Հաջողությունների ակնկալիքով. Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը խոստանում է հագեցած տարի

Հաջողությունների ակնկալիքով. Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը խոստանում է հագեցած տարի

Ֆոտոլուր

ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը խոստանում է իրադարձություններով լի տարի:

Դասական երաժշտության սիրահարների համար այս տարին կարող է բավական հագեցած լինել, քանի որ պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը խոստանում է բազմաթիվ համերգներ ու հյուրախաղեր:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) ղեկավարները վստահեցնում են, որ չնայած ֆիլհարմոնիկի ֆինանսական դժվարություններին, խիստ ծանրաբեռնված տարի են ակնկալում, որի ընթացքում համատեղ ծրագրեր կիրականացվեն նաև արտասահմանից հրավիրված անվանի դիրիժորների և մենակատարների հետ:

Շուրջ 80 տարի առաջ ստեղծված ՀՊՖՆ-ի, որտեղ այսօր աշխատում է 116 երաժիշտ, մեկ տարվա բյուջեն, ինչպես տեղեկացնում է ՀՊՖՆ տնօրեն Ռուզաննա Սիրունյանը, կազմում է շուրջ 800-900 հազար դոլար, որը հիմնականում տրվում է պետական միջոցներից, ինչպես նաև այլ հովանավորների կողմից:

«Այժմ մեր հիմնական նպատակն է ՀՊՖՆ-ի համար ստեղծել ֆոնդ, որտեղ բարերարները գումարներ կներդնեն, իսկ դրանց տոկոսներով կիրականացնենք մեր բոլոր ծրագրերը, որոնք շատ հաճախ ֆինանսների բացակայության հետևանքով անկատար էին մնում»,- ասում է Սիրունյանը` հավելելով, որ կբարձրացվեն նաև երաժիշտների աշխատավարձերը:

Թեև ըստ ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի` ֆիլհարմոնիկի երաժիշտները ստանում են շատ ավելի բարձր աշխատավարձ, քան պետական նման այլ կոլեկտիվները (ֆիլհարմոնիկում աշխատավարձը միջինը տատանվում է 400-600 դոլարի սահմաններում), սակայն աշխատավարձի չբավականացնելու հետևանքով այսօր արդեն նվագախմբից հեռացել են մի քանի երաժիշտներ:

«Միշտ էլ եղել է այդ արտահոսքը, սակայն վերջին տարիներին կանգ էր առել, բայց անցյալ տարի մի քանիսին կորցրեցինք` կլարնետիստ, ջութակահար, թավջութակահար, գալարափողահար, որոնց կարիքը շատ ունենք»,- ցավով նշում է դիրիժորը` հավելելով, որ դա բնական է, քանի որ «մարդիկ լավ են նվագում, նրանց ավելի լավ պայմաններ են առաջարկում արտերկրից ու հեռանում են, սիրով չեն գնում, բայց ստիպված են»:

Էդուարդ Թոփչյանը տեղեկացնում է, որ ինքը ևս ստանում է արտասահամանում գործունեություն ծավալելու բազմաթիվ առաջարկներ, սակայն մերժում է և ընդունել է միայն Իսպանիայի հրավերը, որտեղ պետք է անցկացնի հավանաբար ամեն ամսվա մեկ շաբաթը:

ԱրմենիաՆաուի էջերում