Երկխոսություն ֆիլմերի միջոցով. Երևանում մեկնարկում է թուրքական ֆիլմերի երկրորդ փառատոնը

Երկխոսություն ֆիլմերի միջոցով. Երևանում մեկնարկում է թուրքական  ֆիլմերի երկրորդ փառատոնը


Մինչ հայ-թուրքական բանակցությունները դոփում են տեղում, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների «կարգավորումը» երևում է ֆիլմերում, քանզի երկու երկրների կինոգործիչները արդեն երկրորդ տարին է` ինչ պատրաստվում են գեղարվեստական, վավերագրական և անիմացիոն ֆիլմեր ցուցադրել Երևանում:

Մարտի 25-27-ը Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի և Մեծ Բրիտանիայի դեսպանության աջակցությամբ Երևանում կանցկացվի «23,5» (Հրանտ Դինքի հոդվածներից մեկի վերնագրով) թուրքական ֆիլմերի փառատոն: Փառատոնին աջակցում են «1.500.000 + 1» Հրանտ Դինքի միջազգային հիմնադրամը և Թուրքիայի «Ակոս» հայկական շաբաթաթերթը:

Ըստ փառատոնի տնօրեն Գեորգի Վանյանի` փառատոնը հայ-թուրքական հարաբերություններով պայմանավորված քաղաքական ենթատեքստ չունի: Վանյանը «ԱրմենիաՆաուին» պարզաբանեց, որ Թուրքիայի ռեժիսորների օրակարգում դեռևս Հայաստանի թեման չկա. «Նրանք ավելի շատ գերադասում են նկարահանել սոցիալական, մարդու իրավունքների թեմաներով ֆիլմեր»:

Թուրքիայից 77 ֆիլմի հայտ է ներկայացվել փառատոնին (Անկարայից, Ստամբուլից, Ադանայից, Դիարբեքիրից, Իզմիրից և այլն). ոչ պրոֆեսիոնալ ժյուրին ընտրել է այդ ֆիլմերից 10-ը: (Նման փառատոն Թուրքիայում չի անցկացվում: Վանյանն ասում է, որ նախորդ տարի նախաձեռնել են նման ծրագիր, սակայն ստացել են միայն 7 հայտ, որոնցից 6-ը հետագայում մասնակիցները հետ են վերցրել: )

Փառատոնին ոչ մրցութային անվանակարգով ցուցադրվելու է երեք ֆիլմ, որոնցից մեկի`«Հատիկների» ռեժիսորը ազգությամբ հայ է, ով բնակվում է Թուրքիայում:

Ֆիլմերը ցուցադրվելու են Երևանի Կամերային պետական թատրոնում:
ԱրմենիաՆաուի էջերում