Վերլուծություն. Անկարան դանդաղում է, Երևանը` արձագանքում

Վերլուծություն. Անկարան դանդաղում է, Երևանը` արձագանքում


Անշուշտ, ՀՀ նախագահի անսպասելի հայտարարությունն ի պատասխան Թուրքիայի` հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը ղարաբաղյան խնդրի հետ կապելուն չէր կարող մի գիշերում ծնվել, և «վթարային ելքի» պես մի բան է այն դեպքում, եթե հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատումը փակուղի մտնի: Ակներև է նաև, որ այս հայտարարությունն ըստ էության Երևանի պաշտոնական ուղերձն է միջազգային հանրությանը` Անկարայի անզիջում դիրքորոշմանն ի պատասխան:

«Եթե Թուրքիան ձգձգի հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը, ապա Հայաստանը անհապաղ կօգտվի միջազգային իրավունքից բխող հնարավորություններից»,- անցյալ շաբաթ Երևանում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Որո՞նք են այն միջոցները, որոնց մասին ասել է Հայաստանի նախագահը:

Ինչպես հայտնի է, նախագահ Սարգսյանը համապատասխան պետական մարմիններին հանձնարարել է լրացումներ նախապատրաստել ՀՀ օրենսդրության այն մասով, որոնք վերաբերում են միջազգային պայմանագրերի ստորագրմանը, վավերացմանը և չեղյալ հայտարարելուն: Ամենայն հավանականությամբ, դա կարող է նշանակել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները կարող են որակվել որպես «միջազգային պայմանագրեր»:

Բանն այն է, որ մինչև դեկտեմբերի 10-ը հայկական կողմը պաշտոնապես ներկայացրել է փաստաթղթերը ոչ թե որպես «միջազգային պայմանագրեր», այլ «երկկողմ արձանագրություններ», որոնք սահմանների և տարածքների հետ կապված հարցեր չեն կարգավորում:

Չնայած արձանագրություններում առկա «սահմանների անխախտելիության», «պետությունների տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի» վերաբերյալ դրույթներին` պաշտոնական Երևանը պնդում է, որ այս կետերը համաձայնեցված չեն և ստորադասվում են դիվանագիտական հարաբերություններ հաստատելու գլխավոր գաղափարին:

Նման դիրքորոշումը հակասում է «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածին, որը կարգավորում է «այլ պետությունների հետ բարեկամության և համագործակցության, պաշտպանության, ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից փոխադարձաբար հրաժարվելու, խաղաղության, միջպետական կազմակերպություններ ստեղծելու կամ դրանց անդամակցելու, քաղաքական կամ ռազմական դաշինք ստեղծելուն կամ դրան անդամակցելուն, սահմանային, տարածքային հարցերը որոշելուն, միջազգային կազմակերպություններ ստեղծելուն կամ դրանց անդամակցելուն, դիվանագիտական կամ հյուպատոսական հարաբերություններ հաստատելուն, վարկեր, փոխառություններ, երաշխիքներ ստանալուն կամ տրամադրելուն, ֆինանսական համագործակցությանը և այլ հարաբերություններին վերաբերող հարցերում և այլ հարաբերությունները, որոնք վերաբերում են ՀՀ կենսականորեն անհրաժեշտ հետաքրքրություններին»:

Այս գործառույթներից շատերը ներառված են ցյուրիխյան արձանագրություններում և, հետևաբար, ճիշտ կլիներ ի սկզբանե այս փաստաթղթերն անվանել «միջազգային պայմանագիր», ինչը Երևանը համառորեն չէր ցանկանում անել:

Եվ ահա, վերջապես, դեկտեմբերի 10-ին Հայաստանի նախագահն առաջին անգամ ցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ օգտագործեց «միջազգային պայմանագիր» եզրույթը և անգամ չբացառեց դրանց «անվավեր» հայտարարելու հեռանկարը:

Ինչո՞ւ:

Դիտարկելով հայ-թուրքական արձանագրություններն այն իրավական հարթությունում, որում դրանք մեկնաբանվում են որպես «միջազգային պայմանագրեր», դրանց ազդեցությունը դադարեցվելու հնարավորություն է ընձեռվում:

«ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 2.1 կետում ասվում է, որ «ՀՀ միջազգային համաձայնագրի ազդեցությունը կարող է դադարեցվել, եթե պատերազմական կամ ռազմական դրության, տնտեսական կամ այլ շրջափակման կամ երկրաշարժի, բնական այլ աղետի կամ անհաղթահարելի այլ ուժի կամ օբյեկտիվ այլ պատճառների բերումով Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն չունի ժամանակին կամ պատշաճ կերպով կատարելու ստանձնած պարտավորությունները»:

Հետևաբար, Հայաստանի նախագահի ոչ պատահական վկայակոչումը «ՀՀ միջազգային համաձայնագրերի մասին» օրենքին նշանակում է, որ այդ օրենքի դրույթների համաձայն` «հայ-թուրքական միջազգային պայմանագիրը» կարող է «չեղյալ համարվել», քանի որ Հայաստանը պատերազմական և տնտեսական շրջափակման մեջ է:

Միևնույն ժամանակ, Սերժ Սարգսյանը հասկացրել է, որ փոփոխություններ են սպասվում նաև ՀՀ օրենսդրության մեջ, մասնավորապես «միջազգային պայմանագրերի ստորագրման, վավերացման և չեղյալ հայտարարելու» մասով: Կարծում ենք, որ խոսքը նույն 57-րդ հոդվածի 2.1 կետի մասին է, որին կավելացվի մեկ նախադասություն. «ՀՀ միջազգային պայմանագիրը կարող է չեղյալ համարվել նաև այն դեպքում, եթե հակառակ կողմը հրաժարվի իր ստանձնած պարտավորություններից»:
ԱրմենիաՆաուի էջերում