Վերլուծություն. որտե՞ղ է Ցյուրիխի Հիլարին

Վերլուծություն. որտե՞ղ է Ցյուրիխի Հիլարին

Ֆոտոլուր

Պետքարտուղար Քլինթոնն ու արտգործնախարար Նալբանդյանը դեռ շատ անելիքներ ունեն նախքան Ցյուրիխում ձեռք բերված պայմանավորվածություններին հասնելը:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Երևան, իհարկե, նշանակալի երևույթ էր, չէ՞ որ նման այցերը Հայաստան այնքան էլ հաճախադեպ չեն: Արդեն 18 տարի է, ինչ ամերիկացի նման բարձրաստիճան պաշտոնյա չէր այցելել Հայաստան:


Քլինթոնի այցը տեղի ունեցավ երկու բարձրագոչ հայտարարությունների արանքում. նրա այցից առաջ` Մեծ ութնյակի գագաթնաժողովի ժամանակ, համատեղ հայտարարությամբ հանդես եկան ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները` Երևանին և Բաքվին կոչ անելով «արագացնել աշխատանքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման hիմնարար սկզբունքների շուրջ` խաղաղության համաձայնագիր նախապատրաստելու համար»: Այցից անմիջապես հետո հայտարարությամբ հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, գրեթե նույն բովանդակությամբ:

Տվյալ փուլում Քլինթոնի այցը պատահական չէ: Եթե Քլինթոնի այցը տեղի ունենար 2 տարի առաջ, երբ նա նոր էր ստանձնել պետքարտուղարի պաշտոնը, ապա հնարավոր է նրա այցն ուրիշ բնույթ ունենար: Չէ՞ որ այդ ժամանակ նոր պետքարտուղարն ընդհանրապես գլուխ չէր հանում հայ-ադրբեջանական հակամարտությունից: «Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել առաջիկա 2 ամիսների ընթացքում»,- ասել էր նա:

Տարածաշրջան կատարած Քլինթոնի այժմյան այցը նկատելիորեն հարստացրել է սեփական իմացությունը, համենայն դեպս նա արդեն չի խոսում հարցը «երկու ամսում» լուծելու մասին:

Անցած երկու տարիների ընթացքում աննախադեպ ակտիվացել են նաև հայ-թուրքական շփումները, և ԱՄՆ պետքարտուղարը դրանում իսկապես կարևոր դերակատարում է ունեցել: Առաջին անգամ ստորագրվել են երկկողմ արձանագրություններ` Երևան-Անկարա դիվանագիտական հարաբերություններ հաստատելու սկզբունքների մասին:

Երևանում Քլինթոնը, քննարկելով հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարները, չի թաքցրել ոգևորությունը, որ չնայած Թուրքիայի դիրքորոշմանը, որը, ինչպես հայտնի է, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հեռանկարը կապում է ղարաբաղյան հարցի հետ, Երևանը ոչ մի հարցի հետ չի կապում այդ հեռանկարը:

Անցյալ տարվա հոկտեմբերին` Ցյուրիխում, ԱՄՆ պետքարտուղարը` որպես հայ-թուրքական արձանագրությունները ստորագրող գլխավոր երաշխավորներից մեկը, հպարտորեն կանգնած էր Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Ահմեդ Դավութօղլու թիկունքում:

Թվում էր, թե այլևս ոչինչ չէր կարող խանգարել արձանագրությունների հաղթարշավին: Ինչպես բազմիցս հայտարարել են պետդեպարտամենտի ներկայացուցիչները, ի թիվս որոնց` նաև անձամբ ԱՄՆ պետքարտուղարը արձանագրությունների ստորագրումից առաջ և հետո, դրանց վավերացումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների և ողջամիտ ժամկետներում, և դրանից հետո հայ-թուրքական հարաբերություններում նոր պատմական փուլ պետք է սկսվեր:

Անկարան պարզապես անտեսեց բոլոր ողջամիտ ժամկետները և առանց նախապայմանների վավերացումը:

Անկարային ոչ միայն հաջողվեց սպանել արձանագրությունների վավերացման գործընթացը, այլև կարողացավ դադարեցնել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման գործընթացը: Ի դեպ, ոչ առանց նույն Քլինթոնի օգնության, որը հայտարարել էր, որ պետդեպարտամենտի կարծիքով` բանաձևի ընդունումը վաղաժամ է, քանի որ դա կարող է խանգարել արձանագրությունների վավերացմանը:

Արձանագրությունները կարծես «գրվեցին սառույցին», իսկ հայկական լոբբիստական խմբերից դուրս ոչ ոք այլևս չլսեց Հայոց ցեղասպանության բանաձևի մասին:

Եվ ահա այժմ, Երևան-Անկարա խաղաղության գործընթացում ձախողվելուց հետո, պետքարտուղարը եկել է օգնելու Երևանին և Բաքվին վճռական քայլ կատարել` համաձայնեցնելու հիմնարար սկզբունքները, որոնց իրականացումը ենթադրում է հայկական զինուժի դուրսբերում անվտանգության գոտուց:

Ինչպես հայտնի է, առաջին փուլում հիմնարար սկզբունքներով նախատեսվում է հայկական զինուժի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներից: Հայտարարվում է, որ դուրսբերումը պետք է ընթանա «կարգավորման այլ հիմնարար սկզբունքներին» զուգահեռ, որոնցից են օրինակ` «հաղորդակցությունների բացումը», «ԼՂ միջանկյալ կարգավիճակի սահմանումը», «խաղաղարար ակցիաների իրականացումը», «փախստականների և բռնի տեղահանվածների վերադարձը», և այլն:

Բայց, համենայն դեպս, և սա է կարևորը, առաջին որոշակի քայլը հենց հայկական կողմը պետք է կատարի:

Եթե Քլինթոնն իսկապես ցանկանում է օգնել հիմնարար սկզբունքների վերջնական համաձայնեցմանը, նա պետք է սկսի մեկ այլ բանից, օրինակ` պետքարտուղարը պետք է հիշի իր ցյուրիխյան երաշխիքների մասին` պարտադրելով Անկարային գնալ հարաբերությունների հաստատման առանց նախապայմանների, ինչը միգուցե կնպաստեր տարածաշրջանում ավելի կառուցողական մթնոլորտի ստեղծմանը, նշանակում է` կհեշտացներ խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը:

Եթե Քլինթոնն իրոք փորձում է Երևանի և Ստեփանակերտի վստահությանն արժանանալ, պետք է հանի նաև ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևը ճանաչելու վրա դրված Սպիտակ տան ամոթալի «վետոն»:

«Քլինթոնի երաշխիքների» հարցը մեծ նշանակություն ունի, քանի որ հենց դա կարևոր ներքաղաքական հարց կդառնա Հայաստանում` «Հիմնարար սկզբունքների» իրականացման դեպքում:

Սակայն, եթե հայերը հնարավոր երաշխիքների մասին հայտարարություններ էին ակնկալում պետքարտուղարի` Երևան կատարած 18-ժամյա այցի ընթացքում, ապա պետք է որ հիասթափված լինեն Քլինթոնից: Ու սա առաջին անգամ չէ:

ԱրմենիաՆաուի էջերում