Ֆոտոլուր
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին մինչ օրս բացակայում է խաչը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրաժարվել է մասնակցել սեպտեմբերի 19-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին` մամուլի հաղորդագրության մեջ հայտարարելով, որ պատճառը եկեղեցու գմբեթին խաչի տեղադրման անհիմն հետաձգումն է:
«Մայր Աթոռին վստահեցվել էր, որ սեպտեմբերի 19-ին Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող Պատարագից մեկ շաբաթ առաջ եկեղեցու գմբեթին մնայուն կերպով պիտի զետեղվեր օծված խաչը»,- ասվում է Սուրբ Էջմիածնի մամուլի գրասենյակի հայտարարության մեջ:
«Նկատի առնելով խաչի տեղադրման վերաբերյալ կատարված հավաստիացումների դրժումը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որ ընդառաջ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության խնդրանքին, սրբազան Պատարագին մասնակցություն պիտի բերեր երկու ներկայացուցիչներով, առկախում է նրանց մասնակցությունը սեպտեմբեր 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող սրբազան Պատարագի արարողությանը»:
Հայկական Սուրբ Խաչ եկեղեցին կառուցել է ճարտարապետ Մանուելը 10-րդ դարում` Վասպուրականի թագավորության ծաղկման ժամանակաշրջանում` Գագիկ Արծրունի թագավորի օրոք: Այն վերակառուցել են Թուրքիայի իշխանությունները և որպես թանգարան բացել 2007 թ.: 2010 թ. գարնանը կառավարությունը հայերին աևտոնել է տարին մեկ անգամ պատարագ մատուցել եկեղեցում:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ նախատեսված պատարագին կմասնակցեն Սուրբ Էջմիածնի առաջնորդարանից միաբաններ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանն ու Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:
Օգոստոսի վերջին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը հրաժարվել է պատարագին մասնակցելուց:
Հայտարարությունում նշվում էր, որ կաթողիկոսն «ընդգծում է իր դիրքորոշումը Թուրքիայի հետևողական մերժողական քաղաքականության և միջազգային հանրության առաջ մարդու իրավունքների պաշտպանի դերում հանդես գալու փորձերի դեմ»:
Հայաստանում շարունակվում են քննարկումներն այն հարցի շուրջ, թե արդյոք արժե՞, որ հայերը սեպտեմբերի 19-ին մեկնեն պատարագին մասնակցելու: Մեծ մասը կարծես դեմ է մասնակցելուն: Թեև թուրքագետ Արտակ Շաքարյանը, օրինակ, կարծում է, որ առիթը պետք է օգտագործել` որպես Թուրքիայում մնացած հայկական եկեղեցիները վերականգնելու և դրանցում պատարագ մատուցելու նախադեպ:
«Լրագիր» թերթը գրում է. «Ակնհայտ է, որ թուրքերը «թույլ են տալիս» պատարագ մատուցել հայկական եկեղեցում` ցույց տալու, թե ո´վ է «թույլ տվողը»: Թուրքիայի թույլտվությամբ Աղթամար գնալը կնշանակի միայն ճանաչել նրա իրավունքը»:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի կարծիքով` Աղթամար պետք է գնա այն մարդը, որն իր այցով ազդանշան կարող էր տալ թուրքական կողմին, որ եկեղեցին նրանց մշակութային ժառանգությունը չէ, այլ հայկական, և մենք ենք մեր ժառանգության տերը: «Հայաստանն այնտեղ պետք է ներկայանա ոչ բարձր մակարդակով, մենք պետք է ցույց տանք, որ հասկացել ենք, որ դա ընդամենը քարոզարշավ է»,- ասել է Դեմոյանը:
Հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Զաքարյանի կարծիքով` Աղթամար կղզում եկեղեցու գործունեության վերականգնումը ներքին ու արտաքին լսարանների համար կազմակերպած Թուրքիայի հերթական շոուն է: Ըստ նրա` այդ շոուն ուղղված է առաջիկա ընտրություններից առաջ Թուրքիայի իշխանությունների ներքին ու արտաքին վարկանիշը բարձրացնելուն:
Օգոստոսին Հայաստանի երիտասարդական ութ կազմակերպություններ հանդես են եկել կոչով` հրաժարվել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագին մասնակցելուց: «Մեր տվյալներով շուրջ 6000 մարդ տոմս է գնել և պատրաստվում է այդ օրը ներկա գտնվել թուրքերի կողմից բռնազավթված հայրենիքում տեղի ունեցող շոու ծրագրին: Քաջ գիտակցելով այս ամենի հակահայ բնույթը, ցանկացած Հայի մասնակցությունը այդ միջոցառմանը համարելով չգիտակցված պրոթուրքական գործունեություն` պահանջում ենք աշխարհասփյուռ հայությունից չգնալ ու չմասնակցել թուրքական անգերազանցելի դիվանագիտության հերթական թուրքանպաստ և Հայածաղր միջոցառմանը: Մասնակցել ցանկացող ամեն Հայ պարտավոր է իրեն հարց տալ. իսկ ո՞ւր են այդ հրաշագեղ կառույցը կերտողների հետևորդները, նրանց զավակները…»- ասվում է հայտարարության մեջ:
Բացի այդ, Նյու Յորքում բնակվող հայազգի դաշնակահար և կոմպոզիտոր Շահան Արծրունին հայտարարել է, որ սեպտեմբերի 18-ին` Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագի նախօրեին, նա Վանում մեծ համերգով հանդես կգա: Երաժիշտն ասում է, որ ինքը եկեղեցին կառուցած Գագիկ Արծրունու ժառանգն է:
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.