Ֆոտոլուր
Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կարճատև այցը Հայաստան բազմաթիվ քննարկումների և բանավեճերի տեղիք է տվել: Ոմանք գոհ են, որ Քլինթոնը, չնայած բազում հոռետեսական կանխատեսումների, ի վերջո այցելեց Ցեղասպանության հուշահամալիր, բայց հարցերը դեռ բաց են մնում. ինչո՞ւ էր դա ընդամենը մասնավոր այց, ինչո՞ւ չմտավ Ցեղասպանության թանգարան և, ի վերջո, ինչո՞ւ անձամբ չընդունեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հուշանվերները:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի գնահատմամբ` պետքարտուղարի այցն «ինքնին պատմական է»:
«Իհարկե, շատ կուզեինք, որ այդ այցելությունը այլ ձևաչափով լիներ, այսինքն` պրոտոկոլային, որի ընթացքում պարտադիր կլիներ թե´ թանգարան այցելությունը և թե´ հիշատակի ծառուղում ծառ տնկելը, սակայն անգամ մասնավոր այցը չափազանց կարևոր և պատմական է»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Դեմոյանը:
Սակայն անգամ մասնավոր այցի ժամանակ նախատեսված հուշանվերներն անձամբ Քլինթոնին հանձնել չի հաջողվել:
Ըստ Դեմոյանի`այցելությանը նախորդած երեկո արդեն ուղարկվել էր մեդալը, քանի որ պետքարտուղարը ցանկություն էր հայտնել տեսնել այն (Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի կողմից 1920-ականներին թողարկված պատմական մեդալը նախատեսված է Հայաստանում և Մերձավոր Արևելքի որբանոցներում իրենց ծառայությունը բերած աշխատակիցներին պարգևատրելու համար): Իսկ լուսանկարը, որում պատկերված են Գյումրու ամերիկյան որբանոցի հայ որբերը` կանգնած «Ամերիկա, շնորհակալ ենք» դասավորությամբ, տրվել է պետքարտուղարի անվտանգության աշխատակիցներին, ըստ Դեմոյանի` «անվտանգության նկատառումներից ելնելով»:
Սփյուռքում Քլինթոնի այցի շուրջ հնչում են հակասական կարծիքներ, մինչ ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կարծիքով այն «սպառված հնարավորություն էր» և «ոչ շոշափելի քայլ», Ամերիկայի հայկական համագումարը բարձր է գնահատում պետքարտուղարի քայլը:
«Այս այցը պարուրող գաղտնիության, ինչպես նաև որևէ հրապարակային և, առավել ևս, Հայոց ցեղասպանությունը ճանաչող լիարժեք և պաշտոնական հայտարարության բացակայության պայմաններում, այս պահին, դժբախտաբար, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այցն ինքնին, յուրահատուկ կարևորություն ունենալով հանդերձ, որևէ շոշափելի տեղաշարժ չի արձանագրել ԱՄՆ-ի կողմից այս հանցագործության պատշաճ քննադատության և ոգեկոչման ուղղությամբ: Այս այցն իրավամբ բաց թողած հնարավորություն է պետքարտուղարի և ԱՄՆ-ի համար»,- ասվում է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ:
Այնուհանդերձ, Ամերիկայի հայկական համագումարը կարծում է, որ պետքարտուղարի այցը «կխթանի ճանաչման ջանքերը»:
«Մենք գնահատում ենք այս կարևոր խորհրդանշական քայլը: Այն ոչ միայն համահունչ է պետքարտուղարի երկարամյա պետական գործունեությանը և պատմականորեն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Ամերիկայի դիրքորոշմանը, այլև օգնում է մեզ համընդհանուր ճանաչման և արդարության հասնելու գործում»,- հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը:
Չնայած պետքարտուղարի այցը մասնավոր էր, սակայն այն մեծ արձագանք է ստացել նաև Թուրքիայում:
«Հյուրիեթ» օրաթերթը ԱՄՆ պետքարտուղարի Ծիծեռնակաբերդ այցելությունը որակում է «շոկային»:
Թերթի փոխանցմամբ`Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մեհմեդ Ջեյլանն ասել է. «Հիլարի Քլինթոնի այցը ընդունելի չէ սառեցված արձանագրությունների համատեքստում: Այդ այցը մեզ հիասթափեցրել է»:
Իսկ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ Դենիզ Բոլուքբաշն էլ կարծիք է հայտնել, որ Քլինթոնի այդ քայլը պատասխան էր «Էրդողանի կուսակցության կողմից հայ-թուրքական արձանագրությունների տապալմանը»։
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.