Պատարագ Սուրբ Խաչում. թուրքերն ակնկալում են հայերի մեծ հոսք, իսկ տեղի տուրիստական գործակալությունները` ոչ

Պատարագ Սուրբ Խաչում. թուրքերն ակնկալում են հայերի մեծ հոսք, իսկ տեղի տուրիստական գործակալությունները` ոչ

Ֆոտոլուր

Սուրբ Խաչի պատարագին մասնակցելու հարցը Հայաստանում դեռևս թեժ քննարկումների առարկա է:

Թուրքական լրատվամիջոցների համաձայն` սեպտեմբերի 19-ին Վանի Աղթամար կղզու (Թուրքիա, Արևմտյան Հայաստան) Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին կմասնակցի մոտ 6000 հայ, սակայն այս թիվը կարելի է չափազանցված համարել, քանի որ Հայաստանի տուրիստական գործակալությունների տվյալներով` Աղթամար գնացող հայերի թիվը չի գերազանցի մի քանի հարյուրը:


10-րդ դարում կառուցված հայկական Սուրբ Խաչ եկեղեցին 2007-ին վերակառուցվել է Թուրքիայի իշխանությունների կողմից որպես թանգարան, իսկ 2010 թ. գարնանը Թուրքիայի կառավարությունը հայերին արտոնել է տարին մեկ անգամ պատարագ մատուցել եկեղեցում:

Հայաստանում Աղթամար գնալ-չգնալու հարցը թեժ քննարկումների առարկա է: Արդեն հայտնի է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրաժարվել է պատարագին մասնակցելուց, քանի որ Թուրքիայի իշխանությունները, չնայած նախօրոք արված հայտարարություններին, եկեղեցու գմբեթին խաչ չեն տեղադրելու:

Աղթամար չգնալու կողմնակիցները նշում են, որ սա Թուրքիայի կողմից իրականացվող հերթական շոուն է, որի նպատակը հանդուրժողականության և մարդու իրավունքներին վերաբերող հարցերում միջազգային հանրության առաջ Թուրքիայի վարկանիշը բարձրացնելն է:

Արևմտյան Հայաստան տուրիստական ուղևորություններ կազմակերպող մի քանի տուրիստական գործակալություններ կան: Դրանցից մեկի` «Նարեկավանք» տուրիստական գործակալության տնօրեն Աշոտ Սողոմոնյանն «ԱրմենիաՆաուին» տեղեկացրեց, որ պատարագին մասնակցելու համար գործակալություն մոտ 200 հոգի է դիմել, սակայն դեռ չեն որոշել` ուղևորություն կազմակերպե՞լ, թե՞ ոչ:

«Մեր որոշումը կախված է մեր պետության որոշումից. եթե պետությունն ասի` թող գնան, մենք կկազմակերպենք այդ ուղևորությունը, եթե ոչ` չենք կազմակերպի, քանի որ մենք էլ պետության մի մասնիկն ենք»,- ասում է Սողոմոնյանը` ավելացնելով, որ բացասական արձագանքներից հետո դեռ չգիտի, թե քանիսը կուզեն Աղթամար գնալ:

«Իմեգա թուր էնդ թրեվլ» գործակալության տնօրեն Կարեն Անտաշյանն էլ ասաց, որ իրենք 5-օրյա ուղևորություն են կազմակերպում պատարագին մասնակցել ցանկացող մոտ 10 հոգանոց խմբի համար, որն արժի 450 դոլար:

Պատարագին կմասնակցեն նաև տասը հայ լրագրողներ, որոնք Թուրքիա կմեկնեն «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Հայ-թուրքական լրագրողական փոխանակման» ծրագրի շրջանակներում:

ԱրմենիաՆաուի էջերում