Տարածքային նոր պահանջնե՞ր. Ադրբեջանը սկսել է «արտահանել» Երևանի պատկանելության գաղափարը

Տարածքային նոր պահանջնե՞ր. Ադրբեջանը սկսել է «արտահանել» Երևանի պատկանելության գաղափարը

Ֆոտոլուր

Ադրբեջանի նախագահ Ալիևը պնդում է, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանը պատկանում է Ադրբեջանին:

Հունիսի 17-20-ը Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական ֆորումի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը:


Հիմնական առանձնահատկությունը ոչ թե բուն հանդիպումն է, այլ այն, որ համաժողովն անցկացվում է այնպիսի մթնոլորտում, երբ Բաքվի ղեկավարության ճնշման ներքո Ադրբեջանի հասարակությունը պնդում է, թե Հայաստանի մայրաքաղաք Երևանը պատկանում է իրենց:

Էստոնիայի մայրաքաղաք Թալինում այս տարվա ապրիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր.

«Հայկական պետությունը ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի վրա: Դա հայտնի է բոլորին: Ադրբեջանի անկախության հռչակումից անմիջապես հետո` հաջորդ օրը, Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը 1918 թ. որոշում է ընդունել Հայաստանին հանձնել Իրևանը` որպես երկրի մայրաքաղաք»:

Նման հայտարարություններ Ալիևը վերջին տարիներին բազմիցս է արել:

Ադրբեջանական և թուրքական սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների համաժողովներից մեկի ժամանակ Ալիևը հայտարարել է.

«1918 թ. ադրբեջանական հողերի վրա ստեղծվել է հայկական պետություն, որին որպես մայրաքաղաք զիջել են Իրևանը` Ադրբեջանի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկը»:

Մեջբերում նրա մեկ այլ ելույթից. «1918 թ., երբ կազմավորվեց Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը, այն նվիրեց Իրևան քաղաքը Հայաստանին: Իրևանի խանությունը բնիկ ադրբեջանական հող է: Ուզում եմ կրկնել. հայերն այս տարածաշրջան են եկել որպես հյուր…»:

2008 թ. ապրիլին Ադրբեջանի խորհրդարանում բարձրացվեց Բաքվի պողոտաներից մեկը Իրևանով անվանափոխելու մասին հարցը:

«Իրևանը Ադրբեջանի հնագույն քաղաքներից է: Ու նախագահ Իլհամ Ալիևը քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց Իրևան ադրբեջանական հին քաղաքը վերադարձնելու անհրաժեշտությունը»,- խորհրդարանի նիստերից մեկում հայտարարեց իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության ներկայացուցիչ պատգամավոր Մուսա Գուլիևը:

Հարկ է նշել, որ Երևանի նկատմամբ հավակնությունների գործընթացը մեկնարկել է դեռևս նախկին նախագահ և ներկայիս նախագահի հոր`Հեյդար Ալիևի օրոք, որն Ադրբեջանի ազգային հերոս է: (Հեյդար Ալիևը մահացել է 2003 թ. վերջին` նախագահությունը ժառանգելով Ալիև կրտսերին:)

Օրինակ` 1999 թ. փետրվարի 2-ին «Բակինսկի ռաբոչի» թերթը հրապարակեց պատմաբաններին ուղղված կոչ. «Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի ստեղծագործություններ, որոնք հետևողականորեն կապացուցեն այն հողերի պատկանելությունը Ադրբեջանին, որտեղ այժմ գտնվում է Հայաստանը: Մենք պետք է դա անենք: Մենք պետք է բացենք ապագա սերունդների ճանապարհը»:

Եվ այդուհանդերձ, հենց այս տարի սկսվեց «Երևանի յուրացման» նոր փուլը:

Եթե նախորդ տարիներին այս թեզիսը կողմնորոշված էր ներքին սպառողի համար, ապա 2010-ի գարնանից այն արդեն «արտահանվում» է:

Դրա վկայությունը դարձան Իլհամ Ալիևի Ելույթը Տալլինում և Ադրբեջանում «Իրևանի խանություն» գրքի շնորհանդեսը:

Իշխող «Ենի Ադրբջան» կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը գրքի շնորհանդեսին ժամանակ ընդգծեց, որ այն «պատշաճ կերպով ապացուցում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Իլիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի մայրաքաղաքը` Երևանը, ադրբեջանական տարածք է, և պատասխանն է նրա կոչին` չմոռանալ ժամանակավորապես կորցրած ադրբեջանական տարածքների մասին»:

Ահա նման պայմաններում է տեղի ունենում Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Աղդբեջանի նախագահների նոր հանդիպումը:

Հարկ է խիստ կանխակալ դիրքորոշում ունենալ` ակնհայտը չնկատելու համար. ղարաբաղյան հիմնախնդիրը տարածաշրջանում հայոց ներկայության վերացման հին նախագծի իրականացման սոսկ նոր փուլն է:

Ու նոր փուլի նպատակը ոչ թե Լեռնային Ղարաբաղն է, այլ Երևանը` որպես հայկական պետության մայրաքաղաք:

ԱրմենիաՆաուի էջերում