Ռեանիմանիա. Երևանում մեկնարկել է անիմացիոն ֆիլմերի փառատոնը
«Կյանքը պատկեր է, կենդանացրե´ք այն» կարգախոսով փառատոնը, որը նպատակ ունի աջակցելու Հայաստանում անիմացիոն ֆիլմերի արտադրության զարգացմանը, անցկացվում է արդեն երրորդ անգամ և կտևի մինչև սեպտեմբերի 19-ը: Չորեքշաբթի տեղի ունեցավ փառատոնի բացումը, իսկ հինգշաբթի մեկնարկեց «Հայկական ներկապակ» ծրագիրը` նվիրված հայ անիմատորներ Աբրահամ Սահակյանի հիշատակին և Նաիրա Մուրադյանի 50-ամյակին: Հինգշաբթի երեկոյան «Հայկական ներկապնակի» շրջանակներում «Նարեկացի» արվեստի միությունում ցուցադրվեց Սահակյանի վերջին` «Արա Գեղեցիկ և Շամիրամ» կարճամետրաժ մուլտֆիլմը: Փառատոնի ծրագրերի ղեկավար Րաֆֆի Մովսիսյանը հինգշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ հայկական ծրագիրը բավականին հագեցած է: «Դրանք հիմնականում արտամրցութային ծրագրեր են, քանի որ Հայաստանում անիմացիան այնքան էլ զարգացած չէ, որ ունենանք մրցութային հագեցած ծրագիր: Ցավով պետք է նշեմ, որ մրցութային բավական քիչ ֆիլմեր կան»,- ասաց Մովսիսյանը: Իսկ ավելի ստույգ` փառատոնի մրցութային ծրագրին մասնակցում են ընդամենը երեք կարճամետրաժ հայկական անիմացիաներ, որոնցից մեկը, Մովսիսյանի հավաստմամբ, ստեղծվել է ոչ պետական հատկացումներով, հենց հեղինակի ուժերով է կյանքի կոչվել: Արեգ Մկրտչյանի, Հրո Լազարյանի, Աշոտ Հարությունյանի «Բայ-բայ» յոթ րոպեանոց անիմացիան «Ռոբբի» անունով լապտերիկի մասին է, որը զերծ է մնացել ուրբանիզացման ճանկերից, սակայն զոհ է դառնում անսիրտ մարդկանց ավերիչ ու կործանիչ գործունեությանը: Երևանի ներկայիս կառուցապատումը հաշվի առնելով` անիմացիան շատ հեշտ է կապել հայաստանյան իրականության հետ, սակայն այն նաև մի փոքր հիշեցնում է ամերիկյան «Ուոլլ-Ի» անիմացիոն ֆիլմը: Մյուս երկու ֆիլմերը` Նաիրա Մուրադյանի «Մի անգամ մի օրը» և Նարեկ Սաֆարյանի «Երևակայության ճանապարհորդությունը», համապատասխանաբար 12 րոպեանոց և 53 վայրկյանանոց անիմացիաներ են: Փառատոնի շրջանակներում վարպետության դասեր կանցկացվեն երիտասարդ անիմատորների համար: Կա նաև մանկական ծրագիր: Կինոթատրոններում տոմսերի արժեքը կտատանվի 500-1000 դրամի (մոտ 1,3-2,6 դոլար) սահմաններում: Կլինեն նաև բացօթյա ցուցադրություններ: Փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին նշում է, որ չնայած փառատոնի հաջողությանը` «Ռեանիմանիան» ֆինանսավորման լուրջ խնդիր ունի։ «Բոլորը ողջունում են մեզ, ասում են` շատ մեծ գործ եք անում, դրա համար զարմանում ենք, թե մեր բիզնեսմեններն ինչի՞ն են սպասում: Ասեմ մի բան, որ երևի արդեն պետք է բարձրաձայն խոսվի: Շատերը մեզ ասում են` եթե վարչապետը մեզ զանգի, գումար կտանք։ Ու դա մեզ ահագին նեղացնում է, որովհետև սա քաղաքական գործունեություն չէ, սա մշակութային և բիզնես գործունեություն է։ Մեզ կապում են քաղաքական գործիչների հետ, ու դա մեզ զարմացնում է»,- ասում է Քասունին:
Other Articles in Մշակույթ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.