Հայ գրականության էնտուզիաստները չորեքշաբթի ներկայացրեցին իրենց գրական կայքի նոր տարբերակը, որը մեծ ճանաչում ունի գրողների ու պարզապես գրականությամբ հետաքրքրվողների շրջանում:
Վերջին երկու տարվա ընթացքում «Գրանիշ» գրական կայքը, որը ներկայացնում է ժամանակակից հայ գրողներին, արդեն իր ուրույն տեղն է զբաղեցնում համացանցային տիրույթում:
Մի խումբ երիտասարդ գրողների ու գրականագետների կողմից 2009-ին ստեղծված «Գրանիշը» գրական կոմպլեքս համակարգ է` ներառելով գրականության մեջ տարբեր գործունեություններ` հիմնադրամ, ակումբ, իսկ արդեն 2011-ից նաև` հանդես:
Այս ոչ առևտրային նախագծի հիմնական նպատակն է ժամանակակից հայալեզու գրականության տարածումը:
«Գրանիշ» գրական ակումբի անդամ, կայքի հիմնադիր, երիտասարդ գրող Կարեն Անտաշյանն ասում է, որ կայքի ստեղծման անհրաժեշտությունն անձամբ է զգացել, երբ դեռևս երկու-երեք տարի առաջ ստեղծված գրականությունն ընթերցողին հասցնելու ոչ մի մեխանիզմ չկար:
«Երիտասարդ գրողներով, գրաքննադատներով մտածում էինք, որ եթե մեր ժամանակի հիմնական մասը տրամադրում ենք գրականությանն ու գրականություն ստեղծելուն, ապա պետք է նաև մտածենք մի մեխանիզմ, որի միջոցով մեր ստեղծագործությունները կդառնային հասարակության համար կարևոր և պահանջարկ վայելող»,- ասում է երիտասարդ գրողը` հավելելով, որ այն ժամանակ համացանցը նոր էր սկսում զարգանալ Հայաստանում, և հայալեզու գրականության մեծ պակաս կար:
Ըստ Անտաշյանի` այսօր շատ հեղինակներ նախընտրում են առաջինը հենց «Գրանիշում» տեղադրել իրենց ստեղծագործությունները, որովհետև մեկ օրում առնվազն 500-1500 մարդ է ընթերցելու դա Հայաստանում և սփյուռքում:
«Եթե սրանից մի քանի տարի առաջ շատերն ասում էին, որ ժամանակակից հայ գրականություն չունենք, ապա այսօր այդ հարցը վերանում է, քանի որ կա այսպիսի ռեսուրս, որտեղ կարելի է ծանոթանալ բազմաթիվ հեղինակների ու ստեղծագործությունների, որոնց մասին անգամ պատկերացում չունեինք»,- ասում է Անտաշյանը` հավելելով, որ «Գրանիշը» բաց է բոլոր գրողների, տարիքային բոլոր խմբերի ու ամեն տեսակի գրականության համար:
«Գրանիշ» գրական ակումբի անդամ, բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ 33-ամյա Արքեմնիկ Նիկողոսյանը վստահեցնում է, որ այսօր Հայաստանում կա «գեղագիտական բարձր չափանիշներով, նյութի արդիականությամբ, թեմատիկ, բովանդակային, գաղափարական հարցադրումների բարձր մակարդակով գրականություն, որը բարձրարժեք է և ընթերցվող»:
2011-ին ստեղծված «Գրանիշ» գրական հանդեսն արդեն ունի երկու համար, յուրաքանչյուրը` շուրջ 500 տպաքանակով:
Համարները թեմատիկ են, օրինակ` առաջին համարն անվանել են «Լեզվանի», քանի որ այնտեղ ներառված են ինչպես արդի հայերենով ստեղծագործող, այնպես էլ այնպիսի գրողների ստեղծագործություններ, որոնք օգտագործում են արտաքուստ գրական բառապաշարին ոչ հարիր լեզվական տարրեր:
Իսկ երկրորդ համարն անվանվել է «Օֆլայն», քանի որ այս համարում էլ ներառված են եղել այնպիսի գրողներ, որոնց անուններն օնլայն տարածքում այնքան էլ հաճախ չեն հանդիպում:
«Գրանիշն» ինձ համար թանկ է, քանի որ երիտասարդներ են անում, ինչը նշանակում է, որ այն պետք է լինի համարձակ, սպասելի ու գեղեցիկ, բացի այդ, մեր գրական դաշտում, որը շատ սաղր վիճակում է, ստեղծվեց ևս մի կարևոր հանգույց, որի շուրջը հավաքվում են, համախմբվում»,- ասում է ժամանակակից հայ գրող Ներսես Աթաբեկյանը:
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.