Ֆոտոլուր
Ատոմ Էգոյանն ու կինը` Արսինե Խանջյանը
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ընթացքում միջազգային խաղարկային ֆիլմերի ժյուրիի 5 անդամներից ազգությամբ թուրք Սեմիհ Կապլանօղլուն համոզմունք է հայտնել, որ արդեն այս տարի հայ-թուրքական սահմանը կբացվի:
Նա նույնիսկ ստույգ օրն է նշել` սեպտեմբերի 19-ը: Այդ օրը նախատեսվում է պատարագ մատուցել Թուրքիայի Վանի նահանգում` լճի Աղթամար կղզու վրա 10-րդ դարում կառուցված հայկական Սուրբ Խաչ եկեղեցում: (Ենթադրվում է, որ Անկարայի իշխանությունները, հնարավոր է, ժամանակավորապես բացեն սահմանը` թույլ տալու Թուրքիա այցելել հայերին, որոնք կցանկանան մասնակցել միջոցառմանը:)
Կապլանօղլուն ձեռնպահ է մնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին գնահատականներ տալուց, որը նախաձեռնել էին երկու երկրների ղեկավարները 2008 թ., սակայն այս տարվա սկզբին գործընթացը, ըստ էության, մտավ փակուղի, երբ կողմերը սկսեցին մեղադրել միմյանց գործընթացի հետագա զարգացմանը խոչընդոտող նախապայմաններ առաջ քաշելու մեջ): Սակայն թուրք կինոռեժիսորը կարծում է, որ «Ոսկե ծիրանը» և նրա, այսպես կոչված, կինոպլատֆորմը հայ և թուրք ռեժիսորների համար երկխոսության ևս մի փորձ է, որի միջոցով հնարավոր կլինի որոշ խնդիրների լուծումներ գտնել:
Երկխոսության փորձը ողջունում է նաև կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, որն աշխարին հայտնի է իր 1915 թ. Հայոց ցեղասպանությունը ներկայացնող «Արարատ» ֆիլմով:
«Սա բացառիկ առիթ է մեր երկու երկրների համար. մենք հնարավորություն ունենք աշխարհին ցույց տալ, որ կարող ենք կամուրջ կառուցել միմյանց միջև, որ ամեն ինչ հնարավոր է, և ինձ համար ցնցող է այս ծրագրի բացումը, ինչպես նաև թուրքերին հանդիպելը, ինչը սփյուռքում չի լինում, բայց այստեղ պատահեց, և դա հոյակապ է»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Էգոյանը, որը նաև փառատոնի նախագահն է:
Այս տարին «Ոսկե ծիրանի» շրջանակներում նշում են հանրահայտ ռեժիսորի 50-ամյակը: Նրա խոստովանությամբ` սա իր մեծ երազանքների իրականացումն է:
«Եթե ինձ 25 տարի առաջ ասեիք, թե ծնունդս կնշեմ իմ անկախ երկրում (Հայաստանում), ես կմտածեի, որ կատակում եք: Ինձ համար հրաշք է, որ իմ երկու երազանքները` հայկական կինոյի փառատոն անցկացնելու և մեր ազգի անկախ լինելու մասին, արդեն իրականություն են: Ուրիշ ի՞նչ ավելի լավ տեղ կարելի էր գտնել ծնունդը նշելու համար»,- «ԱրմենիաՆաուին» հայտնում է Էգոյանը:
Փառատոնի ընթացքում մարդիկ ֆիլմեր են դիտում, դասընթացների մասնակցում, ջազ են լսում, իսկ Էգոյանն այդ ամենին զուգահեռ նաև փոքրիկ ֆիլմ է նկարահանում` վավերագրորեն արձանագրելով իր հայաստանաբնակ և սփյուռքահայ ընկեր ռեժիսորների հանդիպումները փառատոնի ընթացքում:
«Ոսկե ծիրանը» երկու օրով հյուրընկալել է նաև մեկ այլ ճանաչված ռեժիսորի` Քշիշտոֆ Զանուսիին Վարշավայից, որն այսօր դասավանդում է աշխարհի տարբեր համալսարաններում: Բացի ֆիլմեր ստեղծելուց ու պրոդյուսեր լինելուց, նաև ստացել է նաև ֆիզիկոսի և փիլիսոփայի կրթություն:
Նա մի ռեժիսոր է, որն իր ֆիլմերում ցույց է տալիս, օրինակ, թե ինչպես մարդիկ կարող են ցանկանալ, որ դիմացինը հանցագործություն կատարի, բայց դրանից հետո զղջա ու իրեն մեղավոր զգա, կամ ֆիլմ, որում ներկայացնում է կանանց իրավունքների պաշտպանությունը ֆեմինիստներից:
Զանուսիին նախորդ տարվա աշնանը նույնպես հյուրընկալել էին Հայաստանում. Նա «Ոսկե ծիրանի» կինոդպրոցում դասավանդել էր հայ երիտասարդ ռեժիսորներին:
«Երիտասարդների ստեղծած կինոն տարբերվում է ավագ սերնդի կինոյից, ու միշտ կարևոր է իմանալ նրանց մտքերն ու ուղղություն տալ դրանց»,- ասում է Զանուսին:
Նա նկատել է, որ Հայաստանում կինոարտադրությունը դժվար է, սակայն անկախ կինոդահլիճներ ստեղծելով հնարավոր է սատարել այն: Այստեղ երիտասարդները հնարավորություն կունենան ցուցադրելու իրենց ֆիլմերը պետության աջակցությամբ:
Փառատոնն աչքի է ընկնում նաև հայ ռեժիսորների գործերով: Օրինակ` հուլիսի 13-ին Վիգեն Չալդրանյանի «Մաեստրո» ֆիլմի ժամանակ դահլիճում ասեղ գցելու տեղ չկար: Չալդրանյանը համոզված է, որ մարդիկ եկել էին ֆիլմը դիտելու ոչ թե նրա համար, որ նրանում քաղաքական ենթատեքստ կա (ֆիլմում ներկայացված են 2008-ի նախագահական ընտրություններից հետո հանրահավաքները, մարտի 1-ի արյունալի դեպքերը), այլ նրա, որ ֆիլմը ներկայացնում է, թե ինչպես կարող է մեկ անհատը կործանվել իր շրջապատի պատճառով:
Փառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 18-ը:
Readers' comments
-Vanessa Kachadurian, US
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.