Հայաստանում հունվարի 13-ից 14-ը նշվում է հին տոմարով Նոր տարին, որը համարժեք է դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին:
Հայկական շատ ընտանիքներում ամանորից երկու շաբաթ անց էլ կրկին տոնելու առիթ են ունենում և հունվարի 13-ին հունվարի 1-ի պես նորից տոնական սեղան են պատրաստում:
Շատերի համար էլ հին նոր տարին նախանշում է տոների ավարտը, և հայ ընտանիքների մեծ մասը միայն հին նոր տարին դիմավորելուց հետո է հավաքում տոնածառը և ավանդական ամանորյա ճոխ սեղանները:
Հին նոր տարուն քաղաքային իշխանությունները ևս ավարտում են ամանորյա տոնակատարությունները, որոնց մեկնարկն այս տարի տրվեց դեկտեմբերի 20-ին, երբ վառվեցին Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը:
Տարօրինակ թվացող «հին նոր տարին» նշում են միայն նախկին Խորհրդային Միության երկրներում և Շվեյցարիայի որոշ գերմանախոս կանտոններում: Իսկ երկու ամանոր նշելու պատճառը ռուս ուղղափառ եկեղեցին է, որն ի տարբերություն Խորհրդային Ռուսաստանի` 1918 թ. չընդունեց նոր Գրիգորյան տոմարը և շարունակեց եկեղեցական տոները նշել հին` Հուլյան տոմարով:
Հուլյան և Գրիգորյան տոմարների միջև XVI-XX դարերի ընթացքում տարբերությունը կազմել է 13 օր, իսկ XXI դարի կեսին հին և նոր տոմարների միջև տարբերությունը կկազմի 14 օր, ինչը նշանակում է, որ հին նոր տարին մեկ օր ուշ կլինի:
Հունվարի 13-ին Հայաստանյայց Առաքելական եկեղեցին նշում է նաև Քրիստոսի անվանակոչության օրը: Ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես յուրաքանչյուր նորածին արու զավակ, թլպատվել և անվանակոչվել է:
Ի դեպ, այս տարի հունվարի 13-ը համընկնում է նաև ուրբաթ 13-ի հետ, որը, ըստ ուրբաթատասներեքաֆոբիայից տառապող սնահավատների` անհաջողության նշան է:
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.