Վերլուծություն. Ադրբեջանի նավթային գործոնը աշխարհաքաղաքականությունում

Վերլուծություն. Ադրբեջանի նավթային գործոնը աշխարհաքաղաքականությունում

Ֆոտոլուր

Ադրբեջանը շարունակում է նավթն օգտագործել որպես քաղաքական լծակ:

Հուլիսի 6-ին աշխատանքային այցով Ադրբեջան էր ժամանել բրիտանական նավթային ընկերության` «Բրիթիշ փետրոլիումի» (ԲՓ) նախագահ Թոնի Հեյվորդը և նույն օրը Ադրբեջանի Հանրապետութան պետական նավթային ընկերության (ԱՀՊՆԸ) ներկայացուցիչները հայտարարեցին Ռուսաստան գազի մատակարարման քանակի ավելացման մտադրության մասին: ԱՀՊՆԸ-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը լրագրողներին ասաց, որ Բաքուն առաջարկել է «Գազպրոմ» ԲԲԸ -ին 2011 թ. 1-2 մլրդ խորանարդ մետրով ավելացնել մատակարարումը:

Վերլուծաբանները քննարկում են` արդյոք այս որոշման ներքո քաղաքական ենթատեքստ կա՞, թե՞ դա կապված է Մեքսիկական ծոցում «Բրիթիշ փետրոլիումի» նավթահորի վթարի հետ: Բանն այն է, որ նավթի շարունակվող արտահոսքի և մաքրման աշխատանքների պատճառով հսկայական կորուստներ կրած «Բրիթիշ փետրոլիում» ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է աշխարհում իր ակտիվների մի մասը վաճառել, որպեսզի փոխհատուցի վնասները: Սակայն այցի վերջում ԲՓ-ի նախագահը հայտարարեց, որ չի պատրաստվում վաճառել Ադրբեջանի իր ակտիվները:

Այսօր ԲՓ-ը հանդիսանում է Ադրբեջանում երեք խոշոր էներգետիկ նախագծերի օպերատոր. նավթի հանքավայր` «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» (ավելի քան 34%), գազի հանքավայր` «Շահդենիզ» (25,5%) և «Բաքու-Ջեյհան» գազատար (30%-ից մի փոքր ավելի): Ադրբեջանում ընկերության ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ դոլար:

Գործընթացի քաղաքական շարժառիթն ավելի հավանական է թվում: Ինչպես գրում են թուրքական թերթերը, Հարավային Կովկասի տարածաշրջան կատարած այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունները հույսեր չթողեցին Ադրբեջանին, որ ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի Բաքվի սցենարով: Հնարավոր է, որ Ռուսաստանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին խոստացել է ավելին, քան Քլինթոնը, և նա որոշել է վերջնականապես դեմքով շրջվել դեպի Մոսկվա:

Այդուհանդերձ, ինչ-որ բան փոխվել է: «Գազպրոմի» ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են Ադրբեջանի արտադրած ողջ գազը գնել եվրոպական գներով: Սակայն ադրբեջանական կողմը ռուս գործընկերներին առաջարկել է ընդամենը 500 մլն, այնուհետև 1 մլրդ խորանարդ մետր գազ: Նշենք, որ Ադրբեջանից գազի հիմնական հոսքը ներկայումս գնում է Թուրքիա` Վրաստանի տարանցիկ ճանապարհով` Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարով (ԵՄ-ի և ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Նաբուկո նախագծի բաղկացուցիչ մաս է կազմում):

Ինչպես հաստատում է ՌԴ փոխվարչապետ Իգոր Սեչինը, չի բացառվում, որ ԲՓ-ի նախագահը Բաքու է եկել, քանի որ պատրաստվում է թողնել իր պաշտոնը և եկել է ընկերության նոր ղեկավարին ներկայացնելու (ԲՓ-ի մամուլի ծառայությունը հերքել է այս լուրը:)

«Գազպրոմ» ԲԲԸ նախագահ Ալեքսեյ Միլերը հայտարարել է, որ իր գլխավորած ընկերությունը որոշակի հետաքրքրություն ունի Ադրբեջանում ԲՓ-ի նախագծերի վերաբերյալ, մասնավորապես, պատրաստ է ցանկացած ժամանակ քննարկել Ադրբեջանի «Շահդենիզ» հանքավայրի շահագործման նախագծում հնարավոր մասնակցությունը:

Ադրբեջանի գազի և նավթի աղբյուրների կարևորությունը Արևմուտքի համար ակնհայտորեն նվազում է: Համենայնդեպս, Իլհամ Ալիևին ուղղված իր նամակում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանի դերը ԱՄՆ-ի համար բնորոշել է որպես տրանսպորտային միջանցք, այլ ոչ թե որպես հումքի կարևոր մատակարար: Թե ինչպես կանդրադառնան նավթային ոլորտում փոփոխությունները աշխարհաքաղաքականության վրա, ցույց կտա ժամանակը:
ԱրմենիաՆաուի էջերում