Տեսակետ. Թուրքիան «ուղղակի աղմուկ է բարձրացնում» նավատորմիղի վրա հարձակման զարգացումների շուրջ

Տեսակետ. Թուրքիան «ուղղակի աղմուկ է բարձրացնում» նավատորմիղի վրա հարձակման զարգացումների շուրջ

Ֆոտոլուր

Չաքրյանի կարծիքով՝ Հայաստանը Թուրքիա-Իսրայել հարաբերությունների վատթարացումը չպետք է դիտարկի որպես Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորություն:

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը կարծում է, որ թուրք-իսրայելական ճգնաժամը Թուրքիային հնարավորություն է տալիս բարձրացնելու իր դերն ու հեղինակությունը տարածաշրջանում, հատկապես արաբական, իսլամական աշխարհում: Ըստ նրա` Հայաստանը պետք է երկու երկրների հարաբերությունների վատթարացումը դիտարկի այս տեսանկյունից, ոչ թե որպես Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորություն Իսրայելի Կնեսետում:

Ժամանակ առ ժամանակ վատթարացող թուրք-իսրայելական հարաբերությունները կտրուկ սրվեցին մայիսի 31-ին, երբ Իսրայելը զավթեց Գազայի հատված մտած թուրքական «Մավի Մարմարա» նավը, որի հետևանքով զոհվեց 9 մարդ: Իսրայելը հարձակումն արդարացնում է` պնդելով, որ «ազատարար նավատորմիղի» մուտքը սադրանք էր:

Իսրայելը երեկ ազատ է արձակել նավի վրա գտնվող բոլոր արտասահմանցիներին, թեև Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելը չի ազատի գերեվարվածներին և չի դադարեցնի Գազայի հատվածի շրջափակումը, քանի դեռ «Գազայում իշխում է «Համաս» խմբավորումը»:

Չաքրյանի կարծիքով`Իսրայելը չի զիջի Թուրքիային, վերջինս էլ «ուղղակի աղմուկ է բարձրացնում`միջազգային հանրության ուշադրությանն արժանանալու համար»:

Ըստ թուրքագետի` թուրք-իսրայելական ճգնաժամը Թուրքիայի քաղաքական օրակարգից դուրս է մղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, իսկ թուրք հասարակության մեջ սերմանված հակահրեական տրամադրությունները ապագայում կհանգեցնեն երկու երկրների հարաբերությունների ավելի սրման:
ԱրմենիաՆաուի էջերում