Վերլուծություն. հայկական բանաձևը և հայ-թուրքական գործընթացը

Վերլուծություն. հայկական բանաձևը և հայ-թուրքական գործընթացը

TIGRAN GHAZINYAN

Բոլոր ճանապարհները տանում են … դեպի Վաշինգտոն:

Հենց հայ-թուրքական սահմանի վրա փոքր մի հարկանի տնակ կա` հինգ պատուհանով և մի դռնով: Պատուհանի շրջանակները վերջերս են ներկվել գավառական խորհրդային կայարանների համար ավանդական սպիտակով: Այս տնակը կոչվում է «Հարավկովկասյան երկաթգծի Ախուրյան կայարան»:
Հարավկովկասյան երկաթգծի «Ախուրյան» կայարանը:


Արդյոք կքանդե՞ն, թե՞ փոխարենը գեղեցիկ հրապարակով մեծ կայարանային համալիր կկառուցեն, որտեղ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում հազարավոր ուղևորներ կճշտեն իրենց կառամատույցը և վագոնի համարը: Այս հարցին առայժմ ոչ ոք չի կարող պատասխանել:

Տան պատուհանները նայում են գնացքի անիվներին կարոտած ռելսերին, որտեղ կանգնած են խորհրդային տարիներից մնացած հին վագոններ, և այսօր թվում է, թե այդ ճանապարհները տանում են ոչ թե Կարս, այլ Վաշինգտոն, որտեղ մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկելու է Հայոց ցեղասպանության բանաձևը:

Թուրքիայի դիվանագիտության ջանքերը, որ ուղղված են ԱՄՆ Կոնգրեսի կողմից Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը կանխելուն, արդեն վաղուց ավանդույթ է դարձել: Որպես կանոն` հենց մարտին են որոշակիանում հայ-թուրքական պատմության «ապրիլյան հարցին» Ամերիկայի «պատասխանի» ուրվագծերը:

Սակայն այս քննարկումը տարբերվում է բոլոր նախորդներից` մի քանի նոր և սկզբունքային կարևոր գործոնների առկայությամբ:

Նախ` այդ քննարկումն ընթանում է թուրք-իսրայելական հարաբերությունների կտրուկ սրացման պայմաններում, այդ իսկ պատճառով թուրքերը չեն կարող նախորդ տարիների պես ամբողջությամբ ապավինել ԱՄՆ ազդեցիկ հրեական լոբբիի աջակցությանը:

Երկրորդ` ներկայիս ԱՄՆ նախագահը Սպիտակ տան միակ ղեկավարն է, որը հայտարարել է Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին` դեռ նույնիսկ նախագահի թեկնածու դառնալը:

Եվ վերջապես, ամենակարևորը` բանաձևի նախագծի քննարկումը տեղի է ունենում անցյալ տարվա հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց հետո:

Ակնհայտ է, որ Թուրքիայի դիվանագիտությունը հենց այդ գործոնն էլ կհակադրի նախորդ երկուսին:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն հանդես է եկել հայտարարությամբ, որ «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն արդեն մեկնարկել է Շվեյցարիայում, շարունակվում է մինչ օրս… բայց եթե մարտի 4-ին կամ ապրիլի 24-ին սխալ քայլեր արվեն, գործընթացը կդադարեցվի: Հուսով եմ, որ կոնգրեսականները որոշում ընդունելիս հաշվի կառնեն այդ նրբերանգը»:

Թուրքական երկու առաքելություններ արդեն մեկնել են Վաշինգտոն` բանաձևի նախագծի հնարավոր ընդունումը կանխելու նպատակով:

Բացի այդ, Թուրքիայի խորհրդարանն արդեն նամակով դիմել է ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, որում փորձում է համոզել ամերիկացի գործընկերներին, թե այդ բանաձևի ընդունումը կվնասի թուրք-ամերիկյան և հայ-թուրքական հարաբերություններին:

Այդկերպ թուրքական դիվանագիտությունն այսօր խաղարկում է «երկու հաղթաթուղթ»` «ամերիկացի քաղաքական գործիչներն իրենց անզգույշ պահվածքով կարող են վնասել հայ-թուրքական գործընթացին», երկրորդ (ավանդական)`«անդառնալի վնաս կհասցնեն թուրք-ամերիկյան հարաբերություններին»:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա հայ-թուրքական սահմանը բացելու նպատակահարմարության վերաբերյալ հայ հասարակությունը միակարծիք չէ: Պաշտոնական իշխանությունները և գործարար աշխարհի ներկայացուցիչներն աջակցում են այդ նախաձեռնությանը: Նրանց կարծիքով` Հայաստանի արդյունաբերությունը կարող է լիովին դիմակայել Թուրքիայի արդյունաբերության մրցակցությանը, իսկ հայ արտադրողները` դուրս գալ իրենց համար նոր թուրքական շուկա: Ըստ քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի («Ժառանգություն» խմբակցության անդամ)` ԱՄՆ-ը որքան վաղ ընդունի Հայոց ցեղասպանությունը, այնքան դրանից կշահեն հայ-թուրքական հարաբերությունների զարգացումները, քանի որ Թուրքիան ստիպված կլինի վերանայել իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ:

«ԱՄՆ Կոնգրեսի կողմից բանաձևի ընդունումը, որը քիչ հավանական եմ համարում, սակայն էապես կստիպի Թուրքիային շատ ավելի սթափ նայել տարածաշրջանային հարցերին և, վերջապես, հասկանալ, որ Ցեղասպանության հարցի շրջանցումը չի նպաստելու հաշտեցմանն ու հարաբերությունների կարգավորմանը»,-«ԱրմենիաՆաուին» ասում է Սաֆարյանը: Ըստ պատգամավորի` այսօր Հայաստանի համար առաջնային է ԱՄՆ կողմից Ցեղասպանության ընդունումը, քան սահմանի բացումը: «Ես նույնիսկ կարծում եմ, որ իշխանությունների համար ևս առաջնայինը Ցեղասպանության բանաձևի ընդունումն է, քանի որ դա երաշխիք կլինի հայկական կողմի համար առավել վստահորեն մտնելու հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ` վստահ լինելով, որ ո´չ Թուրքիան, ո´չ էլ միջազգային հանրությունը կասկածի տակ չեն դնելու Հայոց ցեղասպանությունը»,- հավելում է Սաֆարյանը:

Հայ-թուրքական տնտեսական համագործակցության հանձնաժողովի հայ համանախագահ Արսեն Ղազարյանն ասում է. «Սահմանի բացումը հավասարապես շահավետ է թե´ Հայաստանի, թե´ Թուրքիայի և թե´ ընդհանուր առմամբ տարածաշրջանի համար: Սահմանի բացումից հետո Հայաստանը կվերականգնի տարանցիկ երկրի իր դերը, և դրանից կշահեն բոլորը` Միջին Ասիայից մինչև Եվրոպա, Իրաքից մինչև Վրաստան»:

Հայաստանը գրեթե ոչինչ չի արտահանում Թուրքիա, ապրանքաշրջանառությունը միակողմանի է տեղի ունենում` լայն սպառման թուրքական ապրանքները Հայաստան են ներմուծվում երրորդ երկրի, հիմնականում` Վրաստանի միջոցով:

Միևնույն ժամանակ, թեև Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ դեռ չեն հաստատվել, և սահմանը փակ է, սակայն Հայաստանի հետ նրա ապրանքաշրջանառությունն ավելի բարձր է, քան Իրանի և Վրաստանի հետ, թեև այդ հարևանների հետ սահմանները բաց են:

Խոսելով այն մտահոգությունների մասին, որ սահմանի բացումից հետո էժանագին թուրքական ապրանքները կհեղեղեն հայկական շուկան` դուրս մղելով հայրենական արտադրանքը, իշխանությունները նշում են, որ թուրքական ապրանքները հեղեղել են հայկական շուկան 1990 թվականների սկզբին, սակայն ավելի ուշ` Հայաստանի արդյունաբերության վերականգնումից հետո, զիջել են իրենց դիրքերը:

Նրանք ընդգծում են, որ դա հետևանք էր մրցունակ հայկական ապրանքների ի հայտ գալու, որոնք նվազեցրել են Թուրքիայից ներմուծումների ծավալները: Եվ նրանց կարծիքով` սահմանի բացումից հետո ստեղծված իրավիճակում չարժի սպասել բեկման:

Հայերի բացարձակ մեծամասնությունը թեև կողմ է հանրապետության` մեկուսացումից դուրս գալուն, այդուհանդերձ կարծում է, որ հայ-թուրքական սահմանը իրականում հաշվվում է ոչ թե տարածության, այլ ժամանակի մեջ:

«Սա մի քանի հարյուր կիլոմետրը չէ, որը բաժանում է պատմական Հայաստանի մի մասը մյուսից, այլ մի քանի հաջորդող հարյուրամյակներ, որոնց ընթացքում հայ բնակչության նկատմամբ իրականացվել են տարբեր վայրագ ծրագրեր, այդ թվում նաև` Ցեղասպանություն,- ընդգծում է փորձագետ Գարեգին Գաբրիելյանը: - Հենց ցեղասպանության ընթացքում էլ հիմնականում հստակեցվել են հայ-թուրքական ներկայիս սահմանները և երկարությունը»:

Թուրք քաղաքագետները համոզված են, որ չնայած վերջին 2-3 տարիների փոփոխություններին` Վաշինգտոն-Անկարա առանցքի վրա փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունները տարածաշրջանում ամերիկյան արտաքին քաղաքականության ազդեցության կարևոր մեխանիզմ են մնում, և Սպիտակ տունը պատրաստ չէ վերանայելու առաջնահերթությունները` անկախ կուսակցական պատկանելությունից կամ էլ գործող նախագահի նախկին խոստումներից:

Այս առումով նրանք հիշում են, որ երբ 2000 թ. հոկտեմբերի 9-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովը որոշում էր ընդունել հոկտեմբերի 17-ին քվեարկության դնել թիվ 316 հայկական բանաձևը, որով կոչ էր արվում ԱՄՆ նախագահին հայերի զանգվածային կոտորածները որակել որպես ցեղասպանություն, ԱՄՆ նախագահ դեմոկրատ Բիլ Քլինթոնը շտապ հանդիպեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ հանրապետական Դենիս Հասթերթի հետ հետ և «խնդրեց» նրան չընդունել բանաձևը:

ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Քրոուլին այն ժամանակ տեղեկացրեց, որ «նախագահ Քլինթոնն ու Հասթերթը դեմ առ դեմ քննարկել են Հայկական բանաձևին առնչվող հարցեր: Նախագահը նշել էր, որ բանաձևի ընդունման դեպքում կարող են լուրջ անցանկալի հետևանքներ ի հայտ գալ»:

Այսօր թուրքական աղբյուրները հաճույքով մեջբերում են այն ժամանակ «ԲիԲիՍի» ռադիոկայանի հրապարակած տեղեկությունը. «Բանաձևի ընդունման հնարավորությունը Սպիտակ տանն այնպիսի մտահոգությունն էր առաջացրել, որ նախագահ Քլինթոնն անձամբ անմիջապես միջամտեց: Նա նամակով դիմեց Կոնգրեսին, ինչպես նաև անձամբ զանգահարեց պալատի խոսնակ հանրապետական Դենիս Հասթերթին:

Վաշինգտոնը զգուշանում էր, թե Թուրքիան, բանաձևի ընդունումից վրդովված, կարող է քայլեր ձեռնարկել, որոնք խիստ կվնասեին տարածաշրջանում ամերիկյան շահերին: Որպես պատասխան քայլերից մեկը` Թուրքիան քննարկում էր մերժել Ինջիրլիքի ռազմական բազայի վարձակալության ժամկետի երկարաձգումը, որտեղից ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները թռչում են Հյուսիսային Իրաքի տարածքը պարեկելու»:

Բացի հայ-թուրքական և թուրք-ամերիկյան «հաղթաթղթերից», կա ևս մի մեխանիզմ, որը լրջագույն խոչընդոտ է «Հայկական բանաձևի»` հնարավոր հավանության արժանանալու և ընդունման ճանապարհին:

Բանն այն է, որ ստորագրված «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրության մեջ կողմերը պայմանավորվել են «պատմական փաստաթղթերի և արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձևակերպման համար … ստեղծել երկկողմ միջկառավարական հանձնաժողով»:

Այսպիսով, կողմերը հանգեցին «պատմական փաստաթղթերը և արխիվներն անկողմնակալ ուսումնասիրելու» անհրաժեշտության մասին միասնական դիրքորոշման, և այդ կերպ, բազմաթիվ հայ փորձագետների տեսանկյունից, տեղայնացրին ցեղասպանության և նրա հնարավոր ճանաչման հարցը հայ-թուրքական երկխոսության նեղ շրջանակներում:

Համապատասխանաբար, այն երկրները, որոնք տրամադրված էին ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, սպասողական դիրք կզբաղեցնեն, ընդհուպ մինչև երկկողմ մակարդակում հարցը պարզվի:

Համեմատության համար պետք է նշել, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք (1998-2008 թթ.), երբ, ի հեճուկս բոլոր միջազգային ջանքերի, հայ-թուրքական երկխոսությունն այդպես էլ չկայացավ , իսկ ՀՀ նախագահը բոլոր բարձր ամբիոններից հայտարարում էր մարդկության առաջ Թուրքիայի կատարած հանցագործության ճանաչման անհրաժեշտությունը, խորհրդարանական մակարդակով Հայոց ցեղասպանությունն ընդունեցին կամ կրկին վավերացրին Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Կիպրոսը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Կանադան, Վատիկանը, Ավստրալիան և մի շարք այլ երկրներ: Ֆրանսիան ընդունել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը նախագահի մակարդակով:

Այսօր արդեն հարկ չկա նման «հաղթարշավի» սպասելու: Արձանագրությունները ստորագրելուց հետո շատ երկրներ կորցրին այս հարցի նկատմամբ հետաքրքրությունը: Եվ այդ հանգամանքը նույնպես ձեռնտու է թուրքական դիվանագիտությանը: Եվ ոչ միայն…

«Արարատ» գիտառազմավարական հետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանի կարծիքով` «արձանագրությունները նաև ազատում են նախագահ Բարաք Օբամային բարոյական բեռից` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, ինչպես ինքը խոստացել էր»:

Եթե Հայոց ցեղասպանությունն արժանանա վերջնական հավանության, հայ-թուրքական հարաբերությունները բավական տևական ժամանակով իրոք կսառեցվեն: Սակայն, բանն այն է, որ բանաձևը չընդունելուց հետո էլ դրանք միևնույն է առաջընթաց չեն ունենա:

Թուրքիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, և այսօր էլ ընդգծում են, որ երկկողմ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանը բացելու հեռանկարները կախված են ղարաբաղյան խնդրի կարգավորման նկատմամբ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից:

Այլ խոսքով` Թուրքիայի դիրքորոշումն այսպիսին է. սահմանային տնակի քանդումը կարող է սկսվել միայն այն բանից հետո, երբ հայկական զինված ուժերը դուրս բերվեն Ադրբեջանի` միջազգայնորեն ճանաչված տարածքից, և երբ Հայաստանը պաշտոնապես ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նրա խորհրդային սահմանների շրջանակներում, որոնք 1992 թ. ՄԱԿ-ը ճանաչել է որպես պետական:
ԱրմենիաՆաուի էջերում