89 տարի առաջ, մարտի 16-ին. որոշ տեղեկություններ ներկայիս հայ-թուրքական սահմանի մասին
Այս օրերին շատ հայկական կազմակերպություններ պատճառ ունեն կրկին հիշելու «ակունքների» մասին, քանի որ հենց 1921 թ. մարտի 16-ին Մոսկվայում Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև ստորագրվեց «Բարեկամության և եղբայրության մասին» պայմանագիրը, որն էլ որոշեց խորհրդաթուրքական սահմանի հայկական հատվածի ուրվագիծը: Փաստաթղթի ստորագրման պահին պայմանավորվող կողմերը միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ չէին. Թուրքիան Ազգերի լիգայի անդամ է դարձել 1932 թ., Խորհրդային Ռուսաստանը` ընդհանրապես չի ճանաչվել, իսկ ԽՍՀՄ-ը անդամակցել է Լիգային միայն 1934 թ.: Այսինքն` պայմանավորվող կողմերը ինքնահռչակ կազմավորումներ են եղել, և նրանց ստորագրած պայմանագիրը չէր կարող ընդունվել միջազգային մակարդակով: Քեմալական Թուրքիան բոլշևիկյան Ռուսաստանից պարգև է ստացել Ախուրյան և Արաքս գետերի աջ ափամասը Արարատ լեռան հետ միասին: Այդ ժամանակ էլ երկու պետությունները անդրկովկասյան հանրապետությունների վարչական վերաբաժանում են իրականացրել: Խորհրդային Հայաստանի տարածքն այն ժամանակ ընդգրկում էր Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի հողերը: Հայաստանի խորհրդայնացման երկրորդ օրը «Պրավդա» թերթը (№ 273) հրապարակեց Իոսիֆ Ստալինի` ազգությունների գործերի ժողկոմի «Կեցցե~ Խորհրդային Հայաստանը» նամակը, որում հատուկ շոշափվել էր այդ կողմը. «Դեկտեմբերի 1-ին Խորհրդային Ադրբեջանը հոժարակամ հրաժարվում է վիճելի մարզերից և հռչակում է Զանգեզուրի, Նախիջևանի, Լեռնային Ղարաբաղի հանձնումը Խորհրդային Հայաստանին»: Մոսկովյան համաձայնագիրը ստորագրվել է միայն որպես Խորհրդային Հայաստանի մաս Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի ճանաչումից չորս ամիս անց: Սակայն թուրքական կողմի պնդմամբ` տվյալ դրույթը վերանայվել է հենց մոսկովյան պայմանագրով, ինչի հետևանքով հայկական երկու շրջաններ բոլշևիկները հանձնեցին Խորհրդային Ադրբեջանին: Այսպիսով, այս փաստաթղթում երկու պայմանավորվող կողմերը` Ռուսաստանը և Թուրքիան, որոշում են ընդունել երրորդ պետության` Խորհրդային Ադրբեջանի պրոտեկտորատի ներքո հանձնել չորրորդ պետության` Խորհրդային Հայաստանի անբաժանելի մասը: Թեև գործընթացի դերակատարներից ոչ մեկը միջազգային իրավունքի սուբյեկտ չէր, խնդրի նման լուծումը նախադեպ ծնեց. երկու տասնամյակ անց բոլշևիկները և նացիստներն օգտագործեցին այդ փորձը Մոլոտով-Ռիբենտրոպ դաշնագիրը կնքելիս, երբ երկու պայմանավորվող կողմերը իրենց ցանկությամբ տնօրինեցին երրորդ պետության` Լեհաստանի ճակատագիրը: Քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի միջև կնքված Մոսկվայի պայմանագիրը «ժամանակակից հայկական սահմանի» վերաբերյալ մինչ օրս համարժեք գնահատականի չի արժանացել: Խորհրդային Միության առաջնորդները ընդդիմացել են իրենց պատմական հողերը վերադարձնելու հայերի ձգտումներին: 1953 թ. «Պրավդա» թերթում պաշտոնապես հաղորդվում է. «Խորհրդային Միությունը տարածքային պահանջներ չունի Թուրքիայից, քանի որ Հայաստանի և Վրաստանի կառավարությունները, հանուն բարիդրացիական հարաբերությունների պահպանման և խաղաղության ու անվտանգության ամրապնդման հնարավոր են համարել հրաժարվել Թուրքիայի նկատմամբ իրենց տարածքային պահանջներից»: Սահմանի հարցը չի կորցրել իր սրությունը նաև հաջորդ խորհրդային առաջնորդի` Լեոնիդ Բրեժնևի ղեկավարության օրոք: 1973 թ. դեկտեմբերին` խորհրդաթուրքական պայմանավորվածության համաձայն` երեք խորհրդային անդրկովկասյան հանրապետությունների իրավասու ներկայացուցիչները պետք է ստորագրեին «գոյություն ունեցող սահմանների անփոփոխելիության» մասին կետը: Թուրքիայում Հայաստանը ներկայացնում էր գնդապետ Գուրգեն Նալբանդյանը: Նա հրաժարվում է Խորհրդային Հայաստանի անունից ստորագրել «գոյություն ունեցող սահմանների անփոփոխելիության» մասին կետը` անգամ չնայած խորհրդային ղեկավարության ճնշման: «Սահմանի մասին» հարցի զարգացման նոր փուլն սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ, որում Երևանն ու Անկարան վերահաստատել են «հավասարության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու իրենց երկկողմ և բազմակողմ պարտավորությունները»: Հենց գոյություն ունեցող սահմանների անփոփոխելիության մասին արձանագրային դրույթը չէր կարող ընդունվել հայերի մեծ մասի` մեր աշխարհասփյուռ հայրենակիցների և ՀՀ քաղաքացիների կողմից: Թուրքիան, նախևառաջ, փորձում էր հասնել հենց իր համար այդքան կարևոր կետի ստորագրմանը. 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում 1921 թ. մարտի 16-ին ստորագրված Մոսկվայի պայմանագիրը ի վերջո «միջազգային հավանության և ճանաչման» արժանացավ:
Other Articles in Վերլուծություն
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 13 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.