Մեղեդային լուրեր. Էդուարդ Թոփչյանը աշխատանքային աշխույժ տարի է կանխատեսում իր նոր ռոյալով

Մեղեդային լուրեր. Էդուարդ Թոփչյանը աշխատանքային աշխույժ տարի է կանխատեսում իր նոր ռոյալով

Ֆոտոլուր

Էդուարդ Թոփչյան, Վիգեն Չալդրանյան

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարությունը երկար տարիներ պայքարելուց հետո կապահովվի նոր, գերմանական արտադրության Steinway ռոյալով, որը հնարավորություն կտա սեպտեմբերի 19-ից սկսած արտասահմանյան ճանաչված ռոյալ նվագողներին համերգներ տալ Հայաստանում:


Ռոյալն արժե 62 մլն դրամ (170.000 դոլար), որը հատկացվել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից:


«Մենք ունեինք մեկ ռոյալ, որը ժառանգել ենք շատ վատ վիճակում 1980-ականներից, որի պատճառով բազմաթիվ ճանաչված դեմքեր հրաժարվում էին գալ Հայաստան և համերգ տալ»,- այս մասին այսօր ստեղծագործական տարին ամփոփելիս հայտարարեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Թեև տնտեսական ճգնաժամի պատճառով 2009-2010 թթ. նվագախումբը զրկվել է եվրոպական երկրներում նախատեսված ինը հյուրախաղերից, բայց ունեցել է 43 տեղական ծրագիր, որոնց մեջ կարելի է ընդգծել նաև ճանաչված ռոք երգիչ Յան Գիլանի հետ կայացած համերգները և այս տարին ամփոփած «Եվգենի Օնեգին» օպերան, որի բեմադրող ռեժիսորն ու նկարիչն է թատրոնի և կինոյի ճանաչված ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը:

«Ես մանկուց երազում էի բեմադրել մի օպերա, որում ներգրավված կլինեն դերասաններ, ովքեր ոչ միայն լավ ձայն կունենան, այլև արտաքինով կհամապատասխանեն այն դերին, որը խաղում են, դրա համար էլ
ստեղծեցինք այս օպերան»,- խոստովանում է Վիգեն Չալդրանյանը:

Նրա հետ համագործակցությունը շարունակվելու է: Ֆինանսավորում ստանալու դեպքում դեկտեմբերին` Վիգեն Չալդրանյանի 55-ամյակի կապակցությամբ, կբեմադրվի Վերդիի «Դոն Կարլոս» օպերան:
Այս տարվա նոյեմբերից նվագախումբը հյուրախաղերի կմեկնի նաև Չեխիա, Գերմանիա, Սլովակիա:

ԱրմենիաՆաուի էջերում