Բալկանակովկասյան զուգահեռներ. Սերբիայի հակասական քաղաքական տեսակետը Ղարաբաղի հարցում

Բալկանակովկասյան զուգահեռներ. Սերբիայի հակասական քաղաքական տեսակետը Ղարաբաղի հարցում


Երևանում փետրվարի 24-ին քաղաքական խորհրդատվություններ են անցկացրել Հայաստանի և Սերբիայի արտգործնախարարությունները: Առաջին հայացքից` ոչ մի սկզբունքային կարևոր բան, առավելևս հաշվի առնելով այն փաստը, որ նախարարների փոխարեն մասնակցել են փոխնախարարները:

Այդուհանդերձ, սա նշանակալի իրադարձություն է, քանզի որոշ իմաստով հայ-սերբական հարաբերությունները ժամանակակից աշխարհակարգի հակասականության հայելային արտացոլանքն են, և այդ հանդիպումը կարևոր է դիտարկել` որպես բալկանակովկասյան զուգահեռների երկար շղթայի առանձին օղակ:

Մի կողմից` այդ հարաբերությունները հաշվվում են գրեթե մի ամբողջ հազարամյակ, ավելին` դարեր շարունակ հայերն ու սերբերը պայքարել են մահմեդական տիրապետության դեմ, իսկ Օսմանյան կայսրության տապալումից հետո Սևրի պայմանագրի համաձայն պետական սահմաններ են ստացել: Սակայն, մյուս կողմից` Բելգրադը հաճախ աջակցում է ՄԱԿ-ում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ինքնորոշման իրավունքի դեմ Ադրբեջանի նախաձեռնությունները և կողմ արտահայտվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:

Հատկանշական է, որ թե´ Երևանում, թե´ Բելգրադում բոլորը հիանալի հասկանում են, որ նման հակասությունը կապված է Ղարաբաղի և Կոսովոյի հիմնախնդիրները պատկերացնելու և կարգավորելու վերաբերյալ տարբեր մոտեցումների հետ: Բելգրադը համարում է, որ Կոսովոն չի կարող դառնալ երկրորդ ալբանական պետություն, Բաքուն համարում է, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող դառնալ երկրորդ հայկական պետություն: Այս հարթությունում Սերբիայի և Ադրբեջանի մոտեցումները նման են:

Սակայն և´ Սերբիան, և´ Հայաստանը հասկանում են, որ պետք է ինչ-որ բան փոխել:

Բանակցությունների քաղաքական բուն պատճառը պարզ է:

Աշխարհի քաղաքական քարտեզի վրա երեք տասնյակ նոր երկրներ են հայտնվել, ընդ որում` միջազգային իրավունքի յուրաքանչյուր նոր սուբյեկտ իր ինքնիշխանությունն է հռչակել այս կամ այն պետության տարածքում, որն էլ իր հերթին ՄԱԿ-ի լիիրավ անդամ էր հանդիսանում` ԽՍՀՄ, Հարավսլավիա, Չեխոսլովակիա, Եթովպիա, Ինդոնեզիա …

Որոշ դեպքերում միջազգային հանրությունն աջակցել է այս կամ այն ժողովրդի անկախության ձգտումը, որոշ դեպքերում էլ` հիմնովին մերժել է նման ձգտումների հիմնավորվածությունը:

Հայաստանն անկախություն հռչակեց անցյալ հարյուրամյակի 1990-ականների ամենասկզբին և արդեն 1992 թ. մարտին դարձավ համընդհանուր ճանաչված քաղաքական սուբյեկտ: Հայաստանի հետ միասին լիիրավ սուբյեկտներ դարձան Ղազախստանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը և Սան Մարինոն: Մեկ օրվա համար միանգամայն բավարար էր…

Քիչ ավելի ուշ ՄԱԿ-ին կանդամակցեն Մոնակոն, Անդորրան, Վրաստանը, Խորվաթիան, Չեխիան, Շվեյցարիան, ինչպես նաև ավելի քիչ հայտնի երկրներ` Կիրիբատին, Նաուրուն, Թուվալուն: 1993 թ. լիիրավ քաղաքական սուբյեկտ կդառնա Էրիթրեան, իսկ ահա Պալաուի ատոլյան հանրապետության պետական դրոշը կբարձրացվի Իստ-Ռիվերի վրա 1994 թ.:

Անցյալ դարի վարագույրն իջնելուց առաջ կհասցնի ՄԱԿ-ի անդամ դառնալ Տոնգայի Օվկիանոսային Թագավորությունը: Երրորդ հազարամյակի նոր քաղաքական սուբյեկտների ցուցակը կբացի Թիմոր-Լեշտին, որը 2002 թ. կհռչակի իր անկախությունը և կանջատվի Ինդոնեզիայից:

2008 թ. օգոստոսից Ռուսաստանը մեկնարկեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը, ինչը, ի դեպ, աշխարհի շատ երկրների կողմից աջակցություն չգտավ, բացառությամբ Նիկարագուայի, Վենեսուելայի և Նաուրուի Հանրապետության:

Հասկանալի է, որ այս կամ այն նոր երկրի անկախության ճանաչման կամ չճանաչման մասին պետական որոշումներ ընդունելու գործընթացում ժողովրդավարական և բարոյական սկզբունքներն իրենց տեղը զիջում են քաղաքական չոր հաշվարկին:

Այդ իսկ պատճառով 2007 թ. ամռանը Սերբիայի վարչապետ Վոիսլավ Կոշտունիցան, որը դաշնակիցների խիստ կարիք ուներ, հայտարարեց. «Եթե մենք խոսում ենք յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը հարգելու մասին, ապա դա վերաբերում է առանց բացառության բոլոր երկրներին և, իհարկե, Ադրբեջանին»:

Ամիսներ անց Բելգրադն աջակցեց ՄԱԿ-ում «Հայերի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքների» մասին Ադրբեջանի բանաձևը:

Մոտավորապես այդ ժամանակ էլ Ադրբեջանն աջակցեց Սերբիային Կոսովոյի հարցում:

Այդուհանդերձ, 2008 թ. ապրիլին ՀՀ-ում Սերբիայի դեսպան Լիլիանա Բաչևիչը այն ժամանակ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանի հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ «Սերբիան ցավալի սխալ է գործել` աջակցելով ՄԱԿ-ում Լեռնային Ղարաբաղի մասին Ադրբեջանի բանաձևը»:
ԱրմենիաՆաուի էջերում