Photo: www.wikipedia.org
Ալիևը պնդում է, որ հայոց պետությունը հիմնվել է պատմականորեն ադրբեջանական հողերի վրա:
Այս տարվա սկզբից Ադրբեջանի իշխանությունները աստիճանաբար սկսեցին հայ-ադրբեջանական հարաբերություններում ուշադրության կիզակետը տեղափոխել դեպի Երևանի պատմական անցյալի կողմը:
Իհարկե, Լեռնային Ղարաբաղը վիճաբանության մեջ շարունակում է կարևոր դիրք զբաղեցնել, սակայն անհնար է չնկատել, որ Բաքուն արդեն ավելի ու ավելի հաճախակի է սկսում խոսել Հայաստանի մայրաքաղաքի «ադրբեջանական պատկանելության» մասին:
Փետրվարին իշխող «Ենի Ադրբեջան» (Նոր Ադրբեջան) կուսակցությունն անցկացրեց «Իրևանի խանություն» գրքի շնորհանդեսը, որում «ապացուցվում» է քաղաքի «ադրբեջանական պատկանելությունը»:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Day.az գործակալությունը, իշխող կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը շնորհանդեսի ժամանակ ընդգծել է, որ «գրքում պատշաճ ձևով հաստատվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որ Հայաստանի մայրաքաղաքը` Երևանը, ադրբեջանական տարածք է, և այն նաև պատասխան է նրա կոչին` չմոռանալ ժամանակավորապես կորցրած ադրբեջանական հողերի մասին»:
Արդեն ապրիլին այլ ադրբեջանական լրատվական գործակալություններ հրապարակեցին Ալիևի հայտարարությունը:
«Հայերն ունեն իրենց պետությունը, թեև այդ պետությունն էլ է ստեղծվել պատմական ադրբեջանական հողերի վրա: Դա հայտնի է բոլորին: 1918 թ. Ադրբեջանի անկախության հռչակումից անմիջապես հետո Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը որոշում է ընդունել Հայաստանին որպես մայրաքաղաք հանձնել Իրևան քաղաքը»,- Ադրբեջանի նախագահին հղում է կատարում Open.Az-ը լրատվական գործակալությունը:
Նման հայտարարությունները չեն կարող պատահական լինել: Այդկերպ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը ցուցադրել Լեռնային Ղարաբաղին անկախություն տրամադրելու ջանքերի անհեռանկարայնությունը:
«Շեշտադրումների արհեստական տեղաշարժը կոչված է ցուցադրելու աշխարհին, որ Բաքուն կարող է ինչ-որ կերպ թույլ տալ հայոց պետության գոյությունը նույնիսկ ադրբեջանական հողերի վրա` իբրև մայրաքաղաք ունենալով ադրբեջանական քաղաք, սակայն մտադիր չէ համակերպվել Լեռնային Ղարաբաղի անկախության հետ,- նշում է քաղաքագետ Գարեգին Գաբրիելյանը: - Այդ իսկ պատճառով Ադրբեջանը հայտարարում է Ղարաբաղը ցանկացած գնով վերադարձնելու իր պատրաստակամության մասին»:
Ղարաբաղյան հիմնախնդրի նկատմամբ նոր մոտեցումներ որդեգրելու վկայություն է Ադրբեջանի դեսպանների` անսպասելիորեն հաճախադեպ դարձած նման հայտարարությունները: Մայիսի 9-ին ռազմատենչ հայտարարություններով հանդես եկավ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան, կոմպոզիտոր Փոլադ Բյուլբյուլօղլին:
Մայիսի 13-ին Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության Գերագույն խորհրդի նախագահ Միքայիլ Ռահիմովը հայտարարել է, որ «միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա`ստիպելու ագրեսոր երկրին վերադարձնել Ադրբեջանի օկուպացրած տարածքները: Եթե առաջիկայում դա չլինի, ապա ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի ռազմական ճանապարհով»:
Միայն այս տարի Ադրբեջանի նախագահն առնվազն 30 անգամ պաշտոնապես հայտարարել է ակտիվ ռազմական գործողություններ վերսկսելու հավանականության մասին, և մի քանի անգամ` «Երևանի ու Զանգեզուրի ադրբեջանական պատկանելության» մասին:
Ղարաբաղյան խնդրում Ադրբեջանի նախաձեռնած մարտավարական փոփոխություններն աննկատ չմնացին հայկական կողմի համար, որն իր հերթին հանդես եկավ մի շարք սկզբունքորեն նոր հայտարարություններով:
Վերջին 16 տարիների ընթացքում առաջին անգամ ԼՂՀ-ն հայտարարել է, որ պատերազմը, որի մասին այդքան հաճախ խոսում է Բաքուն, ըստ էության ձեռնտու է հենց հայկական կողմին:
ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հայտարարել է, որ «պատերազմի վերսկսումը ձեռնտու չէ Ադրբեջանին և ձեռնտու է մեզ համար, քանի որ մենք հեշտությամբ կարող ենք իրականացնել մեր առաջ դրված խնդիրը: Կարծում եմ` այդ ժամանակ մենք վերջնականապես և մեկընդմիշտ կլուծենք ղարաբաղա-ադրբեջանական հիմնախնդիրը»:
Դեռ երբեք նման կարծիք չէր բարձրաձայնվել պաշտոնական մակարդակով, և շատ հավանական է, որ առաջիկայում հայկական կողմը հանդես կգա նոր հայտարարություններով:
Հավանաբար, մոտ ապագայում կլսենք նաև այլ նոր հայտարարություններ:
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 52 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.