Ֆոտոլուր
«Պետք է համագործակցության կոչ անել վրաց իշխանություններին, որպեսզի տեղի և հայ մասնագետների ջանքերով վերականգնվի եկեղեցին»,- ասում է Սիմոնյանը:
Վրաստանի Սուրբ Խաչ հայկական եկեղեցու պատկանելության շուրջ վեճերը ստվերել են այն ծանր իրավիճակը, որում տարիներ շարունակ գտնվում է չգործող եկեղեցին:
Այս տարեսկզբին հակասական հայտարարություններ են արվել Ախալցխայի Սուրբ Խաչ եկեղեցու ճակատագրի վերաբերյալ, քանի որ Հայաստանում ոմանք պնդում են, որ եկեղեցու հայկական ծագման ապացույցները ոչնչացվել են նախատեսված վերակառուցման անվան տակ:
Այն հայտարարություններից բացի, որ չգործող եկեղեցին հանձնվել է կաթոլիկ եկեղեցուն, մեկ այլ խնդիր է դարձել նրա պատկանելության հարցը:
«Պետք է համագործակցության կոչ անել Վրաստանի իշխանություններին, որպեսզի տեղի և հայ մասնագետների ջանքերով վերականգնվի եկեղեցին, իսկ նրա պատկանելության հարցը պետք է լուծեն մեր հոգևոր հայրերը: Երբեք չի կարելի թույլ տալ, որ այդ եկեղեցին դառնա վրաց կաթողիկեների հավատքի կենտրոն: Դա հիմք կդառնա, որպեսզի այն ամենը, ինչ հայկական է, կարճ ժամանակում աղճատվի կամ ոչնչացվի»,- ասում է ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Հակոբ Սիմոնյանը:
Վրաստան մեկնած հայ փորձագետների խումբը վերջերս է վերադարձել Հայաստան: Հակոբյանը նշում է, որ փորձագետները Ախալցխա էին մեկնել դեռևս մարտին` տեղի հայ բնակչությունից ստացված ահազանգի պատճառով, որ Երևման Սուրբ Խաչ եկեղեցու տարածքում հողային աշխատանքներ են կատարվում: Սակայն հայկական արշավախումբն արձանագրել է, որ աշխատանքներն ընդամենը պեղումների նպատակով իրականացվող միջոցառումներ են:
Ի պատասխան Վրաստանի պատմաբանների կասկածների`պեղումների արդյունքները ցույց են տվել, որ եկեղեցին ոչ միայն հայկական է, այլև պատկանել է Առաքելական եկեղեցուն:
«Խորանի արևելյան պատի մեջ` ներքուստ, շարված էին չորս խաչքարեր, որոնցից երեքն ունեին հայերեն արձանագրություններ: Դրանց մեջ շատ կարևոր է 1366 թվականով թվագրվող խաչքարը,- ասում է կենտրոնի տնօրենը: - Իսկ դա փաստում է` հայերն այս տարածքում ապրել են 14-րդ դարից ի վեր: Իսկ մտացածին, հորինված տարբերակները, թե Ախալցխայի շրջանը (1829-1830 թթ.) հայաբնակ չի եղել, և այդտեղ միայն Կարնո գաղթից հետո են հաստատվել հայկական էթնիկ տարրերը, չի համապատասխանում իրականությանը»:
Վերջերս վրացական կողմում խոսակցություններ են շրջանառվում, որ եկեղեցին հնարավոր է հանձնվի Վրաստանի կաթոլիկ համայնքին:
Հակոբյանը նշում է, որ եկեղեցին չէր կարող 13-րդ դարում պատկանել կաթոլիկ եկեղեցուն, քանի որ այն Ախալցխայում ի հայտ է եկել 17-րդ դարից ոչ շուտ, ինչը խոսում է այն մասին, որ եկեղեցին Հայկական Առաքելական է:
1830 թվականից հետո Ախալցխայի հայ կաթողիկե համայնքը բաժանվել է երկու մասի` բնիկների և Բարձր Հայքից եկվորների: Կարնո գավառից գաղթածները հայախոս հայեր են եղել: Իսկ բնիկները հետզհետե վրացախոս են դարձել և ձուլվել վրացական համայնքին:
Հայ կաթողիկեները, լինելով նոր համայնք, 17-րդ դարում դարձան եկեղեցիների տերերը, և դրանք հետո անցան կաթողիկե համայնքին:
«Այդ եկեղեցիներից մեկը, ի սկզբանե Առաքելական հիմնված, բայց հետագայում կաթողիկեներին փոխանցված, Ռաբաթ թաղամասի բարձրադիր մասում գտնվող Երևման Սուրբ Խաչ եկեղեցին է: Այն երբևէ չի գործել: Շուրջը տարածվում է միջնադարյան խաչքարերով ու տապանաքարերով գերեզմանատուն, մեծ մասը` արձանագիր»,- ասում է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
Հուշարձանագետը երկար ժամանակ պայքար է մղում Հայաստանից դուրս, ներառյալ Վրաստանում, հայկական հուշարձանների ոչնչացման դեմ: Նա բողոքում է, որ Թբիլիսիում ու Ախալցխայում հայկական հուշարձանների ոչնչացումը Վրաստանի քաղաքականության մասն է կազմում: Նա օրինակ է բերում Մառնեուլի շրջանի հայաբնակ Դամնիա և Սիոն գյուղերի միջև գտնվող գյուղատեղիի 17-րդ դարի եկեղեցու մեծ շինարարական հայկական արձանագրությունը, որն անհետացել է:
1998-ին լույս է տեսել հուշարձանագետի «Հայ մշակույթի հուշարձանները և վրացիների վարած պետական քաղաքականությունը» աշխատությունը, որի 100-ից ավելի վկայություններն ու լուսանկարները փաստում են, թե ինչպես են ոչնչացվում հայկական հուշարձանները: Այս տարի լույս կտեսնի գրքի անգլերեն տարբերակը: Կարապետյանը կարծում է, որ Հայաստանը հուշարձանների ոչնչացման հայցով պետք է մտնի միջազգային դատարան:
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.