Ամանոր հայ Ձմեռ պապով. Կաղանդ պապը հրաժեշտ է տալիս` հաջորդ տարի Ձմեռային փառատոնին վերադառնալու խոստումով

Ամանոր հայ Ձմեռ պապով. Կաղանդ պապը հրաժեշտ է տալիս` հաջորդ տարի Ձմեռային փառատոնին վերադառնալու խոստումով

Ֆոտոլուր

«Ձմեռային փառատոն-2010»-ն ամփոփեց այս տարվա իր առաքելության արդյունքները:

Հին Նոր տարվա նախօրեին Ձմեռային փառատոն-2010-ն ամփոփեց արդյունքները` հայ Ձմեռ պապի և Կաղանդ պապի ձեռքերով ակտիվ մասնակիցներին հանձնելով մրցանակներ ու վկայականներ:


Մրցանակները հանձնեցին ամանորյա միջոցառումների կազմակերպիչներ «Կանաչաստան» ՀԿ-ն, Deem Communications-ը և «Պողոսյան պարտեզները»: Հովանավորների մեջ էին նաև բջջային օպերատոր «Օրանժ» ընկերությունը և այլ մասնավոր կառույցներ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանը, ՀՀ մշակույթի նախարարությունը:

Փառատոնն արդեն չորս տարվա պատմություն ունի: Ամեն Նոր տարվա գալուստին Երևանի փողոցներում դեկտեմբերի 25-ից հունվարի 5-ը փառատոնի շրջանակներում կազմակերպվում են երգ ու պարի ելույթներ, և կազմակերպիչները տարբեր միջոցառումներով «գունավորում են ձմեռային առօրյան»:

Այս անգամ էլ այդ «գունավորողներից» լավագույնը ճանաչվեցին «Ղողանջ» ՀԿ-ն, IDS կազմակերպությունը, որոնք ներկայացրել էին վերամշակված նյութերից պատրաստված յուրօրինակ տոնածառեր:

«Այսպես մենք ցանկացել ենք բնապահպանական ուղերձ հղել փառատոնի հանդիսատեսին, որ խնայեն եղևնիները ու սիրեն բնությունը»,- ասում է փառատոնի կազմակերպիչներից Deem Communications-ի և «Կանաչաստան» ՀԿ ղեկավար Րաֆֆի Նիզիբլյանը:

Նիզիբլյանը փառատոնը հաջողված է համարում, քանի որ կարողացել են համախմբել 6500 հանդիսատեսի և նախորդ տարիների համեմատությամբ ընդլայնել միջոցառումները: Անցկացվել են մանկական բացօթյա խաղեր, ստեղծել 22 բնապահպանական տոնածառ, անցկացվել է տոնավաճառ, ներկայացվել են հին հայկական ուտեստներ, բացօթյա համերգներ են կազմակերպվել «Պողոսյան պարտեզներում» և այլն:

Այս տարին առանձնացել է նաև նրանով, որ «Տերյան» մշակույթի կենտրոնի միջոցով ամբողջացել է Կաղանդ պապի կերպարը, որը ձևավորվել է նախորդ փառատոների ընթացքում ձեռք բերված փորձի հիման վրա: Լույս է ընծայվել նաև հատուկ հեքիաթ, որի հեղինակը Աստղիկ Սիմոնյանն է: «Կաղանդ պապ. վերադարձ Ռիգելից» հեքիաթում տատն իր փոքրիկ թոռնիկին` Շուշանիկին, պատմում է, որ Կաղանդ պապը գոյություն է ունեցել դեռ հայերի նախահայր Հայկի ժամանակներից, որը նոր տարին անցկացրել է իր 12 օգնականների՝ խլվլիկների օգնությամբ:

Այս տարի փառատոնի շրջանակներում բնակիչներից հավաքել են խաղալիքներ, գրքեր ու գրենական պիտույքներ, որոնք կհանձնվեն տարբեր մանկատների:

Նիզիբլյանը ցավում է, որ այս տարի չկարողացան նախատեսվածի համաձայն բեմականացնել նաև Քրիստոսի Ծնունդը, սակայն համոզված է, որ դա իրականություն կդառնա հաջորդ փառատոնի ժամանակ:

ԱրմենիաՆաուի էջերում