«Հայ Ձմեռ պապ-2009». կարիքավորի կյանքը փոխող ծրագրի տարեդարձը
Այս համարով «ԱրմենիաՆաուն» նշում է «Հայ Ձմեռ պապ» բարեգործական ծրագրի հինգերորդ տարեդարձը:
2003 թվականին մենք առաջին անգամ կոչ արեցինք մեր ընթերցողներին այնքան անհրաժեշտ օգնություն ցույց տալու այն կարիքավոր ընտանիքներին, որոնց «ԱրմենիաՆաուի» լրագրողները բախվում էին իրենց առօրյա աշխատանքի ընթացքում: Ձեր անհապաղ օգնությունն արդարացրեց մեր այն համոզմունքը, որ այս առցանց թերթը կարող է որպես կամուրջ ծառայել այն կարեկից ընթերցողների համար, ովքեր երբեք ոտք չեն դրել Հայաստան, սակայն ում սրտերը միշտ այստեղ են: Բացի անհապաղ օգնություն ցույց տալուց, մենք նաև ցանկանում էինք Հայաստանում ձևավորել մի մշակույթ, որը ծանոթ չէր տեղի լրատվական հանրությանը: «Հայ Ձմեռ պապ» ծրագրի միջոցով մենք ցանկանում էինք Հայաստան ներմուծել սատարիչ լրագրությունը (advocacy jornalism)` ցույց տալու, որ տեղեկատվության հզոր գործիքը կարող է հասարակության բարեկեցության միջոց դառնալ: «ԱրմենիաՆաուն» նաև ցանկանում էր ցույց տալ մեր հովանավորներին, որ իրենց բարեգործությունը մեր հանդեպ գերազանցել էր մեր կայացման կարիքները և մեր նպատակն էր «նվիրատվությունները» վերածել «ներդրումների»: Մենք գործում ենք Հայկական բարեգործական ընդհանուր միության առատաձեռնության շնորհիվ, որը 2003 թվականից ֆինանսավորում է «ԱրմենիաՆաուն»` Հայաստանում իրականացվող բազմակողմանի բարեգործական ծրագրի շրջանակներում: Վերջին երկու տարիներին մեզ օժանդակում է նաև Ամերիկայի հայկական համագումարը: Թեև «ԱրմենիաՆաուն» ինքնուրույն է ստեղծել «Հայ Ձմեռ պապ» ծրագիրը, մենք հուսով ենք, որ այս հեղինակավոր կազմակերպությունները, որոնք օգնել են «ԱրմենիաՆաուին», նույնպես գոհունակության զգացում կապրեն, որ մեր նկատմամբ իրենց ունեցած վստահությունը վարձահատույց է եղել այս բարեգործական ծրագրով ուրիշներին ցույց տրված օգնության միջոցով: Պատասխան |