Կրկին թամբի վրա. ընդդիմադիրները հավաքվում են կառավարության նիստերի դահլիճում` լսելու Տեր-Պետրոսյանի ելույթը
Ուրբաթ կառավարության նիստերի լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցավ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսը: Հազարից ավելի մարդ էր կուտակվել Մելիք-Ադամյան փողոցում, իսկ նախասրահում ու դահլիճում կանգնելու տեղ գտնելն անգամ դժվար էր:
Ընդդիմությանը երկար ժամանակ դահլիճ չէին տրամադրում, անգամ նշվում էր, թե կոնգրեսը կարող է անցկացվել Վրաստանում, սակայն նորընտիր վարչապետը մեծահոգաբար զիջեց` նշելով, որ կառավարության նիստերի դահլիճը բոլոր քաղաքական ուժերին տրվում է նույն պայմաններով: Կոնգրեսը, որը կազմակերպիչներն անվանեցին «Ազգային զարթոնքն ազդարարող շարժում», իր աշխատանքը սկսեց մեկ րոպե լռությամբ` հարգելով մարտի 1-ի առնվազն 10 զոհերի հիշատակը: Շարժումը շարունակելու և չհիասթափվելու կոչերով լեցուն ելույթները պարբերաբար ընդմիջվում էին բուռն բացականչություններով` «Լևոն», «Պայքար մինչև վերջ» , իսկ բանտարկվածների կանանց անունից ելույթ ունեցող նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կինը` Մելիսա Բրաունը, ասաց, որ թեև իրենք մնացել են առանց ամուսինների, բայց «մեղք չեն, այլ բախտավոր են, քանի որ իրենց ամուսինները հերոսներ են»: Պատասխան |