Չօրհնված միություն. հայ երաժիշտները դեմ են իրենց քոլեջը մեկ այլ կրթական օջախի միացնելու որոշմանը

Չօրհնված միություն. հայ երաժիշտները  դեմ են իրենց քոլեջը մեկ այլ կրթական օջախի միացնելու որոշմանը

Ֆոտոլուր

Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի դասախոսները վրդովված են կառավարության որոշումից:

Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի դասախոսները և ուսանողները ընդդիմանում են իրենց քոլեջը Երևանի մշակույթի պետական քոլեջին միացնելու կառավարության որոշմանը:


30 տարվա պատմություն ունեցող այդ քոլեջն են ավարտել ճանաչված երգչուհիներ Սյուզան Մարգարյանը, Էռնա Յուզբաշյանը, Աիդա Սարգսյանը, Նունե Եսայանը, Էմմա Պետրոսյանը և այլք:

Թեև էստրադային ճանաչված երգչուհի Նադեժդա Սարգսյանը չի ավարտել այդ քոլեջը, բայց դրա ներկայիս տնօրեն Ակսել Բակունցի սանն է և այժմ հավակնում է դառնալու իր ուսուցչի ղեկավարած քոլեջի տնօրենը, քանի որ Երևանի մշակույթի պետական քոլեջն իր տնօրինության տակ է գտնվում:

«Ես ոչ մի կապ չունեմ այդ որոշման հետ և ոչինչ չեմ արել, որ ՀՀ կառավարությունը նման բան որոշի»,- «ԱրմենիաՆաուին» պարզաբանում է Սարգսյանը (նրա դուստրը` Էմմին, 2011-ին Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլում»):

Սարգսյանի նախկին ուսուցիչ Բակունցը չի բացառում, որ Սարգսյանը տեղյակ է եղել դեռ օգոստոսի 5-ին ՀՀ կառավարության ընդունած թիվ 1055-Ն որոշմանը, որով պետք է այս երկու քոլեջները միանան:

Քոլեջի դասախոսները, ի թիվս որոնց նաև ճանաչված ժողովրդական երգիչ ու քոլեջի ժողովրդական երգի բաժնի ղեկավար Ռուբեն Մաթևոսյանը, դիմել են ՀՀ մշակույթի նախարարություն: Նրանց պատասխանել են, թե նման որոշում չկա, սակայն հետագայում հրաժարվել են նրանց ընդունել` պատճառաբանելով, որ որոշումն արդեն ընդունված է:

«Սա պարզապես օպտիմալ կառավարման ձև է, որի արդյունքում չեն կրճատվի ո´չ աշխատատեղերը, ո´չ էլ 130 ուսանողների թիվը, պարզապես այդ երկու քոլեջները նույն շենքում են գտնվում ու պետք է միավորվեն»,- «ԱրմենիաՆաուին» ասում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի քարտուղար Գայանե Դուրգարյանը:

Թեև զուտ մշակութային ուղղվածություն ունեցող Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի դասախոսները տարակուսում են, թե ինչո´ւ պետք է միանան մի քոլեջի հետ, որտեղ մշակույթից բացի տուրիզմ, հաշվապահություն և նման մասնագիտացումներ կան, Դուրգարյանը պնդում է, որ այս երկու հաստատությունները համանման գործունեություն են ծավալում:

ԱրմենիաՆաուի էջերում