Լուրջ մտահոգություններ. Վրաստանի հայկական եկեղեցում վերջին հրդեհը հին խնդրի շուրջ նոր քննարկումների տեղիք է տալիս

Լուրջ մտահոգություններ. Վրաստանի հայկական եկեղեցում վերջին հրդեհը հին խնդրի շուրջ նոր քննարկումների տեղիք է տալիս

Ֆոտոլուր

Թբիլիսիում հերթական հայկական եկեղեցու փլուզումն ավելի շատ քննարկումների տեղիք է տվել` կապված Վրաստանում հայկական մշակութային ժառանգության պահպանության վիճակի հետ:


Ինչպես հայտնի է դարձել, այս երկուշաբթի Թբիլիսում գտնվող Սուրբ Նշան եկեղեցում հրդեհ է բռնկվել, հրդեհաշիջման աշխատանքների արդյունքում էլ փլուզվել է եկեղեցու հարավարևելյան հատվածը:


18-րդ դարի սկզբին կառուցված եկեղեցին մեկն է այն վեց վիճահարույց հայկական եկեղեցիներից, որ Հայաստանյայց Առաքելական և Վրաց ուղղափառ եկեղեցիների միջև տարաձայնությունների պատճառ էր դարձել: Այս եկեղեցում հրդեհ էր բռնկվել նաև 2002 թվականին:

Կատարվածի առնչությամբ հայտարարություն է տարածել Մայր Աթոռ Սբ Էջմիածինը: Գերագույն հոգևոր խորհրդը, ժողովում քննության առնելով այս հարցը, հայտարարել է, որ «նկատի ունենալով Շամխորեցոց Կարմիր Ավետարան և Մուղնեցոց Սուրբ Գևորգ հայկական եկեղեցիների փլուզման նախադեպերը` արտահայտում է իր խորը մտահոգությունը»:

Գերագույն հոգևոր խորհուրդը հիշեցնում է, որ անցյալ տարվա հունիսին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի Վրաստան կատարած այցի ընթացքում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Բ-ի հետ տեղի ունեցած հանդիպմանը հայկական կողմին հավաստիացրել էին, որ փլուզված և փլուզման վտանգի ենթակա հայկական եկեղեցիների նկատմամբ պատշաճ խնամք և հոգատարություն կդրսևորվի:

«Հակառակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Վիրահայոց թեմի կողմից հնչեցված ահազանգերի` վրացական կողմի անուշադրությունը և հապաղումը հրատապ խնդիրների լուծման մեջ, ցավոք, այսօր կանգնեցրել են մեզ տխուր այս իրավիճակի առջև»,- ասած է հայտարարությունում:

Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է արել Վրաստանի իշխանություններին` «անհապաղ քայլեր ձեռնարկել փրկելու կործանումից Սուրբ Նշան հայկական եկեղեցին, հետամուտ լինել Վրաստանի մշակութային ժառանգության մաս կազմող հայկական սրբավայրերի պահպանությանն ու խնամքին և ընդառաջ Վիրահայոց թեմի խնդրանքին` վիրահայությանը վերադարձնել պահանջված հայկական եկեղեցիները»։

Հայաստանի մշակույթի նախարարությունը հունվարի 11-ին Մշակութային պատմական հուշարձանների պահպանության ընկերության նախագահ Սերժիկ Առաքելյանի գլխավորությամբ գնահատող խումբ է գործուղել Թբիլիսի` հրդեհի մանրամասները պարզելու, տեղում վրացական կողմի հետ համատեղ իրականացվելիք միջոցառումները քննարկու համար:

«ԱրմենիաՆաուի» հետ զրույցում մշակույթի նախարարության մամլո քարտուղար Գայանե Դուրգարյանն ասաց, թե հայկական հանձնախումբը Երևան կվերադառնա ուրբաթ երեկոյան:

«Հանձնախումբն ուսումնասիրություն է արել, եզրակացությունները կանենք, երբ վերադառնա, սակայն նախնական տվյալներով` պայմանավորվածություն է ձեռք բերվել Վրաստանի մշակույթի նախարարության հետ, որ եթե անհրաժեշտ է եկեղեցու հարավարևելյան սյան հրատապ ամրակայման աշխատանքներ իրականացնել, ապա դրանք կիրականացվեն»,- ասաց Դուրգարյանը:

Մինչդեռ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ոչ մի լավ բան չի ակնկալում վրացական կողմից:
Հայկական ճարտարապետության ուսումնասիրման հիմնադրամի նախագահը «ԱրմենիաՆաուի» պատմեց, որ Թբիլիսիում ապրող իրենց ընկերը, որը պարբերաբար տեղեկություններ է հաղորդում իրենց, լուսանկարներ և նամակ է ուղարկել իրենց ու գրել է, որ եկեղեցում հրդեհ է բռնկվել նաև հունվարի 2-ին: Ըստ Կարապետյանի` այդ մարդը հարցուփորձ է արել շրջակայքի բնակիչներից, որոնք ենթադրել են, թե հրդեհը կարող է բռնկված լինել եկեղեցու տարածքում ապաստան գտած թմրամոլների պատճառով:

«Բայց գրում է, որ եկեղեցու խորանն է հրդեհվել, որտեղ մի քանի ամիս առաջ հնագիտական ուսումնասիրություններ են կատարվել, և հենց դա է կասկածի տեղիք տվել մեր ընկերոջը»,- պատմում է Կարապետյանը:

Կարապետյանն օրինակ է բերում 2009-ին Մուղնեցոց Սբ Գևորգ եկեղեցու հրդեհը, երբ վրացական մամուլը գրել էր, թե հրդեհը բռնկվել է մի հարբած ռուսի նետած ծխախոտի պատճառով [հակառուսական տրամադրությունները Վրաստանում այդ ժամանակ արդեն բավական սուր էին` 2008-ի օգոստոսին Հարավային Օսիայում բռնկված պատերազմից հետո]:

Կարապետյանը ենթադրում է, որ վրացական կողմը հավատարիմ չի մնացել` առնվազն հաջորդ տարի եկեղեցին վերանորոգելու իր խոստմանը:

«Երեք տարի է անցել, և այսօրվա վիճակով վրացական մամուլում առաջարկություններ են հնչում, որ եկեք Մուղնեցոց Սբ Գևորգ եկեղեցու մնացած պատերն էլ քանդենք, քանի որ վտանգավոր է անցորդների համար,- ասում է հուշարձանագետը: - Ես սա գնահատում եմ Վրաստանը հայկական հուշարձաններից մաքրագործելու ընդհանուր ծրագրի համատեքստում»:
ԱրմենիաՆաուի էջերում