Գումար մշակույթի համար. Վրաստանում Թումանյանի տունը վաճառվում է, հայաստանյան պատվիրակությունը բանակցում է

Գումար մշակույթի համար. Վրաստանում Թումանյանի տունը վաճառվում է, հայաստանյան պատվիրակությունը բանակցում է


Հայ մեծանուն գրող և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տունը հետ գնելու համար ՀՀ կառավարությունը երեկ գրողների միության նախագահությամբ պատվիրակություն ուղարկեց Թբիլիսի` բանակցելու տան վրացի սեփականատիրոջ հետ:

Թումանյանը (1869-1923 թթ.) ապրել է այդ տանն իր ընտանիքի հետ 1909-1923 թթ.:

Դեռևս 1990-ականներին Վրաստանի կառավարությունը տան մի մասը` 120 քմ-ն, որտեղ գտնվում էր Թումանյանի անվան գրադարանը, հանձնեց վրացի մեծահարուստ ընտանիք Լեժավաներին: Իսկ տան մյուս մասը` 198 քմ-ն, մնաց Թումանյանի ծոռնուհի Ալյոնա Թումանյանին, որն ապրում է այնտեղ մինչև այսօր:

Տան մի հատվածի սեփականատեր վրաց Արչիլ Լեժավան դեռևս 2008-ին 25 հազար դոլարով ցանկանում էր վաճառել տան գրադարանը, որտեղ կար 900 կտոր գիրք հայ, վրաց և ռուս գրականությունից:

«Այդ գումարն անհրաժեշտ էր նրանց Արչիլ Լեժավայի հոր վիրահատության համար, որն ավտովթարի էր ենթարկվել: Այդ ժամանակ ես անձամբ եմ հանդիպել նրա հետ,- ասում է մեծանուն գրողի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանը, որն ապրում է Երևանում: - Եթե մենք 2008-ին կարողանայինք գրադարանը գնելու համար վճարել 25 հազար դոլար, այն [Թումանյանի տան այդ հատվածը] այժմ պահպանված կլիներ»:

Սաֆրազբեկյանն ասում է, որ 2008-ին դիմել է և´ Հայաստանի կառավարությանը, և´ գրողների միությանը, և´ հայ որոշ մեծահարուստների` հետ գնելու և հայերի ձեռքում պահելու հայ մեծ մշակութային գործչի անվան գրադարանը, սակայն ապարդյուն:

«2008-ին այդ տարածքն [գրադարանի] այդպես էլ չվաճառվեց, սակայն գրադարանը լուծարվեց: Հայերեն գրքերի մի մասը տեղափոխվեց Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոն, իսկ վրաց և ռուս գրականության գրքերը` Թբիլիսիի մյուս գրադարաններ»,- ասում է Երևանի Հ. Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:

Այսօր Լեժավան փորձում է «Ջիո Թուրան» ընկերությանը վաճառել իրեն պատկանող 120 քմ տարածքն այս անգամ ավելի բարձր գնով` 70 հազար դոլարով: Ըստ հայկական որոշ լրատվամիջոցների` այս ընկերությունը վրաց-թուրքական է:

«Խոսակցություններ կան, բայց գործարքը դեռ չի կատարվել այդ ընկերության հետ: Եվ դեռ պարզ չէ` դա թուրքական ընկերությո՞ւն է, թե՞ ոչ: Եթե բանակցությունները հայկական պատվիրակության կողմից տարվեն, և Լեժավան այն վաճառի որպես մշակութային կենտրոն, ու այն [Թումանյանի տան հատվածը] հանձնվի հայկական համայնքին, ապա մենք համաձայն ենք»,- ասում է Սաֆրազբեկյանը:

Հովհաննես Թումանյանը, ով եղել է հայ գրողների կովկասյան միության նախագահը, «Վերնատուն» գրական խմբակի հիմնադիրը, գրել է բազմաթիվ հեքիաթներ, պոեմներ և պատմվածքներ, որոնցից շատերն էկրանավորվել են ու բեմականացվել` «Անուշ», «Սասունցի Դավիթ», «Գիքոր», «Մի կաթիլ մեղր», «Քաջ Նազար» և այլն:

Երևանում է գտնվում Թումանյանի թանգարանը, իսկ Լոռվա Դսեղ գյուղում` նրա ծննդավայրում, տուն-թանգարանը: Թումանյանի անվամբ է կոչվում Երևանի պետական տիկնիկային թատրոնը, ինչպես նաև կենտրոնական փողոցներից մեկը, իսկ Լոռու մարզում` 1951 թ.-ից Թումանյան վերանվանված Ձաղիձոր գյուղը:
ԱրմենիաՆաուի էջերում