Վերլուծություն. Թուրքիայի հետ բարեկամանալով` Ռուսաստանը պահպանում է Հայաստանի հետ դաշինքը

Վերլուծություն. Թուրքիայի հետ բարեկամանալով` Ռուսաստանը պահպանում է Հայաստանի հետ դաշինքը

ITAR-TASS/Photolure

Ռուսաստանի նախագահ Մեդվեդևը և Թուրքիայի վարչապետ Էրդողանը մոսկովյան հանդիպման ժամանակ:

Ավելի քան երկու հարյուրամյակ Ռուսաստանը և Թուրքիան պատերազմել են` Մերձավոր Արևելքի վրա քաղաքական ազդեցության ունենալու նպատակով: Այսօր նրանք չեն ձերբազատվել աշխարհի այս բարդ տարածաշրջանում որքան հնարավոր է ավելի շատ դիրքեր գրավելու ձգտումից, սակայն փոխվել է նրանց վարած քաղաքականության ռազմավարությունը:

Վերջին ժամանակները կողմերը որոշեցին, որ ավելի լավ և արդյունավետ է համատեղ գործել:

Այսօր Թուրքիան փորձում է առավելագույն օգուտ քաղել իր աշխարհագրական դիրքից, որը կապում է Ասիան Եվրոպայի հետ ինչպես ցամաքով, այնպես էլ ծովով:

Այդ իսկ պատճառով Թուրքիան միաժամանակ մասնակցում է երկու հեռանկարային մրցակցային նախագծերի` «Նաբուկո» եվրոպական գազային նախագծին (Թուրքմենստանից Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածքով անցնող մայրուղային գազամուղ, որը հասնում է Կենտրոնական Եվրոպա` շրջանցելով Ռուսաստանը) և ռուս-իտալական «Հարավային հոսք» նախագծին (ռուսաստանյան և միջինասիական գազի մատակարարում Եվրոպա Սև ծովով):

Ռուսաստանի հետ որոշակի խնդիրներ համաձայնեցնելու նպատակով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 13-ին պաշտոնական այցով ժամանեց Մոսկվա:

ՌԴ նախագահի և վարչապետի հետ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում պարզ դարձավ Մոսկվայի ցանկությունը` «Հարավային հոսքն» ավելի շուտ գործարկել, քան մրցակից «Նաբուկոն»:

Մինչդեռ Թուրքիան չի շտապում որևէ բան խոստանալ և նույնիսկ փորձում է «Նաբուկոյի» մեջ ներառել Իրանին:

Վերջերս Անկարան անսպասելիորեն բարեկամացել է Իրանի հետ, որը Մերձավոր Արևելքի վրա ազդեցություն ունենալու գաղտնի մրցակից է` հրապարակավ ընդունելով Թեհրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը և դատապարտելով Իսրայելի գործողությունները Գազայում:

Սրա շնորհիվ 2009 թ. հոկտեմբերին Էրդողանին հաջողվել է իրանական «Հարավային Փարս» գազի հանքաշերտի համատեղ մշակման պայմանավորվածություն ձեռք բերել:

Ռուսաստանի իշխանությունները հիշեցնում են, որ բացի «Հարավային հոսքից», Մոսկվան և Անկարան միմյանց հետ կապված են այլ խոշոր նախագծերով, ինչպիսիք են Սամսուն-Ջեյհան նավթամուղի շինարարությունը, գործող «Երկնագույն հոսք» գազամուղը և հեռանկարային «Երկնագույն հոսք-2-ը» (այն պետք է ռուսական գազ մատակարարի Կիպրոսին, Իսրայելին, Լիբանանին և Սիրիային):

Այսպիսով, Մոսկվան սպասում է, որ Անկարան կգերադասի ռուս-իտալական նախագիծը, որի մասնակիցներ այսօր կարելի է համարել Սերբիային, Հունգարիային, Հունաստանին, Սլովենիային, Ռումինիային և Ֆրանսիային` ի դեմս EDF ընկերության:

Իսկ Թուրքիան, որոշ տվյալների համաձայն, պատրաստ է Ռուսաստանին «Նաբուկո» նախագծին մասնակցության առաջարկ անել:

Այս բոլոր հարցերը մանրամասն չեն հրապարակվել հասկանալի պատճառներով: Ռուս-թուրքական էներգետիկ նախագծերը կարող են խառնել եվրոպական վառելիքի քաղաքականության բոլոր հեռանկարային խաղաքարտերը:

Թուրքիայի վարչապետի` Մոսկվայում արված հայտարարություններից դատելով` նա դեմ չէ իր էներգետիկ դիվանագիտության մեջ քաղաքական խաղաքարտեր օգտագործելուն:

Հիմքեր կան ենթադրելու, որ հօգուտ «Հարավային հոսքի» հնարավոր առաջնության դիմաց` Էրդողանը պահանջել է Մոսկվայից մեկ փաթեթում քննարկել ղարաբաղյան հիմնախնդիրը և հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարները:

Սակայն Մոսկվան ընդդիմացել է Անկարայի քաղաքականությանը, որի համաձայն «առանց ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող զարգանալ»:

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը Էրդողանի հետ հանդիպելուց անմիջապես հետո հայտարարեց, որ չպետք է մեկ փաթեթում ներառել ղարաբաղյան հակամարտության լուծումը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:

«Ռուսաստանը կողջունի ցանկացած դրական որոշում թե´ Ղարաբաղի խնդրի և թե´ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցի վերաբերյալ»,- հայտարարեց Պուտինը հունվարի 13-ին: - Սակայն չպետք է դրանք ներառել նույն փաթեթում»:

Ինչպեսև անցյալ տարվա վերջին Վաշինգտոնում, Էրդողանը ցուցադրեց իր հետևողականությունն այս հարցում և արդեն Մոսկվայի պետական համալսարանում հայտարարեց. «Հայերի կողմից գրավված Ադրբեջանի տարածքները պետք է ազատագրվեն»:

Մոսկվան, բնականաբար, պատրաստ էր նման սցենարին և Հայաստանի հետ հարաբերությունների ռազմավարական բնույթն ընդգծելու համար նույն օրը հյուրընկալել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովն ընդգծեց. «Ռուս-հայկական հարաբերությունները ռազմական ոլորտում ռազմավարական գործընկերային բնույթ են կրում»:
ԱրմենիաՆաուի էջերում