Մտահոգություններ գրքի շուրջ. գրքի մայրաքաղաքը` ճգնաժամային իրավիճակում

Մտահոգություններ գրքի շուրջ. գրքի մայրաքաղաքը` ճգնաժամային իրավիճակում

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Գրքի համաշխարհային` 12-րդ մայրաքաղաքի պատվաբեր կոչումը կրող Երևանում, որտեղ արդեն երկու ամսից կմեկնարկի միջոցառումների շարքը, բուկինիստներն արձանագրում են «ճգնաժամային իրավիճակ»` մայրաքաղաքում տարեցտարի նվազում են գրախանութները, ինչը նշանակում է, որ նվազում է նաև գրքի պահանջարկը:

(Այս տարի Միջազգային հրատարակիչների ընկերակցությունը, Միջազգային գրավաճառների ֆեդերացիան և Գրադարանների ընկերակցության միջազգային ֆեդերացիան Երևանը հռչակել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային գրքի մայրաքաղաք):

Ըստ Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Վահան Խաչատրյանի տվյալների` Երևանում խորհրդային տարիներին կար շուրջ 60 գրախանութ, մինչդեռ այսօր մնացել են շուրջ 15-ը: Ինչ վերաբերում է հրատարակչություններին, ապա դրանց թիվը մի քանի անգամ աճել է:

«Ժամանակին ունեինք ընդամենը 8 լուրջ հրատարակչություն, հիմա` գրեթե 250, և թեև այն ժամանակ տարվա մեջ 1100 անուն գիրք էր հրատարակվում (շուրջ 2500-3000 տպաքանակով), իսկ հիմա` երկու անգամ ավելի, սակայն տպաքանակները կրկնակի նվազել են (շուրջ 500-1000), ինչը նշանակում է, որ [գրքի] պահանջարկն էլ է նվազել»,- ասում է Խաչատրյանը:

Գրքի նկատմամբ վերաբերմունքը Հայաստանում փոխվեց ԽՍՀՄ փլուզումից հետո. եթե խորհրդային տարիներին գիրք ու հարուստ գրադարան ունենալը պատվաբեր էր, մարդիկ մակուլատուրա հանձնելով գիրք էին ստանում, ապա արդեն անկախության առաջին տարիներին, երբ երկրում էներգետիկ ճգնաժամ էր, սոցիալական ծանր իրավիճակ, շատերը ցրտին տաքանալու համար այրում էին իրենց տան գրադարաններում եղած գրքերը, ոմանք էլ այդ գրքերը հանեցին փողոց ու չնչին կոպեկներով վաճառեցին:
Ի վերջո, արդեն տարիներ առաջ մայրաքաղաքում անհետացան նաև գրախանութները:

Երևանցիներից շատերը հիմա էլ հիշում են ԽՍՀՄ փլուզումից հետո մնացած Աբովյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում գտնվող մեծ գրախանութը, որի տեղում արդեն մի քանի տարի է` բրենդային խանութ է և դրամատուն, մինչդեռ հայ դասականների գրքերը ձեռք բերելու համար պետք է գնալ կա´մ Վերնիսաժ, կա´մ դրանք փնտրել գետնանցումներում:

Երևանի կենտրոնական՝ Աբովյան-Մոսկովյան փողոցների տակ գտնվող գետնանցումը վերջին տասը տարիներին դարձել է գրապահոց հիշեցնող մի տարածք, որտեղ խորոված-քյաբաբի, խոնավության ու գարշահոտի մեջ վաճառքի են դրված տասնյակ հազարավոր գրքեր:

«Համաձայն ենք, ոչ հիգիենիկ պայմաններ են, բայց այս ճգնաժամ ապրող ոլորտի համար սա բնական վիճակ է, ու թեև գրքի նկատմամբ պահանջարկն այնքան էլ մեծ չէ, սակայն մարդիկ ընտրության քիչ հնարավորություն ունեն ու հարկ եղած դեպքում գալիս են այստեղ»,- ասում է Հարություն Պետրոսյանը, որն արդեն 7 տարի` գիրք է վաճառում գետնանցումում և հավելում, որ հիմնականում սպառվում է մասնագիտական ու մանկական գրականությունը:

Գետնանցումներում ու Վերնիսաժում գրքերն արևի տակ այրվում են, անձրևից էլ խունանում, սակայն դրանք գնորդներին գրավում են իրենց ցածր գնով:

1997-ից «Բուկինիստ» ՍՊԸ-ին պատկանող Մաշտոցի պողոտայի երևանյան ամենահին գրախանութներից «Գրքերի աշխարհը», որը գործում է 1937-ից, տնօրենի հավաստմամբ` այսօր խոր ճգնաժամ է ապրում:

«Գրքի բիզնեսը ծանր ժամանակներ է ապրում, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց մարդիկ ավելի շատ տուրք են տալիս էլեկտրոնային միջոցներին, ու, ցավոք, այսօր Հայաստանում այս բիզնեսը ոչ եկամտաբեր է»,- ասում է «Բուկինիստ» ՍՊԸ տնօրեն Խաչիկ Վարդանյանը` հավելելով, որ իրավիճակի վատացմանը նպաստում է նաև այն, որ Հայաստանում ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) բոլոր ապրանքների, այդ թվում նաև` գրքի համար կազմում է 20 տոկոս, մինչդեռ աշխարհի բոլոր երկրներում գրքի համար ԱԱՀ-ն 5 տոկոս է:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը դեռևս ամիսներ առաջ, անդրադառնալով գրքի տոնի շեմին փակվող գրադարանների խնդրին, ասել էր, որ «նպատակ կա մարդաշատ շուրջ 50 կետերում բացել գրավաճառ կետեր, որ կլինեն ոչ միայն տարածքներ, ուր գրքեր են վաճառվելու, այլև ակտիվորեն միջոցառումներ են կազմակերպվելու»։

Թեև ամենագրքային մայրաքաղաք Երևանը ոլորտում ունի բազմաթիվ խնդիրներ, այնուամենայնիվ ապրիլի 23-ից` գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրվանից, կմեկնարկեն գրքի մայրաքաղաքին նվիրված միջոցառումներ`ցուցահանդեսներ, համաժողովներ, շրջիկ գրախանութներ, գրքի տպագրության, վաճառքի ու ընթերցանության վերաբերյալ քննարկումներ, որոնք միտված են լինելու գրքի և ընթերցանության նկատմամբ հետաքրքրության ավելացմանը:
ԱրմենիաՆաուի էջերում