Ֆոտոլուր
Փառատոնի կազմակերպիչների խոսքով՝ բացման արարողությունը չի խանգարի ֆուտբոլի աշխարհի գավաթի եզրափակիչ խաղը դիտելուն:
Իտալացի հանրահայտ դերասանուհի 72-ամյա Կլաուդիա Կարդինալեն կայցելի Հայաստան` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բացմանը` մասնակցելու Անրի Վերնոյի «Մայրիկը» ֆիլմի ցուցադրությանը, որտեղ նա գլխավոր դերակատարներից է:
«Մայրիկը» 1915 թ. հայոց ցեղասպանությունից հետո հայ գաղթականների ու նրանց սերունդների կյանքի պատմությունը ներկայացնող ամենաճանաչված ֆիլմերից է, որի ռեժիսոր Անրի Վերնոյի 90-ամյակի առթիվ էլ այս ֆիլմով փառատոնը կհայտարարվի բացված:
Այս տարի փառատոնը կունենա գերմանական, լեհական, ռուսական, ֆրանսիական և այլ երկրներ ներկայացնող 9 երևանյան պրեմիերա:
Տոմսերը անցյալ տարվա պես արժենալու են 300 դրամ (1 դոլարից պակաս), բայց փառատոնը ձեռք է բերել նոր ֆինանսական խնդիրներ:
«Եթե նախորդ տարիներին ֆիլմ ցուցադրելու իրավունքը ստանալու համար ծախսում էինք 240-360 դոլար, ապա այս տարի երեք անգամ ավելի ենք վճարել դրա համար»,- «ԱրմենիաՆաուին» հայտնեց փառատոնի միջազգային բաժնի ղեկավար Տաթևիկ Մանուկյանը:
Բայց այս տարին, բացի բացասական անակնկալներից, դրական նորույթներ էլ է պարգևել փառատոնին: Առաջին անգամ փառատոնին զուգահեռ Շառլ Ազնավուրի հրապարակում` «Մոսկվա» կինոթատրոնի առջև, կանցկացվի «Ջազ-կինո» ջազային խմբերի մրցույթ` հայ ջազի անվանի վարպետ Լևոն Մալխասյանի գլխավորությամբ: Մրցույթի մասնակիցները ստանալու են մրցանակներ, որի ֆոնդը կազմում է 6000 դոլար:
Այս տարի գիշերը 23:00-ից հետ լինելու են նաև ցուցադրություններ սիրահարների այգում, որոնք կոչվելու են «Երևանյան գիշերներ Սիրահարների այգում»:
«Ոսկե ծիրանի» բացումը կհամընկնի երկու կարևոր միջոցառման` ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի փակման և Վարդավառի (տոն, որի ժամանակ մարդիկ իրար վրա ջուր են լցնում) հետ: Կազմակերպիչների խոսքով` հանդիսատեսն ու հյուրերը կարող են առնվազն միայն ջրվել, որից հետո 23:00-ին` բացման արարողության ավարտից հետո, հանգիստ կարող են վայելել ֆուտբոլի առաջնության փակումը:
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.