Թուրք-իսրայելական հարաբերություններում վերջին երկու տարում աճող լարվածությունը վերջին օրերին իր գագաթնակետին է հասել:
Հաշվի առնելով տարածաշրջանային ուժերի դասավորության որոշ առանձնահատկություններ` հայկական հասարակական հետաքրքրության օրակարգում հարց է բարձրացել, թե ինչպես այդ ամենը կազդի Հայաստանի վրա, օրինակ` հայ-իսրայելական հարաբերությունների կամ Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման հեռանկարի վրա:
Կամ էլ ԱՄՆ-ում: Չէ որ հայտնի է, որ հրեական կազմակերպություններն ավանդաբար աջակցում են թուրքական լոբբիին` ԱՄՆ Կոնգրեսում այդ գործընթացին ընդդիմանալու հարցերում:
Մի նրբություն էլ կա: Եթե, օրինակ, Երևան-Անկարա պաշտոնական հարաբերությունները հիմնականում համապատասխանում են հայ և թուրք ժողովուրդների միջև հարաբերությունների մակարդակին, ապա Երևան-Թել Ավիվ հարաբերությունները որոշակիորեն հակասում են հայերի ու հրեաների միջև հարաբերություններին: Եթե Իսրայելի պաշտոնական իշխանությունները չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ապա Իսրայելի հակազրպարտչական լիգան ճանաչում է:
2007 թ. օգոստոսին այն հայտարարել էր, որ «1,5 մլն հայերի սպանությունը ճանաչում է որպես Հայոց ցեղասպանություն»: Այդ կազմակերպության նախագահ Աբրահամ Ֆոքսմանը նույնիսկ հայտարարել է, որ այս որոշումն ընդունվել է պատմաբանների և Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, Հոլոքոստի վերապրած Էլի Վիզելի հետ խորհրդակցելուց հետո:
Հատկանշական է, որ այս տարի արդեն երկրորդ անգամ Հայոց ցեղասպանության հարցն ընդգրկվել է Իսրայելի Կնեսետի օրակարգում (առաջին անգամ` 2008-ին): Անկասկած, ավելի նախընտրելի կլիներ, եթե հարցը քննարկվեր խորհրդարանի կրթության հարցերով հանձնաժողովում, սակայն այն հանձնվել է արտաքին հարաբերությունների և պաշտպանության հարցերի հանձնաժողովի քննարկմանը, որտեղ շանսերն աննշան են:
Այդուհանդերձ, մի երեք տարի առաջ դրա մասին «երազելն» անգամ դժվար էր:
Ի՞նչ են մտածում հայերը վերջին զարգացումների մասին:
Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով` թուրք-իսրայելական հարաբերություններում լարվածության հետագա ուժեղացումը կհանգեցնի Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի ակտիվ քննարկումների հավանականության բարձրացմանը:
Նույն կարծիքի է նաև թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: «Եթե Հայաստանն ինչ-որ բան էլ շահի այժմյան լարված իրավիճակից, ապա դա կլինի մակերեսային, օրինակ` Կնեսետում կարող է ակտիվանալ Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը, իսկ Իսրայելը կարող է զբաղեցնել ավելի չեզոք դիրք Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում»,- նշում է նա:
Նրա խոսքով` ռազմավարական համագործակցությունը միշտ էլ Իսրայելի համար առաջնայնություն կլինի, քան Հայաստանի հետ կապերը, իսկ Հայոց ցեղասպանության հարցը միշտ էլ Իսրայելի համար քաղաքական սակարկության գործիք կլինի:
Վերջին զարգացումների քաղաքական գնահատական է տվել ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Նա հայտարարել է, որ Թուրքիան դիտավորյալ է հրահրել «Ազատության նավատորմիղի» շուրջ իրավիճակը:
Նրա խոսքով` միամտություն կլիներ կարծել, թե Իսրայելը թույլ կտար անհայտ բեռով և ուղևորներով 6 նավերին առանց ստուգման մտնել Գազա:
Մինչդեռ, մայիսի 31-ին Թել Ավիվում`Թուրքիայի դեսպանատան առաջ, բողոքի ցույց է սկսվել Անկարայի հակաիսրայելական քաղաքականության դեմ:
Ակցիայի մասնակիցները խմբով երգում էին. «Թուրքիան պոռնիկ է», սակայն հատկապես հետաքրքիր է, որ կարգախոսներ էին հնչում ի պաշտպանություն Հայաստանի:
Ընդհանուր առմամբ, հայկական պաշտոնական և քաղաքական կարծիքներն այս հարցում որոշակի փակուղում են հայտնվել:
Մի կողմից` շատ լավ հասկանում են, որ գոյություն ունի թուրք-իսրայելական ռազմավարական գործընկերություն, որը դեռևս բավական ուժեղ է: Եվ այդ գործընկերությունը ոչ մի կերպ չի համապատասխանում Հայաստանի
շահերին:
Մյուս կողմից էլ` Թուրքիան փորձում է դառնալ իսլամական աշխարհի առաջնորդը` երկրորդ պլան մղելով Իրանին և որոշ արաբական երկրներ: Ընդ որում, միջազգային ասպարեզում Անկարան հենց պաշտպանում է իրանական և արաբական շահերը:
Երրորդ կողմից` արաբների և իրանցիների համերաշխությունը Թուրքիայի հետ` նրա հակաիսրայելական քաղաքականության տեսանկյունից: Քաղաքական տեսանկյունից` վերջին իրադարձությունները, իհարկե, Թուրքիայի շահերից են բխում, դեռ երբեք նրա դրոշներն այդքան չեն բարձրացվել մահմեդական երկրներում:
Նման իրավիճակում շատ դժվար է միանշանակ որևէ բան ասել, գուցե այդ պատճառով էլ պաշտոնական Երևանը լռում է:
Քանի դեռ իրավիճակը չի լիցքաթափվել, տարածաշրջանում ուժերի վերադասավորության մասին և այդ համատեքստում Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման հեռանկարներից խոսելը վաղաժամ է:
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 14 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.