Վերլուծություն. Արդյո՞ք Ալիևը լուրջ է խոսում: Իսկ ո՞վ էր այն մարդը Լոնդոնում
Սարգսյանը խլեց նախաձեռնությունը Ալիևից և Լոնդոնում մի լավ տեղը դրեց Ադրբեջանին Նման հայտարարությամբ նա հանդես եկավ համաեվրոպական հեռուստաալիքով` «Եվրոնյուզին» տված հարցազրույցի ժամանակ` իր հայ գործընկերոջ` Մեծ Բրիտանիա կատարելիք այցից առաջ: Այդուհանդերձ, ըստ էության Ադրբեջանի նախագահը հավանաբար ավելի շատ է ընդդիմանում պատերազմին, քան որևէ մեկը: Նա հասկանում է, որ պատերազմ վերսկսելը կնշանակեր կորցնել իր հոր ստեղծած աշխարհը: Այդ աշխարհը նա ժառանգություն է ստացել և վերջին մի քանի տարիների ընթացքում ապացուցել, որ այն ոչ մեկի հետ չի կիսի: Ալիև Կրտսերը հստակ պատկերացնում է, թե պատերազմի դեպքում ի´նչ հետագծով հայկական արկերը կնետվեն` ուղիղ նշանառությամբ կարձակվեն քառասուն դյույմ տրամագծով նավթամուղի վրա: Այլ բան է շուկայում նավթի համաշխարհային գների չափից դուրս անկումը. դեպքերի նման զարգացման դեպքում նա գուցե սկսի լրջորեն մտմտալ պատերազմի հեռանկարների մասին: Չէ՞ որ ընտանիքի դիրքերը պահպանելու այլ տարբերակ չի լինի. Ալիևի գահից նավթի հոտ է փչում, և եթե վառելիքի շուկայում ճգնաժամ լինի, ապա հարկ կլինի ինչ-որ բան ձեռնարկել: Իսկ քանի դեռ գները բարձր են, ապա պատերազմը բացարձակապես անիմաստ է: Այդ դեպքում ինչո՞ւ է նա այդքան հաճախ խոսում դրա մասին: Ակնհայտորեն, Ադրբեջանի նախագահը միանգամից մի քանի խնդիր է լուծում. նախ` իսկական հայրենասերի իմիջ է ստեղծում սեփական ընտրողների շրջանում, երկրորդ` շոշափում է միջազգային հողը, երրորդ` նվազագույնի է հասցնում իր հիասթափությունը հայ-թուրքական բանակցային գործընթացի հնարավոր արդյունքից: Երբեմն-երբեմն նրա հայտարարությունները տպավորիչ են: Անցյալ շաբաթ ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Դենիս Բլերը չի բացառել նոր պատերազմի հնարավորությունը: Իսկ ավելի վաղ Միջազգային ճգնաժամային խմբի ղեկավարներից մեկը` Ալեն Դելետրոզը, հայտարարել է, որ «պատերազմ կարող է սկսվել ամեն պահ»: Նման հայտարարությունների ֆոնի վրա Իլհամ Ալիևը դրսևորում է իրեն որպես «իմաստուն քաղաքական գործիչ` մեծ, բայց ոչ անսահման համբերությամբ»: Ալիևի նոր հայտարարությունը նախատեսված էր Միացյալ Թագավորություն Հայաստանի նախագահի այցի համար: Ընդհանրապես, Բաքու-Լոնդոն հարաբերությունները գրեթե այնպիսին են, ինչպիսին Երևան-Փարիզ, Թբիլիսի-Բեռլին հարաբերություններն են: 90-ականների հենց սկզբին երեք եվրոպական պետություններ իրար մեջ բաժանեցին Կովկասի վրա ազդեցության ոլորտները. Հայաստանը «բաժին» ընկավ Ֆրանսիային` հաշվի առնելով հայ-ֆրանսիական բարեկամության հարուստ ավանդույթները, Վրաստանը` Գերմանիային (որոշիչը Գերմանիայի վերամիավորման հարցում խորհրդային արտգործնախարար Էդուարդ Շևարդնաձեի գործոնն էր), իսկ նավթով հարուստ Ադրբեջանը` Մեծ Բրիտանիային, որի «Բրիթիշ փեթրոլեում» կորպորացիան դեռ ռուսական հեղափոխությունից առաջ զբաղվում էր տեղական նավթահորերով: 1992 թ. սեպտեմբերին Բաքու էր այցելել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերը` որպես «Բրիթիշ փեթրոլեում» ընկերության ներկայացուցիչ, և այդ ժամանակից էլ սկսվեց Ադրբեջանի «նավթային դիվանագիտությունը»: Այնպես որ, հայտարարելով նոր պատերազմի հավանականության մասին` Ալիևը հիանալի հասկանում էր` ինչ է անում. չէ՞ որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին Հայաստանի հնարավոր հակահարվածը առաջին հերթին հարված է «Բրիթիշ փեթրոլեումին», քանի որ նավթամուղի բաժնետոմսերի 30,1 տոկոսը պատկանում է հենց «Բրիթիշ փեթրոլեումին», և միայն 25 տոկոսը` Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը: Ալիևը կարծում էր, թե «նախազգուշացնում է յուրայիններին»: Սերժ Սարգսյանը խլեց Ալիևից նախաձեռնությունը դեռևս օդում: Թուրքիայի տարածքի վրայով թռչելիս` նա օդային հեռագիր ուղարկեց այնտեղի իշխանություններին, ինչը խիստ ցավագին ընդունվեց Ադրբեջանում: Արդեն Լոնդոնում Հայաստանի նախագահն Ադրբեջանին այնպես տեղը դրեց, ինչպես երբեմն սիրում էր անել իր նախորդը` Ռոբերտ Քոչարյանը, և ինչը երբեք չի արել ինքը: «Սովորական սպառազինությունների համար գոյություն ունեցող բոլոր թույլատրելի չափաքանակները գերազանցող Ադրբեջանն այսօր որևէ լուրջ գնահատականի, ըստ էության, չի արժանանում,- հայտարարեց նա Մեծ Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում: - Իսկ այն զենքը, որն այսօր կուտակում է Ադրբեջանը, եթե նույնիսկ չկրակի Ղարաբաղի հետ պատերազմում, ապա միևնույն է` ինչ-որ տեղ կրակելու է: Հարցն այն է, թե որտե՞ղ և ե՞րբ»: Շարունակելով ռազմական թեման` Սերժ Սարգսյանն ասել է, որ «Հայաստանն ու Ղարաբաղը երբեք պատերազմ չեն սկսել ու չեն էլ սկսի: Բայց մենք գիտակցում ենք, որ պետք է պատրաստ լինենք պատերազմի այն դեպքի համար, երբ ուրիշները ցանկանան դա»: «Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: - Ինչո՞ւ եք կարծում, որ Ադրբեջանը կարող էր դուրս գալ ԽՍՀՄ կազմից, իսկ Լեռնային Ղարաբաղը չէր կարող: Ինչո՞ւ եք կարծում, որ մեծ կայսրությունները կարող են տարբաժանվել, իսկ փոքրերը պետք է մնան: Չեմ ընկալում, չեմ ընդունում` անկայունության ամենամեծ հիմքը անարդար որոշումներն են»: Հարկ է նշել, որ Հայաստանի նախագահի լոնդոնյան ելույթը ամենահաջողն էր իր ղեկավարության ողջ ընթացքում: Նրան իրոք հաջողվեց խլել նախաձեռնությունը Ալիևից և օգտագործել «բրիտանական բեմահարթակը»` որպես Հայաստանի դիրքորոշումն աշխարհին ներկայացնելու համար կարևորագույն միջազգային ամբիոն: Հավանաբար, Հայաստանի նախագահը պետք է հաճախակի ուղևորվի Մեծ Բրիտանիա:
Other Articles in Վերլուծություն
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 7 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.