Ուրարտուից մինչև Երևան. ցուցահանդեսը ներկայացնում է Հայաստանի գարեջրի արտադրության պատմությունը

Ուրարտուից մինչև Երևան. ցուցահանդեսը ներկայացնում է Հայաստանի գարեջրի արտադրության պատմությունը

Ֆոտոլուր

«Ուրարտուից՝ Երևանի գարեջուր»

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված «Ուրարտուից Երևանի գարեջուր» ցուցահանդեսի ընթացքում Հայաստանը ներկայացրել է ցուցանմուշներ` ապացուցելով, որ Հայաստանը համարվում է գարեջրի արտադրության ամենահին պատմություն ունեցող չորս երկրներից մեկը:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը և ԻԿՕՄՕՍ/Հայաստան հասարակական կազմակերպությունը` «Երևանի գարեջուր» ՓԲԸ աջակցությամբ ապրիլի 18-ին «Էրեբունի» թանգարանում ցուցանմուշների և լուսանկարների միջոցով ներկայացրեցին Հայաստանում գարեջրի արտադրության անցյալն ու ներկան` Ուրարտուից մինչև Երևանի գարեջուր:

«Տարբեր երկրներ արձագանքում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2010 թ. գյուղատնտեսական ժառանգության տարի հայտարարելու կոչին և կազմակերպում են նման միջոցառումներ: Մենք էլ որոշեցինք ցուցադրել ինչպես գարեջրի արտադրության, այնպես էլ գինու և գյուղատնտեսական տարբեր տեխնոլոգիաների պատմական նմուշները»,- «ԱրմենիաՆաուին» հայտնեց թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:

Դեռ Ք.ա. 4-րդ դարում հույն պատմագիր Քսենոփոնը գրել է, որ Հայաստանում գարեջուր է արտադրվել: Իսկ ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության համաձայն` հետագայում արված պեղումները ցույց են տվել, որ «Էրեբունի» թանգարանի և նրա մասնաճյուղ Կարմիր բլուր ամրոցի տարածքներում հայտնաբերված գարու հատիկների միատարրությունն ու մաքրությունը ցույց են տալիս, որ ուրարտացիները մշակել են բազմաշար գարու բարձրարժեք տեսակներ:

Հայաստանում այժմ գործում է գարեջուր արտադրող երեք խոշոր ընկերություն`«Կոտայք», «Կիլիկիա», «Էրեբունի», որոնց արտադրանքն արտահանվում է արտերկիր:
ԱրմենիաՆաուի էջերում