«Եվրատեսիլ-2012». Հայաստանը Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել

«Եվրատեսիլ-2012». Հայաստանը Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել


Հայաստանը Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» 57-րդ մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել: Երեքշաբթի մրցույթի պաշտոնական կայքը (eurovision.tv) հրապարակել է մայիսին կայանալիք մրցույթի մասնակից 43 երկրների ցուցակը, որոնց շարքում է նաև Հայաստանը:

Հայաստանը, որն արդեն վեց տարի անընդմեջ մասնակցում է Եվրոպական հեռարձակողների միության (EBU) կողմից կազմակերպվող մրցույթին, այս տարի երկար ժամանակ տարակուսում էր մրցույթին մասնակցության հայտ ներկայացնելու համար` հաշվի առնելով, որ անցյալ տարի Բաքվում կայացած սիրողական բռնցքամարտի (AIBA) մրցաշարում հայկական պատվիրակության վրա ադրբեջանական կողմը քարեր էր նետում:

«Եվրատեսիլում» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը երեկ ասել է, որ «հրապարակված երկրների անունները փաստում են, որ Հայաստանը ինչպես ամեն տարի մասնակցության հայտ է ներկայացրել մրցույթին»: Սակայն առավել մանրամասն տեղեկություններ Գասպարյանը չի հայտնել ` հավաստիացնելով, որ մոտ ժամանակներս իրենք հանդես կգան համապատասխան հայտարարությամբ:

«Եվրատեսիլի» անցկացման պատասխանատուներն ավելի վաղ հայտնել էին, որ իրենց գործառույթների մեջ չի մտնում անվտանգության երաշխիքների տրամադրումը, սակայն նրանք Ադրբեջանի վարչապետից անվտանգության երաշխիքներ էին ստացել բոլոր պատվիրակությունների համար:

2011 թ. մայիսի 15-ին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կայացած «Եվրատեսիլ-2011» երգի մրցույթում հաղթող ճանաչվեց ադրբեջանցի երգիչներ Էլդար Գասիմով և Նիգյար Ջամալ (Ell/Nikki) զույգը` իր Running Scared երգով, որի շնորհիվ էլ Ադրբեջանում 2012 թ. մայիսի 22-26-ը կանցկացվի «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթը:
ԱրմենիաՆաուի էջերում