Ֆոտոլուր
Ավանդաբար հասարակության վրդովմունքի մագնիսը՝ Ազատության հրապարակը:
Վերջին ամիսներին Հայաստանի քաղաքական դաշտում կարևոր տեղ զբաղեցրած, իսկ այժմ սառեցված հայ-թուրքական հարաբերությունների, ինչպես նաև ղարաբաղյան հարցի շուրջ քննարկումները կարծես թե իրենց տեղն են զիջել ներքաղաքական հարցերին:
Հասարակական և քաղաքական շրջանակների վերաբերմունքի փոփոխությունը պայմանավորված է մի քանի գործոններով, որոնցից մեկն էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դե ֆակտո դադարեցումն է և դրա անորոշ հեռանկարները`կապված թուրք-իսրայելական հարաբերություններում աճող լարվածության հետ:
Տարածաշրջանում իր ավանդական դաշնակցի հետ խորացող տարաձայնությունները նաև, կարծես թե, խափանել են Թուրքիայի անկշտում նկրտումները Հարավային Կովկասում և, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում դերակատարում ունենալու նրա վերջին ցանկությունը: Կորցնելով իր «թուրքական թևը»` ղարաբաղյան խնդիրը պակաս կարևոր չի դարձել Հայաստանի քաղաքականության համար, սակայն այն անշուշտ վերադարձավ հրատապության իր «բնականոն հուն», որը երբեք էլ չի խանգարել երկրում զուգահեռ ներքաղաքական գործընթացների զարգացմանը:
Հայաստանի քաղաքական կուսակցություններն օգտագործեցին այս կարճատև դադարը, ինչպես նաև ներքին խնդիրներով քիչ թե շատ հանրության մտահոգությունները` փորձելով բարելավել իրենց շանսերը հաջորդ համընդհանուր ընտրություններում, որոնցից ամենամոտը կանցկացվեն մոտ երկու տարուց: Ընդսմին, որոշ քաղաքական ուժեր չեն բացառում արտահերթ ընտրությունները:
Վերլուծաբաններից շատերի կարծիքով` 2012-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի «կեղծ մեկնարկն» այն էր, որ իշխող կոալիցիայի անդամ «Բարգավաճ Հայաստանը» և գլխավոր ընդդիմադիր դաշինք ՀԱԿ-ը մայիսին մեծ միջոցառումներ են անցկացրել Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքում` Գյումրում: Մինչ այդ, Շիրակի մարզպետին փոխարինել է արդարադատության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Աշոտ Գիզիրյանը, որը վերլուծաբանների մեծ մասը համարել է որպես ՀՀԿ-ի ձգտում` ամրապնդելու իր դիրքերը հյուսիսային ընտրական տեղամասերում:
Երրորդ` «էմոցիոնալ վակուումը» կարծես վերալցվեց անցյալ ամսվա վերջին, երբ վերաբացվեց հասարակական դժգոհության ավանդական մագնիսը` Ազատության հրապարակը, որը փակ էր հանրության համար (ինչպես նաև հանրահավաքների) շուրջ երկու տարի` հսկայական նախագծի կառուցման կապակցությամբ: Հրապարակը սովորական վայր չէ, այլ խորհրդանշական` դժգոհության բարձր էներգիայի հավաքատեղի:
Հենց Ազատության հրապարակն էր կոչված լրացնելու «էմոցիաների և բողոքների պակասը», և նոր մակարդակի բարձրացնելու, թվում էր թե, արդեն մարող լարվածությունը:
Մեկ այլ հանգամանք էլ պետք է հաշվի առնել: Վերջին վեց ամիսներին արմատական ընդդիմությունը` ՀԱԿ-ը, ձեռքերը ծալած չի նստել և «100 քայլ» վերնագրված իշխանափոխության ծրագիր է մշակել: Սրա մասին հայտարարվել է հանրությանը:
Այսօր կարելի է ասել, որ սկսվել է մշակված ծրագրի առաջին քայլերը կյանքի կոչելու «բաց փուլը»:
Առաջին հերթին նրանք ստուգում են զանգվածային անհնազանդության հնարավոր ակցիաներին արձագանքելու Հայաստանի իրավապահ, պատժիչ ու դատական իշխանությունների պատրաստվածության մակարդակը:
Հենց այս հանգամանքներով են պայմանավորված մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած վերջին դեպքերը` ոստիկանության և առանձին ցուցարարների միջև ծեծկռտուքը, ինչպես նաև արմատական ընդդիմությունը ներկայացնող երիտասարդների ձերբակալությունը:
Այս ամենն այնքան ակնհայտ է, որ նույնիսկ ՀՀ օմբուդսմանը, որի դիրքորոշումը դժվար է իշխանամետ կոչել, հայտարարել է, որ «այդ բախումներում միշտ չէ, որ մեղավորը ոստիկանությունն է, և պետք է քաջություն ունենալ դա ընդունելու»:
Առաջին երկու շաբաթները ցույց տվեցին, որ ընդդիմության համար ամեն ինչ «կարգին» է: Հայկական քաղաքական ընտրախավն այնքան է վախենում միջազգային քննադատությունից, որ ոստիկանությունը քայլեր կձեռնարկի ցուցարարների դեմ միայն երկար և ապարդյուն համոզելուց ու խնդրելուց հետո:
Ոստիկանության հանդուրժողականությունը կարող է ավելի ուշ ձեռնտու լինել արմատական ընդդիմադիրների համար, եթե նրանց հաջողվի 2008-ի հանրահավաքների մասնակիցների թվով բազմություն հավաքել:
«100 քայլ» ծրագրի երկրորդ քայլը ՀԱԿ-ի կողմից նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հայցով Հաագայի միջազգային դատարանին դիմելն է: Ըստ «Հայկական ժամանակ» ընդդիմադիր օրաթերթի` դա 280 էջանոց հայց է, որին կցված են 4500 էջից ավելի փաստաթղթեր, ի թիվս որոնց մանրամասն փաստեր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող ավելի քան 40 գանգատների մասին: Բացի փաստաթղթերից, հայցին կցված են տեսաձայնագրություններ և վկայություններ, նախևառաջ` Երևանի կենտրոնում 2008-ի մարտի 1-ի դեպքերի մասին: Ընդդիմությունը պնդում է, որ երկու հաջորդական նախագահական ժամկետից հետո` 2008 թ. ապրիլին իր պաշտոնավարությունն ավարտած Քոչարյանը պատասխանատու է ցուցարարների դեմ ուժ կիրառելու «հանցավոր հրաման տալու» համար, որի հետևանքով զոհվեց 10 մարդ:
«Ռոբերտ Քոչարյանին միջազգային դատական պատասխանատվության կանչելու» անհրաժեշտության մասին ընդդիմադիրները խոսում էին վաղուց: Դեռ 2003 թ. փետրվարին (2008թ. մարտի 1-ի դեպքերից 5 տարի առաջ) Դավիթ Շահնազարյանը Հայաստանի երկրորդ նախագահին համեմատել է կամ նախկին բոսնիացի սերբ ղեկավար, պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող Ռադովան Կարաջիչի, կամ էլ Իրաքի բռնակալ Սադդամ Հուսեյնի հետ (որը 2006-ին կախաղան հանվեց մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար):
Այս տարվա մարտին` Երևանում տեղի ունեցած դեպքերի երկրորդ տարելիցին, ընդդիմության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է. «Կգա ժամանակ, որ միջազգային հանրությունը կասկածի տակ կդնի Սերժ Սարգսյանի նախագահության լեգիտիմությունը, և քրեական գործի հայցը կներկայացվի Հաագայի արդարադատության դատարան»:
«Քոչարյանի» գործը Հաագայի դատարան հանձնելու նպատակը ոչ թե դրա հետաքննությունն է, այլ նախկին ղեկավարին 2013-ի նախագահական ընտրարշավից հեռացնելը:
Համենայնդեպս, ՀԱԿ-ն ու նրա առաջնորդ Տեր-Պետրոսյանը կարծես թե լուրջ նախապատրաստություններ են տեսնում հաջորդ նախագահական ընտրությունների համար, նույնիսկ եթե դեռ վաղ է կանխատեսումներ անել, թե ովքեր են լինելու թեկնածուների ցուցակում, և արդյոք Քոչարյանը կլինի՞ մրցակիցների թվում:
ՀՅԴ Գերագույն մարմնի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, որը Հայաստանում կուսակցության դե ֆակտո կառավարող մարմինն է, այս առիթով հայտարարել է, որ Դաշնակցությունը չի պատրաստվում աջակցել Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձին մեծ քաղաքականություն:
«Եթե 2008 թ. նախագահական ընտրություններում Վահան Հովհաննիսյանն ընտրվեր նախագահ, մենք այսօր բոլորովին այլ Հայաստան կունենայինք»,- ասել է Ռուստամյանը երկուշաբթի անցկացված կուսակցության գերագույն ժողովի ժամանակ:
Նրա խոսքով` միայն ՀՅԴ-ն է իրոք ունակ և շահագրգված երկրում առկա բոլոր խնդիրների լուծմամբ: «Իսկ դրա համար մենք պետք է իշխանության գանք: Անհնար է նշանակալի հաջողությունների հասնել միայն իշխանության մաս կազմելով, այլ ոչ թե բուրգի բարձունքում լինելով»,- ընդգծել է նա:
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.