչ-որ բան,
Ինչո՞ւ ես քեզ այդպես պահում,
Օ, ասա, որ դա միայն ինձ է թվում…

Եվ ինչպես «Եվրատեսիլի» սիրահարները գիտեն, ըստ էության երաժշտության տեսանկյունից «թույլ» երգը կարող է բարձր հորիզոնականների հավակնել միջակության այս շքահանդեսում:

«Եվրատեսիլ» երգի մրցույթի բլոգի (wiwibloggs.com) գլխավոր խմբագրի կարծիքով` սա վատ չէ: Նույնիսկ շատ լավ է. բուքմեյքերական գրասենյակները մրցույթում նրա հաղթելու հնարավորությունները բավական բարձր են գնահատում:

Անդրադառնալով լրատվամիջոցներում տեղ գտած մրցույթին առնչվող արձագանքներին, որոնք ներկայացնում են «Եվրատեսիլից» զատ տարածաշրջանային իրողություններ, Global Voices Caucasus (Կովկասի համաշխարհային ձայներ) կայքի խմբագիր Օնիկ Գրիգորյանն իր հոդվածում նշում է, որ մինչ ողջ Եվրոպան կհավաքվի այս շաբաթ վայելելու փառապանծ «Եվրատեսիլը», թվում է` ցածրորակ երգերի այս մրցույթն այլևս պարզապես երգի մրցույթ չէ:

Եվա Ռիվասին Սաֆուրայի հետ համեմատելու կողմնակալ արձագանքներ են լինում նաև` կապված նրանց հագուկապի և շարժուձևի հետ, մանրուքներ, որոնք ցանկացած «Եվրատեսիլի» սիրահար կասի ձեզ, որ կարևոր են:

Ստորև դիտե´ք Եվա Ռիվասի «Ծիրանի կորիզ» և Սաֆուրայի «Կաթ-կաթ» երգերի տեսահոլովակները:









ԱրմենիաՆաուի էջերում