Ինքնության ճգնաժա՞մ. հայ հուշարձանագետը մեղադրում է Վրաստանի իշխանություններին` եկեղեցիները «սեփականացնելու» մեջ

Ինքնության ճգնաժա՞մ. հայ հուշարձանագետը մեղադրում է Վրաստանի իշխանություններին` եկեղեցիները «սեփականացնելու» մեջ

Courtesy of Armat Press Club

«Սա գիտակցված ոչնչացում է»,- ասում է Կարապետյանը:

Հայ հուշարձանագետն ահազանգում է, որ Վրաստանում հերթական հայկական եկեղեցին է վրացականացվում: Թբիլիսիի Մուղնու Սբ Գևորգ եկեղեցին, որը նախորդ տարի փլուզվել էր և Վրաստանի իշխանությունների միջոցներով վերականգնվում է, այժմ էլ հռչակվել է վրացական:


«Սա գիտակցված ոչնչացում է և իրականացվում է Վրաց եկեղեցու գլխավորությամբ, իսկ մեր եկեղեցին լուռ է, նրանք ակտիվ են, երբ նոր եկեղեցի է պետք կառուցել»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող ՀԿ հայաստանյան գրասենյակի պատասխանատու Սամվել Կարապետյանը:

Սա վերջին տարիներին Վրաստանում ավերված կամ վրացականացված արդեն մոտ 50-րդ հայկական եկեղեցին է:

14-րդ դարում կառուցված Մուղնու Սբ Գևորգ եկեղեցին (հետագայում վերակառուցվել` 1756 թ.) 2009-ի նոյեմբերին փլուզվեց, որից հետո Վիրահայոց թեմը մեծ աղմուկ բարձրացրեց` մեղադրելով Վրաստանի պետական և հոգևոր իշխանություններին:

2010 թ. Վրաստանի կառավարությունը հատկացրեց մոտ 27.000 դոլար վերականգնման համար, սակայն ինչպես Կարապետյանն է պատմում, հետագայում սկսվեց վրացականացման գործընթացը:

«Եկեղեցում մաքրման աշխատանքները կատարվում էին սարսափելի որակով, ասֆալտ փորող բուլդոզերներով քանդում էին փլուզված մասերը, իսկ հետո, երբ գտան մի քանի տապանաքարեր, որոնց վրա վրացերեն արձանագրություններ կան, հիմնվելով դրանց վրա, հայտարարեցին, որ եկեղեցին ի սկզբանե եղել է վրացական»,-ասում է Կարապետյանը:

Մինչդեռ 18-րդ դարի տապանաքարերը չեն արձանագրում որևէ փաստ, կամ չեն վկայում, թե եկեղեցին վրացական է, այլ պարզապես գերեզմանաքար են:

«Այն ժամանակ վրաց միջավայրում ապրած հայերը տապանաքարերը գրել են վրացերեն, կար պետական լեզու (վրացերեն), դրա պահպանման պահանջ, որից ելնելով անգամ շատ եկեղեցիների շինարարական արձանագրությունները գրել են վրացերեն: Օրինակ` Խոջիվանքի գերեզմանոցում հազարներով վրացերեն տապանաքարեր կան, դա չի նշանակում, որ այդտեղ վրացիներ են թաղված»,- ասում է Կարապետյանը:

Կարապետյանը պահանջում է, որ Հայաստանի պետական այրերը լրջորեն միջամտեն այս հարցում` հերթական եկեղեցին փրկելու համար:

Մինչդեռ ՀՀ մշակույթի նախարարությունից հավաստիացնում են, որ իրենք մասնագետ են գործուղել, և «աշխատանքներն իրականացվում են հավուր պատշաճի»:

Սակայն սրան չեն վստահում ոչ միայն հայաստանյան կազմակերպությունները, այլ նաև Ջավախքում, որտեղ այսօր տարածել են հայտարարություն` եկեղեցիների քանդման և վրացականացման գործընթացի համար մեղադրելով «հայաստանյան քաղաքական և հոգևոր իշխանություններին և միջազգային հանրությանը անտարբեր լռության համար»:

ԱրմենիաՆաուի էջերում