Վերլուծություն. դիվանագիտական ամպեր Ղարաբաղի գլխին
Միջազգային կառույցների կոշտ հայտարարությունները ստվեր գցեցին ղարաբաղյան ընտրությունների վրա: Լեռնային Ղարաբաղի շուրջ մթնոլորտում սկսեցին դիվանագիտական ամպեր կուտակվել, երբ դեռևս ընտրությունների նախօրեին բավական կոշտ դիրքորոշում որդեգրեց Եվրամիությունը: Այն հանդես եկավ հայտարարությամբ, թե «օրինական չի համարում մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք խորհրդարանական ընտրությունները»: Մայիսի 20-ին Եվրախորհրդարանը Հարավային Կովկասի մասին ընդունեց բանաձև, որում կոչ էր արվում դուրս բերել հայկական զորքերը Ադրբեջանի «բռնազավթված տարածքներից»: Բանաձևի հեղինակը բուլղարացի խորհրդարանական Եվգենի Կիրիլովն է: Մայիսի 25-ին ԵԱՀԿ-ն իր պաշտոնական կայքում տեղադրեց հայտարարություն այն մասին, թե «քանի որ ԵԱՀԿ-ն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, խորհրդարանական ընտրությունների անցկացումը չի անդրադառնա ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա»: Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ևս հայտարարություն տարածեցին Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունների առնչությամբ. «Լեռնային Ղարաբաղը չի ճանաչվել որպես անկախ և ինքնիշխան պետություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից և ոչ մեկի, ինչպես նաև այլ երկրի, այդ թվում` Հայաստանի կողմից»: Իհարկե, պաշտոնական Երևանը դեռևս մտադիր չէ ճանաչել երկրորդ հայկական պետության անկախությունը: «Տվյալ փուլում Ղարաբաղի անկախության ճանաչումը հավասարազոր կլինի պատերազմ հայտարարելուն»,- ասել է Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության անդամ Գագիկ Մելիքյանը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Վալտեր Կալինը իր հերթին կոչ է արել միջազգային հանրությանն աջակցել Հայաստանի կողմից «բռնազավթված» ադրբեջանական տարածքների ազատագրմանը: «Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում ստիպել Հայաստանին կատարել Ադրբեջանի գրավյալ տարածքներն ազատագրելու պահանջները»,- ասել է նա Բաքվում: Այդուհանդերձ, հայերը ոչ մի հայտարարություն այդքան ցավագին չընդունեցին, որքան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոյի ելույթը: Ռուսաստանը համարվում է Հայաստանի ռազմավարական գործընկերը, իսկ հայ-ռուսական հարաբերությունների ակունքները գնում են դարերի խորքը: «Ռուսաստանն սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը ճիշտ այնպես, ինչպես միջազգային իրավունքի մյուս հիմնարար սկզբունքներն ու նորմերը»,- հայտարարել էր Նեստերենկոն: «Ինչպես հայտնի է, մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նա, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի իր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ, այսուհետ ևս շարունակելու է օգնել հայերին և ադրբեջանցիներին` հնարավորինս արագ ղարաբաղյան թնջուկին փոխզիջումային հանգուցալուծում գտնելու գործում»,- եզրափակել էր նա: Մի կողմից` այն երկրներից շատերը, որոնց հետ Հայաստանը բարեկամական հարաբերությունների մեջ է` Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը, միշտ հայտարարել են, թե ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` իրենց բացահայտ կամ թաքուն անջատողական օջախների առկայության պատճառով: Ռուսաստանը խոսել է այս մասին, քանի որ ունի խնդիրներ` Հյուսիսայի Կովկասը, Թաթարստանը, ինչպես նաև Կուրիլյան կղզիները: Չինաստանը տարածքային ամբողջականության կողմնակից է ույգուրտական և տիբեթական անջատողականության, Իրանը` ադրբեջանականի պատճառով: Սակայն, մյուս կողմից` բոլորը հասկանում են, որ Մոսկվան կարող էր նման շեշտադրումով այդ մասին չհայտարարել հենց Լեռնային Ղարաբաղի ընտրությունների շրջանում: Օրինակ` Թեհրանը ընտրությունների և տարածքային ամբողջականության մասին ոչինչ չասաց: Մայիսի 24-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը խիստ դիվանագիտորեն արտահայտվեց. «Իրանի և Հայաստանի միջև ձևավորվել են անկեղծ և բարեկամական հարաբերություններ: Մեր երկրներն անխզելիորեն կապված են միմյանց հետ, ինչպես և տարածաշրջանի մյուս երկրները»: Իրանի նման մոտեցման ֆոնին Ռուսաստանի հայտարարությունն ավելի տագնապալի է դառնում: Սակայն կա նաև գործի երրորդ կողմը, կապված արդեն այն բանի հետ, որ Երևանն ու Մոսկվան այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան երկու տարի առաջ Վրաստանի օգոստոսյան պատերազմի առնչությամբ: Հայկական կողմը չէր կարող իրեն թույլ տալ կտրուկ հանդես գալ Վրաստանի դեմ, որի տարածքով է ապահովվում ցամաքային կապը արտաքին աշխարհի հետ, ինչպես նաև բեռնափոխադրումների 70%-ից ավելին: Իսկ արդեն մեկ տարի անց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին Հայաստանի բարձրագույն` «Պատվո շքանշանով» պարգևատրելու մասին հրամանագիրը: Այն ժամանակ այդ իրադարձությունը հարուցեց Մոսկվայի զայրույթը, որը Վրաստանի նախագահին համարում է «զինվորական հանցագործ»: Ռուս պաշտոնյաները չէին թաքցնում «ռազմավարական գործընկերոջ» նման քայլից իրենց զարմանքը: «Աշխարհի ցանկացած երկիր ազատ է պարգևատրելու ում ասես և ինչով ասես, ինչպես նաև գովել և դատապարտել: Սակայն կարևոր է հասկանալ, որ չի կարելի թքել այն ջրհորի մեջ, որից դեռ բազմիցս ստիպված կլինես խմել»,- հայտարարել էր ՌԴ Պետդումայի միջազգային հարցերի կոմիտեի անդամ Վալերի Բոգոմոլովը: ՌԴ Պետդումայի սահմանադրական օրենսդրության կոմիտեի փոխնախագահ Վիկտոր Իլյուխինը նշեց, որ «Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին Հայաստանի պետական բարձրագույն պարգևը ցուցադրական հանձնելը աննրբանկատ և ոչ բարեկամական քայլ է Ռուսաստանի նկատմամբ: Տհաճ զգացումը, անկասկած, կմնա»: Հենց այդ տհաճ զգացումն էլ հավանաբար դարձավ Ղարաբաղի երկնքում կուտակվող ամենադառը դիվանագիտական ամպը:
Other Articles in Վերլուծություն
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 6 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.