Սարյանն անուշադրությա՞ն է մատնվել. աշխարհահռչակ արվեստագետի թոռնուհու խոսքով` Ռուսաստանն ավելի շատ է գնահատում իր պապին
Մարտի 1-ին բացվել է «Սարյանը լուսանկարներում» ցուցահանդեսը՝ նվիրված մեծ արվեստագետի 130-ամյակին: Սարյանը (1880 թ. փետրվարի 28-1972 թ մայիսի 5) ծնվել է Նոր Նախիջևանում` հայի ընտանիքում: Կրթություն է ստացել Մոսկվայում և շարունակել է ապրել ու ստեղծագործել Ռուսաստանում` մինչև 1921 թ. Հայաստան տեղափոխվելը: Շատերի կարծիքով` Սարյանն «այն ամենահայ գեղանկարիչներից է», որը կարողացել է կտավին փոխանցել Հայաստանի բնության գույները: Խորհրդային Հայաստանի զինանշանը ստեղծվել է Սարյանի էսքիզներով: Աշխարհահռչակ նկարչի թոռնուհին` Ռուզան Սարյանը, տարակուսում է, թե ինչպես կարելի է առաջնորդվել «130-ը չի բաժանվում 25-ի» տրամաբանությամբ և անտեսել Սարյանի հոբելյանական տարեդարձը պետական մակարդակով: (Այդուհանդերձ, մարտի 1-ին թանգարանի ջանքերով Սարյանի տուն-թանգարանում կազմակերպվել է նկարչի ստեղծագործությունների ցուցահանդես): «Ւսկ Ռուսաստանի հանրահայտ Տրետյակովյան պատկերասրահում փետրվարի 26-ից մինչև մարտի վերջ կցուցադրվեն Սարյանի 67 գործերը, որոնց մեջ այնպիսի գծանկարներ, որոնք առաջին անգամ են ներկայացվում այցելուներին: Ի դեպ, այստեղ նշում էին ոչ միայն Սարյանի 130-ամյակը, այլև նրա ստեղծագործությունների`իրենց թանգարանում հանգրվանելու 100-ամյակը»,- մոսկովյան այցելությունից հետո` չորեքշաբթի, իր ուրախությանը լրագրողներին հաղորդակից դարձրեց Սարյանի թոռնուհին: Այս տարվա ընթացքում Մոսկվայում` Պուշկինի անվան պատկերասրահում, կկազմակերպվի ևս մի մեծ ցուցահանդես, որտեղ Հայաստանից կտարվեն Սարյանի 15 կտավներ: Լույս կընծայվի «Սարյանը և Մոսկվան» գիրքը, որում կներկայացվի Սարյանի կյանքը Ռուսաստանում: «Արդեն ստացել ենք Մոսկվայի քաղաքապետից թույլտվությունը` հուշատախտակ ամրացնել այն բնակարանի շենքի պատին, որտեղ նա ապրել ու ստեղծագործել է ու հետագայում անմնացորդ նվիրել Ռուսաստանին»,- պատմում է Սարյանը: Սակայն նկարչի թոռնուհին նույն «դրական նոտայով» չի խոսում Երևանում իր պապի տուն-թանգարանի մասին: Չնայած վերջին երեք տարիներին ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ վերականգնվել է տարեկան 4 կտավ, սակայն այսօր թանգարանի 247 կտավներից 21-ն անմխիթար վիճակում են: «Ճիշտ է, մի քանի տարի առաջ «Լինսի հիմնադրամը» վերանորոգեց թանգարանը, սակայն այնպես, որ տանիքն առատ տեղումներից ու ձնհալից նորից կաթում է, պատերն էլ խնամքով չեն վերանորոգել ու չի արվել ամենակարևորը` չի անցկացվել հատուկ ջերմախոնավային ռեժիմ ապահովող համակարգ»,- բարձրաձայնում է Սարյանը: Այս տարվա պետական բյուջեով տարեկան ֆինանսավորումն ավելացել է 1 մլն դրամով` դառնալով 18 մլն դրամ (46 750 դոլար), սակայն դա բավարար չէ նման համակարգով ապահովելու համար: «Նման պայմաններում ամոթ է արտասահմանից հյուրեր ընդունել ու ներկայացնել թանգարանը»,- մտահոգվում է տնօրենը: Ի դեպ, արդեն երեք տարի է` Սարյանների ընտանիքը դատական քաշքշուկների մեջ է «ՄԱՊ» ՓԲԸ-ի հետ, որը հայտնի է իր կոնյակներով ու գինիներով, և որը, առանց ընտանիքի թույլտվության, փոփոխել է Սարյանի կտավը` օգտագործելով այն որպես կոնյակի պիտակ: «Ես բնավ չեմ ցանկանա, որ այս գործը հասնի Եվրոպական դատարան, բայց եթե նրանք շարունակեն որոշումներ կայացնել մեր ընտանիքի դեմ, մենք հարկադրված կլինենք դա անել»,- ասում է Սարյանի թոռնուհին:
Other Articles in Մշակույթ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.